loader

«Ազատ խոսք». Կոալիցիոն սակարկությունները սկսված են

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք նոր կառավարության ձևավորումմից առաջ քաղաքական դաշտում ընթացող սակարկությունների մասին:

Մինչև ապրիլ քիչ ժամանակ է մնացել, և խորհրդարանը ստիպվածէ արագացված կարգով մի շարք օրենքներ ընդունել, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները սահուն կերպով փոխանցվեն հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանին: Այստեղ բազմաթիվ հարցեր կան: Պետք է ուժային կառույցները ենթարկվեն անձամբ վարչապետին, որոշում ընդունել, որ կառավարության նիստերը պիտի դռնփակ լինեն, պետք է սահմանել Անվտանգության խորհրդի կազմը, ներում շնորհելու իրավունքը նախագահից փոխանցել վարչապետին և այլն: Ու այս իրավիճակը շատ հարմար է, որպեսզի խորհրդարանում ներկայացված ուժերը օգտվեն առիթից և Սերժ Սարգսյանի հետ սակարկությունների մեջ մտնեն հաջորդ կոալիցիայում հայտնվելու կամ ավելի նպաստավոր դիրքեր ունենալու համար:

Ըստ էության նորմալ քաղաքական գործընթաց է: Աշխարհի շատ երկրներում ամեն ինչ հենց այսպես էլ տեղի է ունենում: Պարզապես Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին հենց այնպես պորտֆելներ բաժանելու սովորություն չունի:

Հայաստանի դեպքում պրոբլեմն այն է, որ Սերժ Սարգսյանը կոալիցիոն գործընկերների առջև իր անձնական ծրագրերը պաշտպանելու պահանջ է դնում, կոալիցիոն գործընկերներն էլ ձևացնում են, թե այդ պահանջը կատարում են հանուն պետության պայծառ ապագայի, և ոչ թե հանուն իրենց պաշտոնների: Իսկ երբ արդյունքում պետությունը ոչինչն չի շահում, ձևացնում են, թե իրենց համար դա շատ անսպասելի էր, իրենք բոլորովին այլ արդյունք էին ակնկալում:

Օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ, Դաշնակցությունը ողջունեց դա և այդ դիրքորոշումը բացատրեց նրանով, որ կառավարման խորհրդարանական համակարգը ավելի ժողովրդավարական է: Ու դարձավ իշխող կոալիցիայի անդամ, նախարարական պորտֆելներ ստացավ: Դաշնակցությունը գերադասեց ձևացնել, թե չի հասկանում, որ Սահմանադրությունը փոխվում է ընդամենը Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումն ապահովելու համար: Իսկ հիմա պարզվում է, որ սա ոչ թե խորհրդարանական համակարգ է, այլ սուպեր վարչապետական, և հաջորդ վարչապետը շատ ավելի լայն լիազորություններ է ունենալու, քան այսօրվա նախագահը:

Կամ՝ երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնում էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները,և իբր անցում էր կատարվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, Դաշնակցությունը նույն կերպ վարվեց: Ձևացրեց, թե չի հասկանում, որ ռեյտինգային ընտրակարգը նույն քողարկված մեծամասնականն է ու կողմ քվեարկեց: Որովհետև եթե դեմ քվեարկեր՝ կարող էր զրկվել պաշտոններից: Իսկ հիմա, երբ օրակարգում նույն կոալիցիայի ձևավորման հարցն է, այսինքն՝ էլի պորտֆելներ բաժանելու հարց կա, ասում են՝ գիտե՞ք, մենք այդպես չէինք պատկերացնում, ուրիշ ձևով էինք պատկերացնում, բերեք այդ ռեյտինգային ընտրակարգը մի թեթև փոխենք: Բայց՝ նաև չեն ցանկանում համագործակցել «Ծառուկյան դաշինքի» հետ, որն այդ նույն հարցն է բարձրացնում: Պատճառը, կարծում ենք, հասկանալի է:

Մի խոսքով՝ գործընթացները կարծես թե իսկապես ժողովրդավարական են: Պարզապես ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս