loader
Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում այլևս չլինի միահեծան ու անվերահսկելի գործադիր իշխանություն. Կարպիս Փաշոյան

Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում այլևս չլինի միահեծան ու անվերահսկելի գործադիր իշխանություն. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Առաջարկում եմ մի կողմ թողնել պարգևատրումների արդեն իսկ անլրջացած թեման ու անցնել շատ ավելի լուրջ թեմայի քննարկմանը: Խոսքը ոստիկանության ու ԱԱԾ-ի կարգավիճակների փոփոխության մասին է:

Ի դեպ, չափազանց լուրջ այս հիմնախնդիրն էլ ուղղակիորեն հայտնվել է անլրջանալու սպառնալիքի առջև:

Տպավորությունն այս հիմնավորվում է ԱԺ-ից հնչող անհիմն տեսակետներով: Ճիշտ է՝ «Իմ քայլը» խմբակցությունում հարցը դեռևս չի քննարկվել, բայց ճեպազրույցի ընթացքում Լիլիթ Մակունցի արտահայտած միտքը մտահոգության ու անհանգստության առիթներ է տվել: Մասնավորապես, խմբակցության ղեկավարը նշել է. «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձևաչափերի փոփոխության արդյունքում չպետք է վերածվեն նախարարությունների, այսինքն՝ չպետք է քաղաքականացվեն»:

Ի՞նչ է նշանակում քաղաքականացվել: Ո՞վ է ասել, թե կարգավիճակի փոփոխությունից հետո կառույցները պետք է անպայման քաղաքականացվեն: Ո՞րն է այս պնդման աղբյուրը: Ես չեմ ուզում անընդհատ կենտրոնանալ տիկին Մակունցի մտքերի վրա ու ինչ-որ կերպ նեղացնել նրան: Բայց պետք չի էլի Պիոներ պալատի փոխտնօրենի մակարդակի հայտարարություններ անել: Խոսքն, ի վերջո, պետական կառավարման համակարգի մասին է:

Այդ նույն տրամաբանությամբ բանակն էլ է քաղաքականացված, չէ՞ որ այդ կառույցը նախարարության կարգավիճակ ունի, իսկ բանակի հրամանատարն էլ նախարար է, որն էլ իր հերթին քաղաքական պաշտոն է: Այսինքն՝ ՊՆ-ն հաշվետու է ոչ միայն վարչապետին, այլ նաև ամբողջ կառավարությանն ու խորհրդարանին:

Հիմա այստեղ խնդիրը ո՞րն է: Պարզ չէ՞, որ պնդումն ինքնին հիմնազուրկ է:

Կարգավիճակի փոփոխությունն ու կառույցի քաղաքականացումը տարբեր բաներ են: Եթե իշխանությունն իր առջև ԱԱԾ-ի քաղաքականացման խնդիր դնի, ապա դա հնարավոր է անել նաև առանց կարգավիճակի փոփոխության:

Բացի այդ, քաղաքականացվելն ու քաղաքական ինստիտուտներին հաշվետու լինելն էլ տարբեր հասկացություններ են: Եթե ԱԱԾ-ն ներքաշվի քաղաքական զարգացումների հորձանուտի մեջ և ինչ-որ կերպ փորձի ներազդել տարատեսակ քաղաքական գործընթացների վրա, ապա դա կլինի անթույլատրելի քաղաքականացում: Բայց խոսքը սրա մասին չէ:

Խնդիր է պարզ է: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանում այլևս չլինի միահեծան ու անվերահսկելի գործադիր իշխանություն՝ ամենակարող նախագահի կամ էլ սուպեր վարչապետի տնօրինության ներքո:

Իշխանության տարբեր մարմինների միջև պետք է տեղի ունենա լիազորությունների հավասար ու ըստ անհրաժեշտության բաշխում: Գործադիր ու օրենսդիր իշխանությունները միայն այս ճանապարհով կարող են հայտնվել բնական հավասարակշռության ու փոխգործակցության տիրույթում: Սրանով կնվազեցվի նաև դրանց սերտաճման հավանականությունը, քանի որ լուրջ լիազորություններով պառլամենտը այլևս չի կարող խամաճիկի կարգավիճակ ստանալ:

Մյուս մտահոգությունը կապված է իրավապահ մարմինների՝ ԱԱԾ-ի ու ոստիկանության արդյունավետ կառավարման հիմնախնդրի հետ: Այս պարագայում նույնպես գործ ունենք մի մեծ թյուրիմացության ու նույնիսկ շփոթության հետ: Պառլամենտին հաշվետու դառնալը դեռ չի նշանակում կառավարվել պառլամենտի կողմից: Մի՞թե բանակը կառավարվում է ԱԺ-ի կողմից, իհարկե՝ ոչ, այն ուղղաիորեն ենթարկվում է գերագույն հրամանատարին՝ վարչապետին:

Նույն խնդիրը ձևակերպվելու է նաև իրավապահ կառույցների պարագայում: ԱԱԾ տնօրենը նորից ուղղակիորեն ենթարկվելու է վարչապետին, բայց հաշվետու է լինելու նաև պառլամենտին: Այսինքն՝ կառավարման խառնաշփոթի մասին խոսք լինել անգամ չի կարող, չի կարելի այդպիսի անհիմն պնդումներ անել:

Տեսեք, մենք անընդհատ վերամբարձ ճառեր ենք կարդում, իբրև թե պետք է բարձրացնենք պառլամետի դերը՝ պառլամենտարիզմի սկզբունքների հիման վրա: Իսկ ինչպե՞ս ենք բարձրացնելու, եթե ԱԺ-ին զերծ ենք պահում ամենակարևոր հարցերը քննարկելու հնարավորությունից: Այո՛, ներքին ու արտաքին անվտանգության հարցերը ամենակարևորներից են: Թե առաջվա պես կարծում ենք, թե ԱԺ-ին պետք է թողնենք միայն երկրորդական հարցերը, իբրև թե կնոպկա սեղմողներին դա էլ է շատ:

Մենք խոսում ենք նաև սուպերվարչապետության ավտորիտար կարգավիճակի չեզոքացման անհրաժեշտության մասին: Բայց մի՞թե հնարավոր է ձերբազատվել արատավոր այդ պրակտիկայից, երբ ամենակարևոր ինստիտուտների միահեծան վերահսկողությունը թողնում ենք մեկ մարդու ձեռքում: Այդպես չի լինում:

Եթե ուզում եք, ապա հենց այդ կարգավիճակով քաղաքականացման վտանգը շատ ավելի մեծ է, քան՝ նախարարության ձևաչափով: Ենթադրենք Փաշինյանը պարկեշտ անհատականություն է ու հրաժարվում է իրավապահներին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, բայց պետական արդյունավետ կառավարումը չի կարող երաշխավորվել միայն անհատի պարկեշտությամբ ու խոհեմությամբ: Դա պետք է երաշխավորվի միայն օրենքով ու համապատասխան ինստիտուտների ներգործությամբ, քանի որ հաջորդ վարչապետը կարող է և պարկեշտ չլինել կամ էլ չկարողանա դիմակայել այդ ամենակարող կառույցների ծառայություններից օգտվելու գայթակղությանը:

Իսկ եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն նաև պառլամենտին, ապա վարչապետը ոչ միայն պարկեշտությունից դրդված չի կարող շեղել դրանց իրենց բուն գործառույթներից, այլ նաև խորհրդարանի ճնշող ներկայությունը կչեզոքացնի բոլոր այդպիսի գայթակղությունների հնարավորությունները:

Հայաստանը Խորհրդարանական Հանրապետություն է: Պետական բոլոր ինստիտուտներն ու համակարգերը պետք է հաշվետու լինեն բարձրագույն օրենսդիր իշխանությանը: Քաղաքացու ընտրած պատգամավորը պետք է կարողանա հարց տալ իրավապահ կառույցի ղեկավարին ու այդ հարցը պետք է լինի քաղաքացու շահերի ու հետաքրքրությունների շրջանակում: Այսինքն՝ այսպիսով իրավապահները ուղղակիորեն հաշվետու են դառնում նաև հանրությանը:

Թերևս, ամենակարևոր հարցը վերաբերում է պետական գաղտնիքի պահպանման հիմնախնդրին: Ինձ թվում է՝ այս պարագայում նույնպես ընդդիմախոսները գույները խտացնում են: Ոչ ոք չի ակնկալում, որ ԱԱԾ տնօրենը պետք է գա ու խորհրդարանում հետախուզության ու հակահետախուզության վերաբերյալ ելույթներ ունենա: Պետք չի անլրջացնել խնդիրը: Խոսքը պարզ ինստիտուցիոնալ հաշվետվության մասին է, որը չի առնչվում ո՛չ հետախուզության, ո՛չ հակահետախուզության հետ:

Իսկ եթե պատգամավորները ինչ-որ գաղտնի տեղեկատվության տիրապետեն, ապա նրանց ուղղակի պարտականությունն է պահել ու պահպանել պետական գաղտնիքը, հակառակ պարագայում պետք է զրկվեն մանդատից ու պատասխանատվության կանչվեն:

Առայժմ այսքանը այս թեմայի մասին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս