loader

«Ազատ խոսք». Ամենածիծաղելի ծանրագույն մեղադրանքը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների և դրա հասարակական արձագանքների մասին: Հասարակության շրջանում հատկապես լայն արձագանք է առաջացրել ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերը որպես իշխանությունների կողմից սահմանադրական կարգի տապալում ներկայացնելը և այդպիսի մեղադրանք առաջադրելը մի քիչ ծիծաղելի է:

Խնդիրը Վիտալի Բալասանյանի անձը չէ: Նա պարզապես զինվորականին հատուկ շիտակությամբ ասում է այն, ինչը շատերը գուցե մտածում են, բայց չեն համարձակվում բարձրաձայն ասել: Խնդիրն այն է, թե, ի վերջո, 2008թ. մարտի 1-ին Հայաստանի իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իսկապե՞ս տապալել են սահմանադրական կարգը, թե՞ պարզապես լավ չեն կատարել իրենց պարտականությունները, երբ ուրիշներն էին փորձում տապալել սահմանադրական կարգը:

Փորձենք հասկանալ: Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է ազատ-արդար ընտրությունների միջոցով: Սա սահմանադրական կարգ է: Եվ եթե որևէ մեկը թույլ չի տալիս, որ ժողովորդն իր իշխանությունն իրականացնի ազատ-արդար ընտրությունների միջովով, դրանով իսկ նա խախտում է Սահմանադրությունը, այսինքն՝ տապալում է սահմանադրական կարգը: Հիմա տեսեք: 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, և իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, թե իբր Սերժ Սարգսյանը ստացել է 51,5 տոկոս, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս: Եթե Հայաստանում իսկապես տեղի ունեցած լինեին ազատ-արդար ընտրություններ, և Սերժ Սարգսյանն իսկապես ստացած լիներ 51,5 տոկոս, իսկ 21,5 տոկոս ստացած թեկնածուն հայտարարեր, թե պետք է գնալ ու, ասենք, գրավել պետական հաստատությունները, դա նրա կողմից կլիներ սահմանադրական կարգը տապալելու փորձը: Իսկ եթե ընտրությունները զանգվածաբար ու կազմակերպված ձևով կեղծվել են, Սերժ Սարգսյանը իրականում ձայների մեծամասնությունը չի ստացել, բայց իշխանությունները հայտարարել են, որ հենց նա է հաղթել, սա արդեն սահմանադրական կարգի տապալում է իշխանությունների կողմից:

Հիմա՝ հարցը: Որևէ մեկը ծիծաղելի համարո՞ւմ է այն պնդումը, որ 2008թ, նախագահական ընտրություները կեղծվել են, թե՞ հակառակը՝ բոլորը ծիծաղելի են համարում այն պնդումը, թե իբր 2008-ին Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել արդար ընտրությունների միջոցով: Պատասխանն ակնհայտ է: Այսինքն՝ իրականում փոքր-ինչ ծիծաղելի են այն պնդումները, թե, իբր, 2008թ. Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը: Պարզապես նա դա արել է ոչ թե մարտի 1-ին, այլ ընտրությունների օրը և դրան նախորդած ամիսներին: Ուրիշ բան, որ սա դատարանում ապացուցելն ավելի ավելի բարդ կլինի: Անհրաժեշտ կլինի փաստերով հիմնավորել, որ առաջին՝ ընտրությունները կեղծվել են կազմակերպված ձևով, և երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանն անձամբ տեղյակ է եղել այդ մասին ու իմացել է, որ Սերժ Սարգսյանն իրականում չի հաղթել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս