loader

«Ազատ խոսք». Դաշնակցությունն արդեն հաջորդ կոալիցիայի մասին է մտածում

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի հերթական ընդլայնված նիստի մասին:

Նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեության մասին: Այն մասին, թե ինչպես է երկիրն ընթանում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, թե ինչ աննախադեպ բարեփոխումներ են իրականացվում ամենատարբեր ոլորտներում, որոնք են հետագա զարգացման առաջնահերթությունները, և այլն: Մի խոսքով՝ խորհրդային տարիների նման, Կոմունիստական կուսակցության համագումարների ոգով:

Բայց հայտարարության մեջ քննադատական տարրեր նույնպես կային: Առանց դրանց չի կարելի: Նույնիսկ Կոմկուսի համագումարներում այդպիսի տարրեր անպայման լինում էին: Օրինակ՝ հայտարարության մեջ արձանագրված էր, որ բարեփոխումների նկատմամբ դեռևս հանրային անվստահություն կա, և դա պետք է հաղթահարել: Այլ կերպ ասած՝ իրենք շատ լավ աշխատում են, պլանները գերակատարում են, անշեղորեն կենսագործում են, բայց հասարակությունը, չգիտես ինչու, իրենց չի վստահում: Երևի դրա համար էլ որոշել են ապրիլից հետո կառավարության նիստերը դռնփակ անցկացնել: Որպեսզի իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը բարձրանա: Փակ դռները միշտ էլ ավելի ուժեղ տպավորություն են թողնում:

Ինչևէ: Եթե հայտարարության պաթոսային-վերամբարձ հատվածը հանենք (որտեղ, պատկերավոր ասած, խոսվում է այն մասին, թե ինչպես պիտի հասնել և անցնել Ամերիկային), ամենաանսպասելին թերևս այն էր, որ Դաշնակցությունն առաջարկում է կամ իր առջև խնդիր է դնում վերանայել գործող ընտրական օրենսգիրքը և տարածքային ռեյտինգային ընտրակարգը: Ակնհայտ է, որ Դաշնակցության կոալիցիոն գործընկերներին սա դուր չի գա, որովհետև ՀՀԿ-ն խորհրդարանում կայուն մեծամասնություն է ձեռք բերել հենց ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ: Հենց ռեյտինգային թեկնածուներն են հաճախ անօրինական միջոցներով ՀՀԿ-ի համար ձայներ բերել, և ռեյտինգային ընտրակարգը հենց այդ նպատակով էլ հորինվել էր: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Դաշնակցությունը դեմ է այդ ընտրակարգին, պիտի դեմ լինի նաև այդ ընտրակարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնությանը: Բայց Դաշնակցությունն, ինչպես հայտնի է, դեմ լինելու փոխարեն այդ մեծամասնության հետ կոալիցիա կազմեց ու մինչև հիմա համագործակցում է: Ուրեմն ո՞րն է այս դիրքորոշման պատճառը:

Ռեյտինգային ընտրակարգն, իհարկե,շատ վատ բան է և լիովին խեղաթյուրում է ընտրական գործընթացը: Այսինքն՝ Դաշնակցության նախաձեռնությունն այսպես թե այնպես ողջունելի է: Այլ հարց է, որ Դաշնակցությունն այս հարցում իր շահերն ունի և ամենայն հավանականությամբ առաջնորդվում է հենց կուսակցական շահերով:

Բանն այն է, որ Դաշնակցությունն այսօր իշխող կոալիցիայի անդամ է բացառապես ՀՀԿ-ի բարի կամքի շնորհիվ, որովհետև իրականում ՀՀԿ-ն խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն և Դաշնակցության կարիքը չունի: Իսկ հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն կարող է այդ բարի կամքը չունենալ և պարզապես հրաժեշտ տալ Դաշնակցությանը: Որպեսզի դա տեղի չունենա՝ պետք է վերացնել ռեյտինգային ընտրակարգը: Այդ ժամանակ ՀՀԿ-ն լավագույն դեպքում կարող է խորհրդարանում հարաբերական մեծամասնություն ունենալ և արդեն ստիպվա՛ծ կլինի կոալիցիա կազմել Դաշնակցության հետ: Հենց այս նպատակով էլ Դաշնակցությունը հանդես է գալիս ռեյտինգային ընտրակարգը վերանայելու առաջարկով: Որպեսզի նախապես ամրագրի իր տեղը նաև հաջորդ կոալիցիայի կազմում: Ու սա այն դեպքերից է, երբ Դաշնակցության և պետության շահերը համընկնում են:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս