loader

«Ազատ խոսք». Առաջին բախումը մռայլ իրականության հետ

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք նոր կառավարության աշխատաոճի և առաջին լուրջ մարտահրավերների մասին:

Նոր կառավարությունում հիմնականում երիտասարդներ են, և համացանցը հեղեղված է տեսանյութերով, թե ինչպես են երիտասարդ նախարարները տնից գնում աշխատանքի, մետրո նստում, մտնում իրենց աշխատասենյակները, շփվում աշխատակիցների հետ, օրվա վերջում «լայվ» մտնում, և այլն: Մի խոսքով՝ աշխատում ուղիղ եթերում, տեսախցիկների առջև:

Ոմանց այս աշխատաոճը կարող է դուր գալ, ոմանց կարող է դուր չգալ: Ինձ, օրինակ, դուր է գալիս: Համենայն դեպս՝ Սերժ Սարգսյանի օրոք կառավարության անդամները հաստատ չէին կարողանա աշխատանքային օրվա ավարտին, ուշ երեկոյան «լայվ» մտնել: Այդ դեպքում հասարակությունը անգիր կիմանար Երևանի բոլոր ռեստորանների և սաունաների տեղերը:

Ինչ վերաբերում է կառավարության անդամների երիտասարդ լինելուն, ապա ուղղակի մի բավականին հայտնի պատմություն հիշեցնեմ: Ընդունելություններից մեկի ժամանակ Չերչիլը երիտասարդ դիվանագետներից մեկին ասում է. «Դուք ինձ վրա շատ լավ տպավորություն թողեցիք, բայց շատ երիտասարդ եք», սա էլ պատասխանում է. «Եթե երիտասարդ լինելը թերություն է՝ խոստանում եմ ժամանակի ընթացքում ուղղել»: Այնպես որ՝ ժամանակի ընթացքում այդ թերությունը կուղղվի: Առավել ևս, որ երիտասարդ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն:

Բայց երիտասարդ նախարարների այս լավատեսական, կարելի է նույնիսկ ասել՝ կիսատոնական տրամադրվածությունը արդեն իսկ բախվում է իրականությանը, որը, ցավոք սրտի, ավելի մռայլ է: Հայաստանում գործադուլային ալիք է բարձրացել, ամենուրեք բողոքի ցույցեր են: Գործադուլ են անում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանն ու ոսկու կորզման գործարանը, Էջմիածնի ջրօգտագործողների ընկերությունը, Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները, Երևանի մի քանի երթուղայինների վարորդներ և այլն, ընդ որում՝ ցույցեր են արվում, ճանապարհներ են փակվում, և այսպես շարունակ: Ու բոլորը պահանջում են, որ նոր կառավարությունը օր առաջ լուծի իրենց խնդիրները:

Այդ մարդկանց պահանջները միանգամայն հասկանալի են. տասնամյակներ շարունակ նրանք գիշեր-ցերեկ ճորտերի պես աշխատել են ու չնչին կոպեկներ են ստացել, իսկ տերերն իրենց աշխատանքի հաշվին գերշահույթներ են ստացել: Ու հիմա այդ մարդիկ վերջապես հույս ունեն, որ նոր կառավարությունը արմատապես կփոխի իրավիճակը, և իրենք արժանապատիվ կյանքով կապրեն: Բայց ի՞նչ մեխանիզմներով պիտի նոր կառավարությունը լուծի այդ խնդիրները: Իհարկե՝ խնդիրներ կան, որոնք կարելի է շատ արագ լուծել: Օրինակ՝ արագաչափերի և տեսախցիկների հարցերը, կարկուտի վնասների փոխհատուցումը և այլն, բայց ինչպե՞ս պիտի կառավարությունը, օրինակ մասնավոր ընկերության սեփականատիրոջը ստիպի բարձրացնել աշխատավարձերը: Իհարկե՝ կարելի է սեփականատիրոջը կանչել, ձեռքը խփել սեղանին և ասել. «գնա ոնց ուզում ես՝ աշխատավարձերը բարձրացրու», բայց դա կլինի ուժային լուծում, բայց տնտեսական խնդիրները ուժային մեթոդներով լուծելը երբեք լավ բանի չի հանգեցնում:

Մյուս տարբերակը օրենսդրական փոփոխություններն են, բայց դրանց համար էլ երկար ժամանակ է պետք, էլ չենք ասում, որ ՀՀԿ-ն կարող է խոչընդոտել: Եվ թաքուն ուրախանալ, որ տևական գործադուլները վնաս կհասցնեն պետությանը, բյուջեի մուտքերը կպակասեն, սոցիալական խնդիրներ կառաջանան, և ժողովուրդը կհիասթափվի նոր կառավարությունից:

Այնպես որ՝ իրականում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս