loader
«Ազատ խոսք». Թող այս անգամ էլ օլիգարխները համակերպվեն

«Ազատ խոսք». Թող այս անգամ էլ օլիգարխները համակերպվեն

 

«Հայաստան-24»-ի  եթերում այսօր կխոսենք առաջիկայում սպասվող անխուսափելի գնաճի և դրա պատճառների մասին:

Սկսենք նրանից, որ Հայաստանի Կենտրոնական բանկը պաշտոնապես կանխատեսում է էական գնաճ: Ընդ որում՝ ԿԲ-ն նաև պատճառներն է նշում: Օրինակ՝ նշում է, որ պատճառներից մեկը գնաճային սպասումների աճն է, որին նպաստում է որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը: Այսինքն՝ լրատվամիջոցներն են մեղավոր: Ապրանքները թանկանում են, լրատվամիջոցները այդ մասին գրում են, դրա համար էլ ապրանքները շարունակում են թանկանալ: Այ, եթե լրատվամիջոցները գրեին, որ ապրանքները էժանանալու են, ամեն ինչ անմիջապես կէժանանար: Կարելի է կարծել, թե, ասենք, «Երևան-սիթիի» մենեջերներրը ամեն առավոտ թերթ են կարդում և ըստ դրաա էլ փոխում ապրանքների գները: Բայց ԿԲ-ն բարեբախտաբար գնաճի ուրիշ պատճառներ էլ է նշում: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներ: Էլի շնորհակալ ենք, փաստորեն՝ միայն լրատվամիջոցները չեն մեղավոր:

Հիմա անդրադառնանք ԵԱՏՄ-ին: Այո, հունվարի 1-ից մոտ 800 անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրանալու են: Երբ 4 տարի առաջ Հայաստանն անդամակցեց Մաքսային միությանը, չգիտեի՞նք, որ այդպես է լինելու: Իհարկե գիտեինք: Բայց գերադասում էինք ցնծությամբ խոսել 180 միլիոնանոց շուկայի առավելությունների մասին: Վերցնենք թեկուզ Վրաստանի ներմուծվող ցիտրուսների հետ կապված հարցը: Առաջ կարելի էր առանց փաստաթղթերի բերել մինչև 50 կիլոգրամ, իսկ հիմա՝ 5 կիլոգրամից ավելի դեպքում բուսասանիտարական տեղեկանք է պահանջվում: Մարդիկ, բնականաբար, ահավոր դժգոհ են, և այդ դժգոհությունն արդարացված է: Բայց դրա ԵԱՏՄ-ի պահանջն է: Այսինքն՝ պետք է դժգոհել ոչ թե ինչ-որ կոնկրետ մաքսավորից, այլ բարձրագույն իշխանություններից, որ ԵԱՏՄ մտնելով՝ այդպիսի պրոբլեմներ են առաջացրել շարքային քաղաքացիների համար:

Կամ վերցնենք հարկային նոր օրենսգիրքը, որը քննարկվում է խորհրդարանում: Հարկային օրենսգրքի նպատակը ո՞րն է. որպեսզի բոլորը վճարեն հարկերը: Այսինքն՝ հարկային օրենսգիրքը տնտեսական փաստաթուղթ է, որը ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենակարևոր գործիքն է: Բնականաբար՝ ստվերային տնտեսության կրճատումը հանգեցնելու է գնաճի, որովհետև խոշոր գործարարները չեն ցանկանալու նվազեցնել իրենց շահույթները և թանկացնելու են իրենց ներկրած կամ արտադրած ապրանքները: Դա տեղի չի ունենա միայն մի դեպքում՝ եթե տնտեսական դաշտում նորմալ մրցակցություն լինի, այսինքն՝ մենաշնորհներ չլինեն, քվոտաներ չլինեն, և այլն: Բայց Հայաստանում մենաշնորհների առկայությունը տնտեսական խնդիր չէ, վաղուց քաղաքական խնդիր է: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենաշնորհներն ու քվոտաները սահմանվում են Բաղրամյան-26-ում:

Այսինքն՝ տեսեք, թե ինչ է ստացվում: Հայաստանում տնտեսական փաստաթղթեր են ընդունվում, որպեսզի բյուջեի եկամուտներն ավելանան, բայց միայն դա քիչ է: Պետք է նաև քաղաքական որոշումներ, որպեսզի բյուջեի եկամուտներն ավելանան ոչ թե շարքային քաղաքացիների, այլ խոշոր գործարարների գրպանի հաշվին: Քաղաքական որոշումներ չեն ընդունվում, դրա համար էլ արդյունքը մնում է գնաճը, այսինքն՝ բյուջեի եկամուտներն ավելանում են հենց շարքային քաղաքացիների հաշվին: Իսկ ի՞նչ է առաջարկում իշխող կուսակցությունը: Իշխող կուսակցությունն առաջարկում է համակերպվել: Երբևէ լսե՞լ եք, որ իշխող կուսակցության որևէ ներկայացուցիչ օլիգարխներին առաջարկի համակերպվել ավելի քիչ եկամուտներ ստանալու մտքի հետ: Հաստատ չեք լսել: Նրանք ժողովրդին են առաջարկում համակերպվել թանկացումների հետ:

Ցավոք, ոչ բոլորն են համակերպվում: Դրա համար էլ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, արդեն ոչ այնքան արտագաղթ է հիշեցնում, որքան՝ էվակուացիա:

Արմեն Բաղդասարյան

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս