loader
Ոչ ոք իրավունք չունի մարդուն զրպարտելու և գետնով տալու նրա` տարիների ընթացքում ձեռք բերված անունն ու պատիվը. Ավշարի դպրոցի տնօրեն

Ոչ ոք իրավունք չունի մարդուն զրպարտելու և գետնով տալու նրա` տարիների ընթացքում ձեռք բերված անունն ու պատիվը. Ավշարի դպրոցի տնօրեն

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում վերջին օրերին լարված իրավիճակ է: Դպրոցի ուսուսցիչները գործադուլ են հայտարարել, աշակերտներն էլ՝ դասադուլ: Նրանք պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը: Վերջինս Facebook-ի իր էջում անդրադարձել է դպրոցում տեղի ունեցող իրավիճակին: Տնօրենի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց խմբագրման:

«Արդարություն գաղափարը նույնքան հին է, որքան մարդկությունը... Այլևս անհնար է լռել և զրպարտանքները ճշմարտության տեղ ներկայացնել.... Ես Հերմինե Անդրեասյանն եմ, ով մարտի 1-ին ընտրվել է Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն` 7 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: Չի եղել ոչ մի ուղղորդում. թող ինչ-որ մեկն ասի, որ իրեն ստիպել են: Ամոթ է... Ինձ դպրոցում դիմավորել են շատ վատ. ես նրանց նման այնքան չեմ ընկնի, որ խոսեմ սուտ և կառչեմ չեղած փրփուրներից, պարզապես կպատմեմ նրանց կողմից կատարված քայլերի հաջորդականության մասին:

Ռեգինա Սիմոնյանը, ով չակերտավոր ասված, չի էլ երազում տնօրենի պաշտոնի մասին` դպրոց մտնելու առաջին իսկ վայրկյանից ինձ ներկայացրել է իր ծննդյան օրվա առթիվ կոլեկտիվի կողմից արված անակնկալը և հենց դրանից հետո ստացել իմ կողմից շնորհավորանք: Հյուսված զավեշտալի ստերից մեկն այն էր, թե ես նրան չեմ շնորհավորել: Մի պահ պատկերացրեք և վերլուծեք ... Հատկապես այն մարդիկ, ովքեր առանց ճանաչելու վիրավորել են իմ անձը`հաշվի առնելով ուսուցիչների խմբակային կարծիքները: Ա՜խր այդ ուսուցիչները, որ այսօր ոտքի են կանգնել, նրանք անգամ ինձանից վատ վերաբերմունք կամ պահվածք չեն տեսել: Ինձ այդ պաշտոնը շատերի նման չի ուրախացնում, բայց ես դրան հասել եմ արդար ճանապարհով: Մտել ենք ուսուցչանոց, ինձ ներկայացնելուց հետո հնչեցին կիսատ ծափահարությունները, հյուսվեց մյուս սուտը, թե ես չեմ բարևել և չեմ տիրապետում մանկավարժական էթիկայի կանոններին. շնորհակալություն եմ հայտնում , որ դուք տիրապետում եք:

Մեկընդմիշտ հիշեք, որ ոչ ոք իրավունք չունի մարդուն զրպարտելու և գետնով տալու նրա` տարիների ընթացքում ձեռք բերված անունն ու պատիվը: «Հարգարժան» Ռեգինան ինձ ծափահարությունների արժանացրեց մի խումբ ծնողների ներկայությամբ՝ ասելով՝ եկեք բուռն ծափահարենք մեր նորանշանակ տնօրենին. լավ չենք ծափահարել: Հարց եմ տալիս. ո՞վ է նրան այդպիսի իրավունք տվել: Նա հանդիսանում է դպրոցի կազմակերպիչ և տնօրենի տեղակալ, կրթում է սերունդներ` ոտնահարելով երեխայի՝ այդ անմեղ էակի, անհատականությունը: Բղավում են` ավելիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի բարձր երեխաներ, տեսանյութում ժպտում են, ջարդում տնօրենի սենյակի պատուհանները`ամեն կերպ համոզելով համայնքին, որ ես վատն եմ, որ անկիրթ եմ և այսօր երեխան տնօրենի անփորձությունից է խոսում` առանց նրան ճանաչելու: Ստի աստիճաններ կան. ասում են, որ հավատում են միայն լկտի ձևով ասված ստին, օրինակ, որ ես երեխաներին ասել եմ, թե եթե ունեք չսիրված ուսուցիչներ, ասեք կազատեմ աշխատանքից. այդ մասին ասաց «մեծարգո» Կարինե Փամբուկյանը` Երկիր-մեդիա հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ:

Թող գան այդ աշակերտները, կանգնեն իմ առջև և կրկնեն այդ տողերը: Բառեր չեմ գտնում զարմանքս արտահայտելու հարգելի ծնողներ և աշակերտներ: Ով ինչ աներ, գոնե դուք պետք է ունենայիք ձեր կարծիքն ու գործողության հիմքերը: Եթե չգիտեք, տնօրենի լիազորություններից է դպրոցի գործունեության վերահսկումը: Եթե դասապրոցեսի ժամանակ աշակերտը դրսում է և ավելին տուն է գնում ու ես հարցնում եմ` ո՞վ է դասղեկդ, դա չի նշանակում, որ ես դրա իրավունքը չունեմ կամ պետք է երեխայի հետ հարց լուծեմ , ես դա պետք է քննարկեմ դասղեկի հետ: Իսկ հիմա անցնենք գլխավոր՝ աղմկահարույց, հարցին: Կանչել եմ ուսմասվարին և հարցրել, ինչպե՞ս կընդունի այն փաստը, որ ես նրան ինձ տեղակալ չվերանշանակեմ և կատարեմ պաշտոնափոխություն, նա ասել է, որ որևիցե խնդիր չի տեսնում՝ կարևորը ժամերը չկորցնի: Շատ սիրալիր ասել եմ, որ նման բան չի լինի. ես նրան կապահովեմ ժամերով և ավելին` սեպտեմբերից ավելի լավ կլինի: Նույնիսկ այդ օրը, երբ դեռ ոչ մի պաշտոնական որոշում չէր կայացվել, տանից զանգահարել եմ նրան ու ասել, որ առավոտյան մոտենա ինձ: Մինչև կմտներ ինձ մոտ` անհարգալից ձևով ուսուցիչներից ոմանք բղավել են նրա հետևից, թե չգնաս ժամերով մնաս այնտեղ: Ահա հարգանքը նրա նկատմամբ: Խոսեցինք և ես շատ ջերմ ասացի՝ դուք մայրիկիս տարիքին եք, ես չեմ ուզում ձեզ ցավեցնել, կաշխատենք միասին ու կճանաչենք միմյանց, այդ վայրկյանից արդեն դրսում լսվում էր երեխաների ձայնը` հեռացեեեեեեեեեեեեեք... Ուսմասվարը դուրս եկավ, որպեսզի հանդարտեցնի նրանց, բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանք ուսմասվարի գործոնը ընդամենը գործիք պետք է ներկայացնեին հանրությանը, որի մասին ծնողներին գունագեղ ներկայացվել էր և նրանք արդեն իսկ հասցրել էին տնօրենի հանդեպ հակակրանք ձեռք բերել: Իսկ այն արտահայտությանը, որ նրա վրա տնօրենի «շնորհք» չկար, կցանկանայի, որ այդ շնորհքից ունենային բոլոր այն մարդիկ, ովքեր Փամբուկյանին և Սիմոնյանին ասել էին, որ համայնքը պատրաստ է նրա հինգ տարվա աշխատավարձը տալ, միայն նա հեռանա իրենց «համայնքից» (Երկիր-մեդիա)…

Գիտեք հարգելիներս իմ առողջությունից վեր ոչինչ չկա ինձ համար, բայց անունս՝ էլ ավելի կարևոր է: Ի՞նչ վերաբերվում է աշխատավարձի պոչին. դա նույնպես շատ գունեղ է ներկայացված: Ինչո՞ւ Սիմոնյանն ամբողջությամբ չի պատմում…... Մի խոսքով հարգելիներս կարծես թե բառ առ բառ բացատրություն եմ տալիս մի բանի համար, որում արդարանալու կարիք էլ չունեմ, բայց սա բոլոր այն անմեղ մարդկանց համար է, ովքեր հիմք են ընդունել իմ հասցեին հնչած բարբաջանքները: Գիտեք ինչ վատառողջ էի, ցանկություն չունեի լսելու զրպարտանքներ, բայց շնորհակալ եմ ընկեր Մարտիրոսյանից, որ բացի մի երկու խոսքից, էլ ոչինչ չասեց իմ մասին վատը, որովհետև նա քաջ գիտակցում էր, որ սա աթոռակռիվ է և ցանկություն՝ այն երեք մասի բաժանելու (Ինչու՞ պետք է ԱՐՏԱՇԱՏՑԻՆ Ավշարի միջնակարգ դպրոցում տնօրեն լինի) :

Զարմացած եմ նաև գործավարի «տաղանդի» վրա. ի՞նչ է նշանակում դուռը բացել և դիտավորյալ ներս հրավիրել բոլորին` առանց հարցնելու: Չնայած ինձ Փամբուկյանն սպառնացել էր, որ ինձ հեռուստաընկեությունների և լրատվականների աստղ է դարձնելու: «Մանկավարժական էթիկայի կանոններին տիրապետող այդ մանկավարժին» չհաջողվեց դա անել, քանի որ նա այդ ձևով ոտքի հանեց մարդկանց այնպիսի հզոր բանակ, որ աստված պարգևել է ինձ: Կարող էի ես էլ հասնել հեռուստաընկերություն ու արդարանալ մի բանի համար, որում մեղավոր չեմ, բայց չարեցի: Սա գրում եմ միայն այն ծնողների համար, ովքեր կվերլուծեն ու կհասկանան , թե իրականում ինչ է կատարվել: Նորից եմ կրկնում` ոչ ոք իրավունք չունի չլինելով գրագետ, մարդուն դարձնել անգրագետ: Ամոթալի է շատ...

Հարգանքներով` Հերմինե Անդրեասյան»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս