loader

«Ազատ խոսք». Սերժ Սարգսյանը համայնքապետերին զրկում է թալանի լիցենզիայից

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանի ունեցած աղմկահարույց ելույթի մասին:

Տեսակետ կա, որ սա հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել: Ընդ որում՝ խոսքը երկու տարբեր հանցագործությունների մասին է. հանրային ունեցվածքի հափշտակում և հովանավորչություն, որովհետև փաստորեն նախարարները, մարզպետները և Սերժ Սարգսյանի մերձավորները հովանավորել են թալանչի գյուղապետերին և ազատել նրանց պատասխանատվությունից: Ու կարելի է չկասկածել, որ արդեն Նոր տարուց հետո իրավապահները մեկ-երկու գյուղապետի պատասխանատվության կենթարկեն: Սերժ Սարգսյանի խոսքը գետնով չտալու համար:

Ինչ վերաբերում է գյուղապետերի արձագանքներին, ապա ամենադիպուկը երևի Կողբի գյուղապետի պատասխանն էր: Նա ասել է՝ պիտի ուտելու բա՛ն լինի, որ ուտենք: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը հունվարի 1-ից գյուղապետերին զրկում համայնքային բյուջեները թալանելու լիցենզիայից: Որովհետև փաստորեն մինչև հիմա Հայաստանի 700-800 գյուղապետերը այդպիսի լիցենզիա ունեին: Իհարկե՝ ոչ բոլորն էին օգտվում դրանից, բայց ամեն դեպքում՝ լիցենզիան տրված էր:

Բանն այն է, որ առաջ գյուղապետերը շատ լուրջ դերակատարում ունեին ընտրական գործընթացներում և ցանկացած ընտրության ժամանակ ապահովում էին իշխանությունների հաղթանակը: Դրա համար էլ իշխանությունները աչք էին փակում, երբ նրանք համայնքի փողերը տանում էին տուն: Այսինքն՝ ներողամտության հարց չկար, խոսքը փոխշահավետ համագործակցության մասին էր: Բայց ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո պայմանները փոխվել են, ու հիմա արդեն ընտրությունների ժամանակ համայնքներում իշխող կուսակցության հաղթանակն ապահովելու պատասխանատվությունն ընկնում է ոչ թե համայնքների ղեկավարների, այլ իշխող կուսակցության ռեյտինգային թեկնածուների վրա:

Իսկ Հայաստանում ընդամենը 13 ընտրատարածք կա: Եթե ամեն ընտրատարածքում իշխող կուսակցությունից առաջարդվի 3-4 հոգի, կստացվի ընդամենը մոտ 50 հոգի: Ու ենթադրվում է, որ հենց այդ 50 հոգին էլ պիտի ապահովեն իշխող կուսակցության հաղթանակը: Իրենց գործն է, ոնց ուզում են՝ թող ապահովեն: Ուզում են՝ թող կաշառեն գյուղապետերին, ուզում են՝ թող վախեցնեն, միայն թե արդյունք ապահովեն: Ռեյտինգային թեկնածուներն էլ՝ հայտնի է, թե ովքեր են: Օլիգարխները, տեղական իշխանիկներ, բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներ և այլն: Հասկանալի է, որ այդ մարդիկ իրենց գրպանից են ծախսելու այդ գումարները, բայց հասկանալի է նաև, որ դրա դիմաց որոշակի արտոնություններ են ստանալու:

Օրինակ, ստվերային բիզնես վարելու, հարկեր թաքցնելու, մենաշնորհներ ունենալու և այլն: Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը 700-800 գյուղապետերից վերցնում է բյուջե թալանելու լիցենզիան և արտոնյալի կարգավիճակում թողնում միայն 50 հոգու՝ ռեյտինգային թեկնածուներին: Այսինքն՝ կամաց-կամաց բյուջեի փողերը տուն տանելու ոլորտում նույնպես մենաշնորհ է սահմանվում: Որպես թալանչիների ընդհանուր թվի էական կրճատում՝ դրական քայլ է, որպես կոռուպցիոն համակարգի կենտրոնացում՝ բացասական: 

Արմեն Բաղդասարյան

Ամբողջական՝ տեսագրությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս