loader

«Ազատ խոսք». Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ձեռքերը լվանում «լայն կոնսոլիդացիայից»

«Հայաստան 24»- եթերում այսօր կխոսենք նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նախընտրական հանդիպումների մասին:

Պետք է ընդունել, որ իշխանություններին հաջողվեց Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ քարոզչական շոու կազմակերպել և դրանով իսկ հասարակության ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր հարցից. հաջորդ վարչապետի թեկնածության հարցից: Գործընթացը շարունակվում է:

Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և Դաշնակցության հետ, կհանդիպի նաև խորհրդարանական և արտախորհրդարանական մյուս ուժերի հետ, ու թեև այնքան էլ հասկանալի չէ, թե այդ հանդիպումների ժամանակ ինչ թեմաներ պիտի արծարծվեն, ամեն դեպքում արարողակարգը դա է պահանջում: 

Ակնհայտ է նաև, որ հանդիպումների փուլի ավարտից հետո Արմեն Սարգսյանը համաձայնվելու է դառնալ նախագահ: Որովհետև եթե նա նախապես իր համաձայնությունը տված չլիներ, Սերժ Սարգսյանը հրապարակավ նրան այդպիսի առաջարկ չէր անի: Բացի այդ էլ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ անգամ ընդդիմադիրներն ասելու են, որ Արմեն Սարգսյանի անձի հետ կապված խնդիրներ չեն տեսնում, խնդիրները ուրիշ տեղ են, հետևաբար՝ Արմեն Սարգսյանը առաջարկը մերժելու ոչ մի պատճառ չի ունենալու: 

Բայց արդեն Հանրապետականների հետ հանդիպումից հետո բավական հետաքրրքիր բան տեղի ունեցավ: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե իրենց կուսակցությունը չի պատրաստվում նախագահի ընտրության թեմայով բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ, դրանով թեկնածուն ինքը պիտի զբաղվի:

Սա բավականին տաօրինակ հայտարարություն էր, և ահա թե ինչու: Բանն այն է, որ «Ծառուկյան դաշինքի» ձայներով չի որոշվելու՝ Արմեն Սարգսյանը դառնո՞ւմ է նախագահ, թե ոչ: «Ծառուկյան դաշինքի» ձայներով որոշվելու է՝ Արմեն Սարգսյանը նախագահ է դառնում առաջի՞ն փուլով, թե՞ երկրորդ: Կամ, այլ կերպ ասած, Արմեն Սարգսյանը նախագահ է դառնում լա՞յն կոնսոլիդացիայի արդյունքում, թե՞ ոչ այնքան լայն: Իսկ լայն կոսոլիդացիայի անհրաժեշտությանթեզը Սերժ Սարգսյանն է առաջ քաշել, այսինքն՝ դա Սերժ Սարգսյանին է պետք: Հետևաբար՝ հենց նա էլ պիտի շահագրգռված լիներ «Ծառուկյան դաշինի» հետ բանակցություններ վարելու հարցում, ու հենց ՀՀԿ-ն էլ պիտի բանակցություններ վարեր:

Իսկ թե ինչու Սերժ Սարգսյանը չի ցանկանում մասնակցել, այսպես ասենք, «բանակցային գործընթացին»՝ կարծում ենք, երկու հիմնական պատճառ ունի: Առաջին՝ «Ծառուկյան դաշինքի» համար ՀՀԿ թեկնածուին պաշտոնապես աջակցելն այնքան էլ ցանկալի չէ, և դաշինքն ամենայն հավանականությամբ դրա դիմաց ինչ-որ բաներ կպահանջեր ՀՀԿ-ից: Օրինակ՝ աջակցել իրենց օրենսդրական նախաձեռնություններին: ՀՀԿ-ն էլ որևէ հարցում զիջումների գնալ չի ցանկանում, իսկ զիջումների չգնալու ամենակարճ ճանապարհը պարզապես բանակցությունների մեջ չմտնելն է:

Երկրորդ պատճառն էլ երևի այն է, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ հոգու խորքում չի ցանկանում, որ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվի լայն համախմբման արդյունքում: Որովհետև ինքը երկու անգամ նախագահ է դարձել հազիվ 50 տոկոսը հաղթահարելով, ՀՀԿ-ն ընդհանրապես իշխող կուսակցություն է դարձել 50 տոկոսից պակաս ձայներ հավաքելով, ու հիմա եթե Արմեն Սարգսյանը նախագահ դառնա, ասենք՝ 80 տոկոսով (թեկուզ՝ պատգամավորների ձայների 80 տոկոսով), հասարակությունը կարող է սխալ ազդակներ ստանալ:

Դրա համար էլ լայն կոնսոլիդացիայի հարցում ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին չի աջակցում: Այնպես, ինչպես Կարեն Կարապետյանին չի աջակցում մենաշնորհների դեմ պայքարում: Որպեսզի հանկարծ որևէ մեկի վարկանիշը Սերժ Սարգսյանի վարկանիշից բարձր չլինի:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս