loader

«Ազատ խոսք». Միակ հարցը, որին պիտի պատասխանի Արմեն Սարգսյանը

Եվ այսպես, Հայաստանի հաջորդ նախագահի իշխանական թեկնածուի անունը հայտնի է: Սերժ Սարգսյանը պաշտոնապես այդպիսի առաջարկ է արել Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:

Եթե հաշվի առնենք Արմեն Սարգսյանի անցած ուղին, ապա ընտրությունը բավականին հաջող է: Մատների վրա կարելի է հաշվել այն հայաստանցի հայերին, ովքեր նման դիրքի են հասել միջազգային ֆինանսական կառույցներում և հզորագույն կոորպորացիաներում: Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկ, «Բանկ օֆ Ամերիկա», «Բրիտիշ պետրոլիում», «Ալկատել», «Մերիլ Լինչ» և այլն. սրանք այն ընկերություններն են, որոնց տարեկան շրջանառությունը մի քանի հարյուր անգամ գերազանցում է Հայաստանի տարեկան բյուջեն: Արմեն Սարգսյանը նաև ընկերություններ է հիմնել, որոնք էներգետիկ նախագծեր են իրականացնում Ռուսաստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում և այլուր:

Ու հիմա հարց է ծագում՝ միջազգային կորպորատոկրատիայի աստիճանակարգում բավականին բարձր դիրքերի հասած այդ մարդուն ի՞նչն է ստիպում գալ Հայաստան և զբաղեցնել զուտ ներկայացուցչական մի պաշտոն՝ առանց իրական լծակների: Առավել ևս, որ նրա նկատմամբ հասարակական ընկալումը Հայաստանում միանշանակ չէ: Այն պարզ պատճառով, որ նրա անունը կապվում է և՛ վառելիքի շուկայում գերիշխող դիրքեր ունեցող Սի-Փի-Էս ընկերության, և՛ Ամուլսարի հանքավայրերի շահագործման ծրագրի հետ: Բայց կարելի է նաև հարցը այլ կերպ ձևակերպել: Արմեն Սարգսյանը գալիս է, որ պաշտպանի՞ միջազգային կորպորացիաների շահերը Հայաստանում,թե՞ հակառակը՝ գալիս է, որ Հայաստանը պաշտպանի միջազգային կորպորացիաների ոտնձգություններից: Երկուսից մեկն է, որովհետև հակառակ դեպքում նա պարզապես չէր համաձայնվի զբաղեցնել զուտ ձևական մի պաշտոն, կամ էլ՝ նրան գործուղել են առանց իր կամքը հարցնելու:

Հիմա հարցի ներքաղաքական ասպեկտի մասին: Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել առաջարկի համար և ասել, որ իր կարծիքով՝ Հայաստանը գնում է դեպի ավելի ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհով: Դե իհարկե, եթե գործող նախագահը միանձնյա որոշում է, թե ով պիտի լինի հաջորդ նախագահը, դա կատարյալ ժողովրդավարության ապացույց է: Բայց խնդիրը սա չէ: Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել մինչև վերջնական որոշում ընդունելը հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, ԼՂՀ իշխանություների, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների հետ և այլն, ու միայն դրանից հետո որոշում կայացնել: Գեղեցիկ է հնչում, բայց ճիշտն ասած՝ փոքր-ինչ անհասկանալի է: Երևի ավելի ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը թեկնածուի անունը հնչեցնելուց առաջ նման հանդիպումներ կազմակերպեր:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա հասարակությունը երևի նրան միայն մի հարց ունի ուղղելու. ինքը հավատո՞ւմ է, որ գործող խորհրդարանը ձևավորվել է ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում և ճշգրտորեն արտացոլում է հասարակական տրամադրությունները: Եթե հավատում է, որ ընտրություններն իսկապես արդար են եղել, եթե համարում է, որ հասարակության մեծամասնության համակրանքն իսկապես ՀՀԿ-ի կողմն է, ուրեմն լայն քննարկումների կարիք չկա, ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկությունը ժողովրդի մեծամասնության քվեարկությունն է: Իսկ եթե Արմեն Սարգսյանը կասկածներ ունի խորհրդարանական վերջին ընտրությունների հարցում, ուրեմն պիտի պարզաբանի, թե ինչպես է պատրաստվում նախագահ դառնալ կասկածելի մեխանիզմներով ձևավորված խորհրդարանում կազմակերպված ընտրություններով:

Այսպես թե այնպես հաջորդ նախագահը ստիպված է լինելու պատասխանել այս հարցին: Եվ դրանով իսկ բացահայտելու է՝ ինքն իսկապե՞ս անաչառ է, թե՞ դառնում է իշխանական համակարգի հերթական մասնիկը:

Արմեն Բաղդասարյան

Ամբողջական՝ տեսագրությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս