loader

«Ազատ խոսք». Արարողակարգից խռովածները

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Առաջին հանրապետության հարյուրամյակի միջոցառումների և դրանց շուրջ ծագած արարողակարգային սկանդալների մասին:

Բանն այն է, որ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած տոնական միջոցառումները, կարելի է ասել, անցան «հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսի ներքո: Ոչ Սերժ Սարգսյանը կար, ոչ Արա Բաբլոյանը, ոչ ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչները: Նիկոլ Փաշինյանի մի կողմում Հայաստանի նախագահն էր, մյուս կողմում՝ Արցախի նախագահը:

Հանրապետականներին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչներին, իսկապես բարկացրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությունը առաջին պաշտոնյաների եռյակում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, հայտարարեց, թե այդ միջոցառումը Նիկոլ Փաշինյանի որդու բանակի քեֆը չի, որ ում ուզենա՝ կանչի, ում չուզենա՝ չկանչի, մոտավորապես նույն բանն էլ Արմեն Աշոտյանն ասաց, և հիմնական շեշտադրումն այն էր, որ խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանի ղեկավարի հանդեպ նման անհարգալից վերաբերմունքն անթույլատրելի է:

Դաշնակցականներն էլ էին կարգին բարկացել, որ իրենց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չի ցուցաբերվել (ըստ երևույթին՝ նկատի ունենալով, որ Առաջին հանրապետության հիմնադի8ն իրենց քաղաքական ուժն է), իսկ Հրանտ Մարգարյանը դա բացատրեց նոր կառավարության փնթիությամբ:

Առանց արարողակարգային նրբությունների մեջ խորանալու, փորձենք հասկանալ, թե որքանով են անկեղծ այս դժգոհությունները: Սկսենք ԱԺ նախագահին բարձրաստիճան պաշտոնյաների առաջին եռյակից դուրս թողնելուց: Որևէ մեկի համար սա, իհարկե, հաճելի բան չէ, բայց ընդամենը երկու-երեք ամիս առաջ ԱԺ հանրապետական մեծամասնությունը հաճույքով համաձայնվեց, որ խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանի նախագահը չպետք է ընդգրկված լինի Անվտանգության խորհրդի կազմում: Որևէ մեկը հիշո՞ւմ է, որ որևէ հանրապետական սրա դեմ թեկուզ կես բառով բողոքած լինի: Ոչ, չի եղել այդպիսի բան: Որովհետև Սերժ Սարգսյանն էր այդպես որոշել: Ընդ որում՝ խոսքը ձևական, արարողակարգային միջոցառման մասին չէր, խոսքը կարևորագույն պետական կառույցներից մեկի մասին էր: Բայց հանրապետականները, չգիտես ինչու, միայն հիմա են հիշել, որ նման բաները նսեմացնում են ԱԺ դերը:

Անցնենք դաշնակցականների նեղացած կեցվածքին: Նրանց գտնում են, որ քանի որ Առաջին հանրապետությունն իրենք են ստեղծել, ուրեմն այս միջոցառումների ժամանակ էլ իրենց կուսակցության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք պիտի լիներ: Չենք վիճում, գուցե և այդպես է: Բայց արցախյան հաղթանակներն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին են եղել, բայց Հայաստանի հաջորդ իշխանությունները արցախյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումներին նրան չէին հրավիրում կամ հրավիրում էին ոչ պատշաճ ձևով: Որևէ մեկը հիշո՞ւմ է, որ այն ժամանակ որևէ դաշնակցական թեկուզ կես բառով դժգոհեր դրա դեմ: Ինչ-որ չենք հիշում: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի կապը արցախյան հաղթանակների հետ հաստատ ավելի առարկայական է, քան, ասենք, Հրանտ Մարգարյանի կապը Սարդարապատի ճակատամարտի հետ:

Այնպես որ՝ արարողակարգային թերությունների մասին խոսակցություններն ինչ-որ տեղ գուցեև տեղին են: Միայն թե՝ այդ մասին խոսում են հատկապես նրանք, ովքեր այդ թեմայով խոսելու իրավունք չունեն:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս