loader

«Ազատ խոսք». Գնաճի կանխարգելման կրկեսային շոուն շարունակվում է

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք թանկացումների դեմ քաղաքական ուժերի եռանդուն պայքարի մասին:

Թանկացումների դեմ «Ելք» դաշինքի կազմակերպած երթի հենց հաջորդ օրը բենզինը թանկացավ ևս 10 դրամով, ինչը շատերին ստիպեց հեգնել, որ ավելի լավ է գնաճի դեմ չպայքարել, որովհետև գները դրանից ավելի են կատաղում: Իրականում պատճառն, իհարկե, «Ելքի» կազմակերպած միջոցառումը չէր, այլ այն, որ նախօրեին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, թե բենզինի և դիզվառելիքի շուկաներում չարաշահումները բացառված են: Պարզ ասած՝ նա այդ ոլորտների տնտեսվարողներին կանաչ լույս տվեց, և ընդամենը երկու օր անց բենզինը հերթական անգամ թանկացավ: Ի դեպ՝ նույն Արտակ Շաբոյանը այսօր էլ շաքարավազի շուկային է անդրադարձել ու հայտարարել, թե ոչ մի չարաշահում չկա: Այնպես որ՝ սպասենք «գնային փոփոխություններին»:

Բայց այնպես չէ, որ իշխանություններին գնաճը չի մտահոգում: ԱԺ-ում այսօր նույնիսկ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով: Իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ գնաճը իրենց նույնպես մտահոգում է, բայց լավ չստացվեց: Ավելի ճիշտ՝ հակառակը ստացվեց: Մի քանի ելույթներից ակնհայտ դարձավ, որ գնաճը լավ էլ ձեռնտու է և մեծ հրճվանք է պատճառում իշխանություններին:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հենց այդպես էլ ասաց. 2017թ. գնաճը ցածր է եղել, դրա համար էլ ԿԲ-ն իր քաղաքականությամբ գնաճը աստիճանաբար մոտեցնում է նպատակային միջակայքին: Այսինքն՝ ԿԲ-ն հատուկ այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ գնաճի տեմպերը բարձրանան:

Իսկ ինչո՞ւ է ԿԲ-ն այդպիսի քաղաքականություն իրականացնում: Որովհետև 2017-ին գնաճը Հայաստանում իբր կազմել է ընդամենը 2,6 տոկոս, մինչդեռ հարևան երկրներում մի քանի անգամ ավելի բարձր է եղել: Տեսականորեն Արթուր Ջավադյանը ճիշտ է ասում: Եթե գնաճը իսկապես ընդամենը 2,6 տոկոս լիներ իմաստ կունենար գնաճի մակարդակը հասցնել տարեկան 4 տոկոսի: Բայց իրականում Հայաստանում գնաճի մակարդակը շատ ավելի բարձր է եղել և՛ 2,6 տոկոսից, ե՛ւ 4 տոկոսից: Համենայն դեպս մարդկանց համար կարևորագույն ապրանքատեսակների մասով գնաճը հաստատ 10 տոկոսից բարձր է: Այսինքն՝ իրականում ԿԲ-ն պիտի գնաճը զսպելու քաղաքականություն վարեր:

Բայց՝ ճիշտ հակառակն է անում: Իսկ «առանձին ապրանքատեսակների» մասով էլ հանրապետականները որպես թանկացման պատճառ նշում են իբր օբյեկտիվ հանգամանքները: Ասում են՝ դե մենք ի՞նչ անենք, հարկային օրենսգիրքը փոխվել է, ու հարկային դրույքաչափերը բարձրացել են: Այնպես են ասում, կարծես թե հարկային օրենսգիրքը ինքն իրեն է փոխվել, և ոչ թե ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունն է քվեարկությամբ հաստատել:

Ամեն դեպքում՝ տաօրինակ վիճակ է: Իշխող կուսակցությունը հարկային օրենսգիրքը փոխում է, որի արդյունքում ապրանքները թանկանում են, հետո այդ նույն իշխող կուսակցությունը խորհրդարանական քննարկումներ է կազմակերպում, թե ոնց անեն, որ գնաճը մեղմեն: Եվ դա անում է այդ նույն իշխող կուսակցության առաջնորդի հանձնարարությամբ: Բայց նման շոուները Հայաստանում նորություն չեն: Գեներալներն էլ ժամանակ առ ժամանակ իրենց հարյուր հազարանոց ջիպերով հավաքավում են ու ամենայն լրջությամբ քննարկում են, թե ինչպես կանխեն զինված ուժերում առկա կոտուպցիան:

Ամբողջական՝ տեսագրությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս