loader

«Ազատ խոսք». «Բարեփոխված» Քոչարյանը գալիս է փրկելու իր ունեցվածքը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք քաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի աճող դերակատարման մասին: Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, բոլորիս աչքի առջև օրեցօր փոխվում է: Դրական իմաստով: Նախկինում անկախ հեռուստաընկերություններ փակողն է այսօր խոսում խոսքի ազատության մասին, եթե նախկինում նրան անհարգալից բարևողներին անզգույշ քաշքշելով սպանում էին, հիմա նա խոսում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին, նախկինում նա տեսախցիկների առջև հպարտորեն ասում էր, որ ինքը գիրք կարդացող չէ, իսկ հիմա՝ գիրք է գրում և այլն: Առաջընթացն ակնհայտ է: Ընդ որում՝ ակնհայտ է նաև պետական մտածողության աճի տեսանկյունից:

Մի քանի տարի առաջ, օրինակ՝ նա տեսնում էր Սերժ Սարգսյանի սխալները, բայց առանձնապես չէր միջամտում. շարունակում էր տարբեր մայրցամաքներում որսով զբաղվել: Իսկ հիմա, տեսնելով նոր կառավարության սխալները, եկել է փրկելու մեր երկիրը: Որովհետև «ո՞վ, եթե ոչ ինքը»: Միայն թե ձևակերպումներն են փոքր-ինչ տարօրինակ: Մի երկու օր առաջ, օրինակ՝ հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը դեռ կփոշմանի, որ «գլուխ է դրել» իր հետ: Դեռ մի կողմ թողնենք այն, որ սովորաբար նման բառապաշար օգտագործում են Կոզա-Նոստրայի պարագլուխները կամ լատինաամերիկյան երկրների նարկոբարոնները, երբ իշխանությունները լրջորեն փորձում են զբաղվել իրենցով: Սա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Բայց Քոչարյանի այդ ձևակերպումներից ստացվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը իր հետ «գլուխ չդներ» (այսինքն՝ իրեն հանգիստ թողներ), ինքը չէր գալու Հայրենիքը փրկելու: Պարզ ասած՝ նա Հայրենիքի փրկության գործին լծվել է անձնական շահերից ելնելով, որպեսզի պահպանի ազատությունը և ունեցվածքը:

Հատկապես ունեցվածքը, որովհետև նոր իշխանությունները կարծես թե առանձնակի դաժանությամբ աչք են դրել այդ ունեցվածքի վրա: Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի դեպ, ակնհայտ առաջընթաց է նկատվում նաև իր ունեցվածքը հիշելու առումով: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա հերքում էր իր ընտանիքի պատկառելի ֆինանսական կարողությունների մասին տեղեկությունները, իսկ մի երկու օր առաջ արդեն հիշեց, որ «Կոնգրես» հյուրանոցն, օրինակ՝ ձեռք է բերվել նախագահի պաշտոնը թողնելուց հետո, իր ընտանիքի հարստության չափ կարողություն էլ Հայաստանում մի 200 ընտանիք հաստատ կունենա: Քոչարյանն, իհարկե, ակնհայտորեն համեստություն է անում՝ Հայաստանում հազիվ թե իր պես հարուստ 200 ընտանիքներ լինեն, բայց եթե անգամ ճիշտ է ասում՝ 200 ամենահարուստ ընտանիքների ցանկում լինելն էլ վատ ցուցանիշ չէ մի մարդու համար, ով ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել և անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Ինչևէ: Կարևորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը փրկելու է: Ավելի ճիշտ՝ իր ունեցվածքը հանենք, երևի, տակը շատ բան չի մնա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս