loader

«Ազատ խոսք». Օրե՞նք, թե մի քանի կոպեկի տարբերություն

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Երևանի սուպերմարկետներում բացահայտված կոռուպցիոն սխեմաների և այդ բացահայտումների հնարավոր հետևանքների մասին:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն առայժմ կոնկրետ թվեր է հրապարակել միայն «Երևան Սիթի» սուպերմարկետների վերաբերյալ, բայց ՊԵԿ ղեկավարությունը նախազգուշացրել է նաև՝ մյուս սուպերմարկետների սեփականատերերին: Բանից պարզվում է՝ տարիներ շարունակ իշխանությունների և սուպերմարկետների սեփականատերերի միջև պայմանավորվածություն է գործել, ըստ որի գյուղատնտեսական մթերքների իրացումը կատարվել է անհատ ձեռներեցների անունով, որպեսզի 20 տոկոս հարկի փոխարեն ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ վճարեն, ու իբր նպատակը եղել է այն, որ գյուղմթերքը շատ թանկ չլինի, և գյուղացիներն ու սպառողները չտուժեն: Արդյունքում՝ միայն «Երևան Սիթի» ցանցում խախտումների ծավալը կազմել է մոտ 40 միլիարդ դրամ:
Ու հիմա ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք այս բացահայտումներն ու ապօրինի պայմանավորվածությունները չեղարկելը չեն ազդի գյուղմթերքի գների վրա և լուրջ թանկացումներ այնուամենայնիվ կլինեն ու ենթատեքստում այն հարցն է, թե արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ թեկուզ ապօրինի պայմանավորվածությունները պահպանվեին, բայց գյուղմթերքը չթանկանար: Պետեկամուտների կոմիտեի դիրքորոշումը հստակ է. թանկացումներն իրենց չեն հետաքրքրում:

Այս դիրքորոշումը շատերին կարող է դուր չգալ, բայց փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Սկսենք նրանից, որ կոնկրետ «Երևան Սիթի» ցանցում ներդրված այս մեխանիզմը գյուղացիների հետ առանձնապես կապ չունի: Սկզբնական շրջանում գուցեև կապ ունեցել է, բայց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հետագայում այդ սուպերմարկետների սեփականատերն ինքն է սկսել գյուղմթերքներ արտադրել, այդ թվում՝ նաև միս և մսամթերք: Այսինքն՝ գյուղացիների շահերը պաշտպանելը ընդամենը պատրվակ է եղել: Նախկին իշխանությունները միամտաբար են խաբվել, թե՝ միտումնավոր, այլ հարց է, բայց նոր իշխանությունները շատ հստակ հայտարարեցին, որ որևէ մեկին չի հաջողվելու պետությանը խաբել: 

Հիմա անդրադառնանք հնարավոր թանկացումներին: Իրականում պրոբլեմն այն չէ, որ ապրանքները թանկանում են, պրոբլեմն այն է, որ մարդկանց եկամուտները համապատասխան չափով չեն ավելանում: Օրինակ՝ Շվեյցարիայում կամ որևէ այլ եվրոպական երկրում սննդամթերքը շատ ավելի թանկ է, քան Հայաստանում, բայց մարդիկ չեն դժգոհում, որովհետև եկամուտներն էլ են բարձր: Հայաստանում էլ, եթե, ասենք, սննդամթերքը թանկանա 20 տոկոսով, բայց աշխատավարձերն ու թոշակները նույնպես բարձրանան 20 տոկոսով, դժգոհություններ չեն լինի:

Բայց որտեղի՞ց պիտի ավելանան աշխատավարձերն ու թոշակը, եթե ահա այսպիսի մեխանիզմներով բյուջե մտնելիք գումարները պակասում են: Լուծումը շատ հստակ է: Պիտի բոլորը գործեն օրենքի դաշտում և վճարեն հարկերը, ու եթե անգամ դրա արդյունքում թանկացումներ լինեն՝ բյուջե մտած հավելյալ գումարները հնարավորություն կտան փոխհատուցել այդ թանկացումները (աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու միջոցով):
Հակառակ դեպքում ստվերային պայմանավորվածությունների դեպքում, ինչ-որ ապրանքներ իբր մի քանի դրամով ավելի էժան կլինեն, բայց փոխարենը՝ բյուջե մտնելիք միլիարդները կհայտնվեն օլիգարխների գրպաններում: Ինչը և տարիներ շարունակ տեսել ենք:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս