loader

«Ազատ խոսք». Ադրբեջանական քարոզչության հայաստանյան շահառուները

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման և դրա շուրջ ծավալած քարոզչական մանիպուլյացիաների մասին: Շվեյցարական Դավոսում տեղի ունեցած այդ հանդիպումը տևել է մեկուկես ժամ, ու քանի որ հայտնի չէ, թե կոնկրետ ինչի մասին է խոսվել, Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակները տարբեր, անգամ՝ ֆանտաստիկ ենթադրություններ են անում ու ինչ-որ ապոկալիպտիկ սցենարներ կանխատեսում: Որպես հիմք՝ ներկայացնելով հետևյալ փաստերը:

Առաջին. հանդիպման ժամանակ, ըստ հրապարակված լուսանկարի, Նիկոլ Փաշինյանը ճնշված էր, իսկ Իլհամ Ալիևը լայն ժպտում էր: Ու դրանից եզրակացություն է արվում, թե վերջ, Ալիևը տարածքների վերադարձի հարցը լուծված է համարում, իսկ հայկական կողմը պարտվեց: Հետևաբար՝ մեր հասարակությունը պիտի քնից արթնանա և փորձի կանխել Նիկոլ Փաշինյանի դավադրությունը հայ ժողովրդի դեմ: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի ժողովրդի և քաղաքական դաշտի վարքաբանությունը պիտի պայմանավորված լինի Իլհամ Ալիևի դիմախաղով: Հենց որ նա ժպտում է, Հայաստանը պիտի քաղաքական ցնցումների մեջ հայտնվի, հենց որ նա մռայլվում է, բոլորս պիտի ցնծանք ու շամպայնի շշեր բացենք: Բայց Իլհամ Ալիևն այդքան կա՞, որ մանիպուլացնի մեր հանրային գիտակցությունը:

Երկրորդ. դավադրությունների տեսության կողմնակիցները մատնանշում են այն փաստը, որ վերջին շրջանում Ադրբեջանը շփման գծում պակաս ագրեսիվ է: Եվ համապատասխան եզրակացություն են անում. «Ուրեմն՝ Ալիևը հույս ունի տարածքները վերադարձնել առանց պատերազմի»:

Լավ, Հայաստանում ու Արցախում որևէ մեկը չի հավատում, չէ՞, որ անկախ նրանից՝ ադրբեջանցիները շատ կկրակեն, թե՝ քիչ, միևնույն է՝ նրանք պատրաստվում են պատերազմի, ու հենց որ վստահ լինեն, որ կարող են հաղթել, անմիջապես պատերազմ կսկսեն: Հիմա եթե ադրբեջանցիները հույս ունեն վերադարձնել այդ տարածքները, թող հույս ունենան: Որոշ ժամանակ անց կպարզվի, որ այդ հույսերը սին էին, ու Ադրբեջանի ժողովուրդը կհիասթափվի իր իշխանություններից: Թող հույս ունենան, թող հուսահատվեն, մենք ինչո՞ւ ենք իրար խառնվել:

Երրորդ. մեր հասարակության որոշ շրջանակների խիստ մտահոգել է այն, որ միջնորդները հակամարտող կողմերին կոչ են արել հայ և ադրբեջանցի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության: Հասկանալի է, որ «խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը պարզապես գեղեցիկ է հնչում, բայց իրականում խոսքը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու մասին է: Ուշադրություն դարձրեք, որ կոչն ուղղված է հայերին ու ադրբեջանցիներին, բայց աղմուկ է բարձրացել միայն Հայաստանում: Ինչի՞ համար: Կարելի է, չէ՞, սպասել-տեսնել, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպե՞ս են իրենց ժողովրդին նախապատրաստում խաղաղության ու փոխզիջումների:

Թող այնտե՛ղ աղմուկ բարձրանա, թող Ադրբեջանի՛ իշխանությունները ձախողվեն այդ հարցում, թող միջազգային հանրությունը տեսնի, որ ադրբեջանցինե՛րն են անպատրաստ խաղաղության, մենք ինչո՞ւ ենք իրար խառնվել: Թե՞ Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք պատրաստ են օգտագործել ցանկացած առիթ՝ իշխանություններին հարվածելու համար, եթե անգամ դա թուլացնում է հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս