loader
Սամվել Կարաբեկյան․ Անհարմար բան ստացվեց

Սամվել Կարաբեկյան․ Անհարմար բան ստացվեց

Բարձրագույն կրթության մասին օրինագծի վերջին՝ ԱԺ ներկայացված տարբերակի 6-րդ հոդվածի 4-րդ մասում, ի զարմանս ինձ, հայտնաբերեցի, որ ԵՊՀ-ն առանձնացվում է բարձրագույն կրթության համակարգից, ընդ որում դա այն դրույթն է, որը չի եղել օրինագծի նախորդ որևէ տարբերակում՝

«Երևանի պետական համալսարանը կրթական, գիտահետազոտական և մշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի և ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ընդգծումն իմն է) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

Փորձեցի հասկանալ, թե ինչպես նման կետ, որն ուղղակիորեն խախտում է բուհերի իրավահավասարության, մրցակցության դրույթները, կարող էր հայտնվել օրինագծի այս վերջին տարբերակում։ Շատ ջանք չպահանջվեց, պետք է նկատեմ։ Օրինագծի բոլոր նախորդ, ինչպես և ներկա տարբերակներում 18-րդ հոդվածի 7-րդ մասով ուղղակիորեն սահմանվում է, որ «կառավարման խորհրդի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և մարզպետները»:

Սա ամիսներ շարունակ ներկայացվում էր որպես բուհերը քաղաքական ազդեցությունից զերծ պահելու վճռականություն։ Բայց ահա նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստի ընթացքում խորհրդի նախագահը, պատասխանելով անդամներից մեկի հարցին, հայտարարեց. «Սիրելի՛ համալսարանականներ, ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ (ընդգծումն իմն է)՝ ես չեմ հրաժարվելու Մայր բուհում և Շախմատի ֆեդերացիայում ստանձնած պաշտոններից»։

Անհարմար բան ստացվեց, ինչպես ասում են, և այդ նույն օրը (!!!), արդարադատության նախարարությունը (25.12.2017 թ., հմ. 01/14/23286-17) առաջարկ ներկայացրեց ԵՊՀ կառավարման առանձնահատկությունները սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (!!!)։ Ուղերձն անմիջապես տեղ հասավ։

Հ.Գ. Երևանի պետական համալսարանը իմ հարազատ հաստատությունն է, կյանքիս 43 տարիների հիմնական միջավայրը։ Ես համոզված եմ, որ այն ունի բավարար ներուժ ապացուցելու առաջատարի իր դիրքը և կարիք չունի որևէ հովանավորչության։ Սակայն այստեղ, ինչպես տեսաք, բոլորովին այլ պատմություն է...

Սամվել Կարաբեկյանի ֆեյսբուքյան էջից։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս