loader

«Ազատ խոսք». Տեսնես Լևոն Ալթունյանը հասկացե՞լ է, թե ինչ է գրել

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում պայքարել ծխելու դեմ:

Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ և ներկայացրել այն վայրերի ցանկը, որտեղ ծխելն արգելվելու է: Արգելված վայրերում ծխողներն առաջին անգամվա համար տուգանվելու են 250 հազար դրամով, երկրորդ անգամ՝ 500 հազար դրամով:

Ընդհանրապես՝աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ անհեթեթ օրենքներ կան: Նույնիսկ Միացյալ Նահանգներում: Նահանջներ կան, որտեղ արգելված է ինքնաթիռներից եղջերուներ շպրտել, ուղտի վրա նստած ձկնորսությամբ զբաղվել, երկաթգծի ռելսերի վրա աղ ցանել, քաղաքներ կան, որտեղ միջուկային ռումբ պայթեցնելու համար օրենքով նախատեսված է 500 դոլար տուգանք, և այլն: Բայց ենթադրվում էր, որ Հայաստանի իշխանությունները ավելի ողջամիտ կլինեն: Առավել ևս, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Բայց՝ չէ: Առողջապահության նախարարությունը երևի որոշել է ոչ մեկից հետ չմնալ: Եվ անհեթեթ նախագիծ է ներկայացրել: Երևի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լսել է, որ բազմաթիվ երկրներում ծխելը սահմանափակող օրենքներ են ընդունվումմ, և որոշել է առանց երկար-բարակ մտածելու նման մի բան էլ ինքը անել:

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ծխելը արգելվելու է, ասենք, սրճարաններում ու ռեստորաններում, և դրա արդյունքում հաճախորդների թիվը կտրուկ նվազելու է, ու այդ բիզնեսները մեռնելու են: Խնդիրն այն է, որ այս նախագծի հեղինակները չեն էլ մտածել, թե ինչ են գրում: Օրինակ՝ նախագծի 9-րդ կետով ծխելն արգելվելու է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում: Հետաքրքիր է՝ այս օրինագծի հեղինակները գիտե՞ն, թե որոնք են բնության հատուկ պահպանվող տարածքները: Եթե չգիտեն՝ կարող ենք բացատրել. բնության հատուկ պահպանվող տարածքներն են արգելոցները, արգելավայրերը և Ազգային պարկերը: Ընդհանուր առմամբ՝ 23 միավոր: Գումարային տարածքն էլ Հայաստանի ողջ տարածքի մոտ 12 տոկոսն է: Այսինքն՝ այս օրենքով Սևանի ափին ծխելն արգելվում է: Ընդհանրապես Լևոն Ալթունյանի տրամաբանությամբ՝ ամառային ամիսներին Սևանի ափին հանգստացողները երևի պիտի կես ժամը մեկ գնան Չարենցավան, ծխեն, հետ գան:

Տուգանքների մասով ընդհանրապես չենք խոսում: Հետաքրքիր է՝ ի՞նչ տրամաբանությամբ է առողջապահության նախարարը որոշել, որ երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, կանգառում ծխողը պիտի տուգանվի հենց 250 հազար դրամով: Իսկ ինչո՞ւ ոչ 2,5 միլիոն դրամով: Եթե նպատակը բյուջեն լցնելն է՝ կարող ենք նաև ավելի մեծ տուգանքներ սահմանել: Կամ՝ ի՞նչ պիտի անեն, եթե մարդը 250 հազար դրամ չունի: Պիտի հարկադիր աշխատանքի՞ դատապարտեն, թե՞ ունեցվածքը աճուրդի դնեն ու տուգանքը ստանան:

Հասկանալի է, որ այս նախագիծը կառավարությունը դեռ պիտի հաստատի, հետո ԱԺ-ում քննարկումներ սկսվեն, և այլն: Հասկանալի է նաև, որ այս օրենքը գործնական կիրառում չի ունենալու, և ռեստորանների, սրճարանների կամ հանգստյան տների սեփականատերերը պարզապես համապատասխան վերաբերմունք են ցուցաբերելու պատկան մարմիններին, որպեսզի նրանք շրջանցեն իրենց օբյեկտները և հաճախորդներին չանհանգստացնեն: Այսինքն՝ սրանք անիմաստ, անհեթեթ խոստացումներ են և ծխողների թվի վրա առանձնապես չեն ազդելու:

Պարզապես այս օրենքով շատ լավ երևում է, թե իշխանություններն ինչպես են վերաբերվում պետությանն ու օրենքներին: Ամենամտահոգիչը հենց այս անլրջությունն է: Առանց խորանալու, առանց երկար-բարակ մտածելու, հենց այնպես օրենքներ են գրում՝ ինչպես, ասենք, իրենց երեխաների համար ստեղծագործական շարադրություն կգրեին: Կարևորը՝ որ գրվածքը բյուջեն համալրելու պոտենցիալ պարունակի:

Ամբողջական՝ տեսագրությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս