loader

«Ազատ խոսք». Իշխանական համակարգի «սինյոր Ռոբինզոնը»

 «Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Սերժ Սարգսյանի նախաձեռնության տասնամյա ժամկետում արձանագրված մի քանի կարևորագույն ցուցանիշների մասին:

Ցանկացած պետության ղեկավարի գործունեություն կարելի է գնահատել տարբեր չափանիշներով, բայց կան մի քանի կարևորագույն ցուցանիշներ, որոնք արտահայտվում են հստակ թվերով, և այդտեղ մանիպուլյացիների դիմելը չափազանց բարդ է: Խոսքը, հասկանալի է, առաջին հերթին տնտեսական և ժողովրդագրական ցուցանիշների մասին է: Պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թվականից մինչև հիմա Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 257 հազարով: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ այդ ընթացքում բնակչության բնական աճը կազմել է մոտ 150-170 հազար մարդ, ստացվում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից արտագաղթել է 410-420 հազար մարդ: Սրանք չոր թվեր են, այստեղ որևէ առարկություն լինել չի կարող:

Այդ նույն 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության ծավալը (համախառն ներքին արդյունքը) դոլարային արտահայտությամբ ոչ միայն չի աճել, այլև նվազել է մոտ 100 միլիոն դոլարով. 11,7 միլիարդից իջել է 11,6 միլիարդ: Ընդ որում՝ պետական պարտքը ավելացել է ուղիղ 4 անգամ և հասել է համարյա 7 միլիարդ դոլարի: Աղքատության մակարդակը, դարձյալ պաշտոնական տվյալների համաձայն, ավելացել է 2 տոկոսային կետով: Այսինքն՝ կարևորագույն ոլորտներում ձախողումներն ակնհայտ են:

«Սինյոր Ռոբինզոն» ֆիլմում, եթե հիշում եք, այսպիսի դրվագ կա՝ մրցակիցներն անցնում են տարբեր փորձությունների միջով, բայց վերջում պարզվում է, որ մրցանակը բաժին է հասնում նրան, ով կատարելապես ձախողել է բոլոր փորձությունները: Որովհետև ենթադրվում է, որ մրցանակը թույլին է պետք, ուժեղը առանց դրա էլ կապրի:

Բայց դա կինոկատարկերգություն է, իսկ հանրապետականները երևի լուրջ են ընդունել: Ու հիմա հայտարարում են, թե բոլոր կարևորագույն ոլորտներում ձախողված Սերժ Սարգսյանն անփոխարինելի և պիտի շարունակի ղեկավարել երկիրը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես հանրապետականներն ի սկզբանե պլանավորել էին, որ Հայաստանը պիտի ձախողվի բոլոր կարևորագույն ոլորտներում, ու հիմա հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը լավագույնս է իրականացրել այդ ծրագիրը: Բայց սա, իհարկե, լուրջ չէ: Հետևաբար՝ մնում է երկրորդ տարբերակը: Հանրապետականները գտնում են, որ չնայած պաշտոնապես արձանագրված ձախողումներին՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, որովհետև նրա փոխարեն ցանկացած ուրիշի իշխանության դեպքում ձախողումները շատ ավելի խայտառակ կլինեն: Բայց այդ դեպքում էլ նրանք պիտի կարողանան պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այնպիսի վիճակում, որ 10 տարվա ընթացքում 400 հազար մարդու արտագաղթը համարվում է հաջողություն: Կամ՝ չարյաց փոքրագույնը, որովհետև կարող էր նաև ավելի վատ լինել:

Վիսոցկու հանրահայտ երգի հերոսը թվարկում է գլխին եկած փորձանքները ու ասում, որ դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինի, որ ողջ է, բայց չգիտի, թե հատկապես ում պիտի շնորհակալ լինի: Իսկ ահա հանրապետականները կարծես թե գիտեն, թե Հայաստանի ժողովուրդը հատկապես ում պիտի շնորհակալ լինի, որ դեռ ողջ է, ու երկրում էլ ապրողներ կան: Միայն թե՝ շնորհակալություն հայտնելու ցանկություն ունեցողները կարծես թե առանձնապես չկան:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս