loader

«Ազատ խոսք». Պրոբլեմը ոչ թե գնաճն է, այլ ժողովրդի գնողունակությունը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք թանկացումների դեմ քաղաքական պայքարի մասին:

Երեկ Երևանում տեղի ունեցավ թանկացումների դեմ «Ելք» դաշինքի կազմակերպած թվով երկրորդ բողոքի երթը, և երկրորդ անգամ անրձանագրվեց բավականին տաօրինակ իրավիճակ: Թանկացումներն ազդել են հայաստանցիների 99 տոկոսի վրա, Հայաստանի բնակչության 99 տոկոսը խիստ դժգոհ է թանկացումներից, բայց բողոքի երթին մասնակցում է առավելագույնը 2-3 հազար մարդ: Եվ դա, ի դեպ, առանձին պաշտոնյաների իրավունք է տալիս հեգնանքով խոսել բողոքի ցույցերի մասին, անգամ ցինիկ գնահատականներ հնչեցնել, և այլն: «Ելք» դաշինքն էլ իր հերթին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների օգնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում և առաջարկում է բենզինի, գազի ու դիզվառելիքի ակցիզային հարկը և եկամտահարկը վերադարձնել նախկին մակարդակին:

ԱԺ արտահերթ նիստ, իհարկե, կգումարվի, թեժ քննարկումներ կծավալվեն, բայց հազիվ թե դրանից ինչ-որ բան փոխվի: Պատճառը, կարծում ենք, սխալ հարցադրումներն են:

Բանն այն է, որ նախ, զուտ ձևականորեն, պետությունը գների վրա ազդելու իրավունք չունի: Գները իբր (զուտ ձևականորեն) ձևավորվում են շուկայական մեխանիզմներով: Երկրորդը՝ ցանկացած տնտեսագետ տեղը տեղին կհիմնավորի, որ գնաճը տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է: Չկա գնաճ՝ չկա զարգացում: Հետևաբար՝ խնդիրն այն չէ, որ ապրանքներն ու ծառայությունները թանկանում են, խնդիրն այն է, որ մարդկանց աշխատավարձերն ու թոշակները նույն չափով չեն ավելանում: Դրա համար էլ պետք չէ պայքարել թանկացումների դեմ, պետք է պայքարել հանուն նրա, որ եթե տարեկան գնաճը կազմել է, ասենք, 5 տոկոս, ուրեմն աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները նույնպես պիտի ավելանան առնվազն 5 տոկոսով: Եվ դա պիտի անպայման ամրագրվի օրենքով:

Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու է գնաճի չափը սահմանված օրենքով, և ամրագրված է, որ տարեկան գնաճը պիտի լինի 4 տոկոս՝ պլյուս-մինուս 1,5 տոկոս, իսկ աշխատավարձերի և թոշակների պարտադիր աճի մասին ոչ մի օրենք չկա: Հասկանալի է, չէ՞, թե ինչու են իշխանություներն այդքան կարևորում գնաճը: Որպեսզի բյուջեի մուտքերն ավելանան: Նորմալ է: Բայց պետք է անպայման օրենքով ամրագրվի, որ գնաճի արդյունքում բյուջե մտած հավելյալ գումարները պիտի ծախսվեն բացառապես աշխատավարձերի ու թոշակների բարձրացման վրա: Ավելին: Քանի որ պետությունն իբր իր առջև խնդիր է դրել բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը և նվազեցնել աղքատության տոկոսը, ուրեմն պիտի օրենքով ամրագրվի նաև, որ աշխատավարձերի և կենսաթոշակների տարեկան հավելաճը պիտի մեկ-երկու տոկոսային կետով գերազանցի գնաճի մակարդակը:

Հիմա պատկերացրեք, որ ԱԺ արտահերթ նիստում հենց այս հարցն է բարձրացվում:Որ գնաճին դեմ չենք, բայց աշխատավարձերն ու թոշակները պիտի համարժեք բարձրանան: Հետաքրքիր է՝ հանրապետականներն ու դաշնակցականներն ի՞նչ հիմնավորմամբ պիտի դեմ քվեարկեն: Առավել ևս, որ լրացուցիչ գումարներ տեղն էլ հայտնի է. թանկացումների արդյունքում բյուջե մտած հավելյալ գումարները:

Այ եթե այսպիսի օրենք ընդունվի, իշխանություններն արդեն իսկապես կպայքարեն գնաճի դեմ: Որովհետև ինչքան գները բարձրանան, այնքան իրենք ստիպված կլինեն բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Բացի այդ էլ՝ թանկացումների դեմ վերացական պայքարի համար փողոց է դուրս գալիս 2-3 հազար մարդ, իսկ աշխատավարձերի և թոշակների բարձրացման պահանջով կարող է փողոց դուրս գալ 200-300 հազար մարդ:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս