loader

«Ազատ խոսք». Գուցե թանկացումների փոխարեն թանկացնողների դե՞մ պայքարեինք

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք թանկացումների նոր ալիքի և դրա դեմ պայքարի հնարավոր մեխանիզմների մասին: Միանշանակ կարող ենք պնդել, որ ամանորյա տոնական սեղանների շուրջ խոսակցությունների հիմնական թեման հենց թանկացումներն էին: Որովհետև որոշ կարևորագույն ապրանքներ (օրինակ՝ բենզինը, գազը և այլն) թանկացել էին հենց հունվարի 1-ից:

Տոնական օրերն ավարտվեցին, և ահա «Ելք» դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ փողոց և պայքարել թանկացումների դեմ, որովհետև հիմա սոցիալական բունտի համար բոլոր նախադրյալները կան: Իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ փորձեց անդրադառնալ թանկացումների թեմային և իր կարողությունների չափով հակադարձել:

Եթե որևէ բան չհասկացաք՝ մի անհանգստացեք, նորմալ է: Հանրապետական պատգամավոր է, գիտի, որ նման դեպքերում պետք է բազմավանկ բառեր օգտագործել և օգտագործում է: Մոտավորապես «մեր պատասխանը Չեմբերլենին» ոճով: Բայց փորձենք հասկանալ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը:

Ի՞նչ է ասում «Ելք» դաշինքը: «Ելք» դաշինքն ասում է՝ բերեք թանկացումների դեմ պայքարենք, բայց մենք քիչ ենք, ընդամենը 9 պատգամավոր ունենք, դրա համար էլ ժողովուրդը պիտի դուրս գա փողոց: Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին հավատացել են Կարեն Կարապետյանին ու հիմա տեսնում են, որ նա իր խոստումները չի կատարել: Այսինքն՝ Հայաստանում ընդամենը երկու պրոբլեմ կա: Առաջինը՝ որ «Ելք» դաշինքը քիչ մանդատներ ունի, երկրորդը՝ որ Կարեն Կարապետյանը խաբել է: Էլ ուրիշ պրոբլեմներ չկան. Սերժ Սարգսյան չկա, ՀՀԿ չկա, օլիգարխներ չկան, այդ երկու պրոբլեմներն են:

Ձևակերպումն էլ է շատ ուշագրավ. պայքարել թանկացումների դեմ: Կարծես թե այդ թանկացումներն իրենք իրենց են տեղի ունենում, կարծես թե գնապիտակներն իրենք իրենց են փոխվում, կարծես թե բենզալցակայանների ու գազալցակայանների սեփականատերերը առավոտյան արթնանում ու զարմանքով նկատում են, որ լցակայաններում գազն ու բենզինը թանկացել են:

Իրականում պետք է պայքարել ոչ թե թանկացումների, այլ թանկացողների դեմ: Ընդ որում՝ դրանք շատ չեն, ընդամենը մի քանի հոգի են: Իսկ թանկացումները, ի դեպ, առանձնապես կապ չունեն օրենսդրական փոփոխությունների հետ: Տեսեք՝ բենզինի ակցիզը թանկացել է հունվարի 1-ից, բայց այդ թանկացումը բենզինի մանրածախ գների վրա պետք է ազդեր միայն մարտ-ապրիլից սկսած, որովհետև հիմա դեռ վաճառվում է հոկտեմբեր-նոյեմբերին ներկրված բենզինը: Այսինքն՝ սա սպեկուլյատիվ գնաճ է: Մի քանի հոգին պատահական մարդիկ չեն, բոլորը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են: Եվ այդ մի քանի հոգին տարիներ շարունակ հսկայական գերշահույթներ են ստացել և հիմա էլ շարունակում են ստանալ: Վերցնենք նույն բենզինը կամ գազը, որովհետև դրանց թանկացումը շղթայական թանկացումների է հանգեցնելու: Ենթադրենք՝ բենզինի ակցիզը թանկացել է 15-20 դրամով: Կարող էին, չէ՞, այդ ընկերությունները ամսեկան 20 միլիոն դոլարի փոխարեն, ասենք, 19,5 միլիոն դոլար շահույթով բավարարվել: Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր այդ հարցը կարգավորել: Իհարկե: Հինգ րոպեում:

Ընդդիմությունը անձանց դեմ չի պայքարում, երևույթների դեմ է պայքարում: Այ, եթե պայքարը լիներ ոչ թե թանկացումների, այլ թանկացողների դեմ, թիրախում կհայտնվեր Սերժ Սարգսյանը: Ու ստիպված կլիներ լուծելայդ հարցը: Իսկ երբ պայքարն ընթանում է թանկացումների դեմ, այսինքն՝ վերացական երևույթի դեմ, թիրախում հայտնվում է խորհրդարանական մեծամասնությունը, իսկ նոմինալ ընդդիմությունը հայտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Որևէ բան դրա արդյունքում, իհարկե, չի էժանանա, բայց 5 տարի հետո 9 մանդատները կարող են դառնալ, ասենք՝ 19:

Արմեն Բաղդասարյան

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս