loader

«Ազատ խոսք». Արդյո՞ք Դաշնակցությունը քայլ անելու «դուխ» ունի

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք կառավարության երեկվա նիստի և Նիկոլ Փաշինյանի ու Դաշնակցության առաջին հրապարակային բախման մասին: Կառավարության այդ նիստում, հիշեցնենք, որոշում ընդունվեց, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մտնում, բայց՝ որոշակի մեղմացումներով: Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանն էլ որոշեց օգտվել հնարավորությունից և հանրությանը ցուցադրել իր բացառիկ սկզբունքայնությունը: Եվ հայտարարեց, թե ինքը, միևնույն է, դեմ է այդ պարտադիր բաղադրիչին: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ արձագանքեց:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը՝ պարտադիր բաղադրիչն անխուսափելի էր, թե՝ ոչ: Ի վերջո, ինչպես այլ առիթով միանգամայն իրավացիորեն նկատել էր Էդուարդ Շարմազանովը, Չերչիլն ու Շարլ դը Գոլը նույնպես ժամանակին արել են հայտարարություններ, իսկ հետո վարվել բոլորովին այլ կերպ: Ո՞րն էր այս բանավեճի իմաստը: Վարչապետն, ըստ էության, դաշնակցական նախարարին համարյա բաց տեքստով ասում է, որ չի կարելի միաժամանակ և հաճույք ստանալ, և կույս մնալ: Եվ թույլ չի տա, որ ինչ-որ մեկը փորձի իր ֆոնին ավելի սկզբունքային երևալ՝ թող հրաժարվեն պորտֆելներից և ԱԺ-ում բոցաշունչ ելույթներ ունենան:

Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն ավելի ուշ անդրադարձավ այս միջադեպին ու հայտարարեց, թե սա ստալինյան ժամանակներն է հիշեցնում, բայց մեծ հաշվով՝ կարևոր չէ, թե ինչ հայտարարեց պատգամավորը, կարևորն այն է, թե ինչպես իրեն պահեց նախարարը: Արծվիկ Մինասյանը երկու տարբերակ ուներ.

Առաջին. հավատարիմ մնալ իր սկզբունքներին և համոզմունքներին ու դեմ քվեարկել՝ առանց վախենալու, թե դրանից ինչ հետևություններ կանի վարչապետը: Այսինքն՝ առանց վախենալու, որ կկորցնի նախարարի պաշտոնը:

Երկրորդ. մի կողմ դնել իր սկզբունքներն ու համոզմունքները և կողմ քվեարկել: Արծվիկ Մինասյանն ընտրեց երրորդ տարբերակը: Սուսուփուս կողմ քվեարկեց: Թեև քվեարկությունից 8 րոպե առաջ հայտարարել էր, որ դա իր համոզմունքներին դեմ է: Հիմա՝ ինչի՞ հասավ վարչապետն իր այս կոշտ դիրքորոշմամբ: Նա շատ պարզ բոլորին ցույց տվեց, թե իրականում ինչ արժե դաշնակցական նախարարի սկզբունքայնությունը և դրանով իսկ թույլ չտվեց, որ քննադատությունների սլաքը միայն իրեն ուղղվի:

Ու հիմա գնդակը Դաշնակցության դաշտում է: Եթե այդ կուսակցությունը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ստալինյան մեթոդներով է աշխատում, ճնշում է կառավարության անդամներին, միանձնյա որոշումներ է ընդունում, վախի մթնոլորտ է ստեղծում և այլն, ուրեմն՝ այդ կուսակցությունը պիտի նաև հատուկ հայտարարի՝ համաձա՞յն է աշխատել վախի մթնոլորտում, թե՞ դուրս է գալիս կառավարությունից և դառնում է ընդդիմադիր: Ե՛վ Քոչարյանի օրոք,և՛ Սերժ Սարգսյանի օրոք Դաշնակցությունը շատ հարմարավետ դիրքերում էր՝ իշխանության մաս էր կազմում, բայց պատասխանատվություն ստանձնելու առանձնապես մեծ ցանկություն չուներ: Բայց այդ երևելի ժամանակները կարծես թե անցյալում են: Հետաքրքիր է՝ Դաշնակցությունը կհամարձակվի՞ ընդդիմություն դառնալ, թե՞ այդ կուսակցության «դուխը» նույնպես անցյալում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս