loader

«Ազատ խոսք». Բարիկադների և բանտային պատերի տարբերությունը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակների մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային վերջին նշանակումները հասարակության մեջ շոկ առաջացրեցին: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման շուրջ, և հասարակությունն ակնկալում էր, որ Նիկոլ Փաշինյանը կպարզաբանի իր այդ որոշումը: Եվ նա պարզաբանեց: Հայտարարեց, որ խնդիրը Հունան Պողոսյանի անձը չէ, պարզապես եկել է բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը:

Փաշինյանն, իհարկե, իրավացի է: Այն իմաստով, որ հասարակության ներսում բարիկադներ իսկապես չպետք է լինեն: Բայց մեր հասարակության ներսում բարիկադներ երբևէ չեն էլ եղել: Այսինքն՝ այնպես չի եղել, որ ժողովրդի մի մասը լինի բարիկադի մի կողմում, մյուս մասը՝ մյուս կողմում: Հայաստանում բարիկադների փոխարեն եղել են փշալարեր, որի մի կողմում եղել է ամբողջ ժողովուրդը, մյուս կողմում՝ բարձրաստիճան պաշտոնյաների փոքրաթիվ խմբի ուժայինները: Ամեն դեպքում՝ այո, բարիկադներ չպետք է լինեն: Բայց ցանկացած հասարակության մեջ լինում են օրինապաշտ քաղաքացիներ և հանցագործներ, ընդ որում՝ հասարակության այդ երկու հատվածները, որպես կանոն, իրարից բաժանվում են պատերով: Բանտերի պատերով: Դրա համար էլ բանտեր կան աշխարհի բոլոր երկրներում: Ե՛վ ամենաժողովրդավարական երկրներում, և՛ ամբողջատիրական երկրներում: Ու որևէ մեկի մտքով չի անցնում քանդել այդ պատերը և վերացնել բանտերը: Առավել ևս՝ որևէ երկրում որևէ մեկի մտքով չի անցնում բանտերից ազատ արձակել այն հանցագործներին, որոնք իրենց ոլորտներում բարձր պրոֆեսիոնալներ են, և նրանց փոխարեն բանտարկել նրանց, ովքեր ավելի մեղմ հանցանքներ են գործել, բայց իրենց ոլորտներում այնքան էլ բարձր կարգի պրոֆեսիոնալներ չեն:

Մի խոսքով՝ կան պատեր, որոնք կարելի է և պետք է քանդել, ու կան պատեր, որոնք չի կարելի քանդել: Հասկանալի է, որ եթե այսօրվա Հայաստանում սկսենք դատել բոլոր նրանց, ովքեր նախկին իշխանությունների օրոք հանցանքներ են գործել, բանտերում պարզապես տեղ չի լինի: Ու հասկանալի է, որ ոչ մի դեպքում չի կարելի գնալ այդ ճանապարհով: Եթե հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ տարիներ շարունակ ի պաշտոնե ստիպված են եղել կատարել վերին իշխանությունների ապօրինի հրահանգները, այդ մարդկանց պետք է հանգիստ թողնել: Բայց մեծ համաներումը նախ և առաջ պիտի տեղի ունենա հասարակության գիտակցության մեջ, և, ի դեպ, ոչ բոլորի վրա է, որ պիտի տարածվի այդ համաներումը: Կան, չէ՞, Քրեական օրենսգրքում հոդվածներ, որ այսինչ հանցանքները կատարած մարդկանց այսինչ ժամկետով արգելվում է զբաղեցնել պետական պաշտոններ:

Պարզ է, որ զուտ ձևական առումով նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ոչ մի հանցանք էլ չեն գործել, որովհետև հարուցված քրեական և դատարանի որոշումներ չկան: Բայց հասարակական ընկալումներում այդ մարդիկ հանցագործներ են: Իսկ հասարակական ընկալումները միշտ պետք է հաշվի առնվեն: Հատկապես այն իշխանությունների կողմից, որոնց միակ հենարանն այդ նույն հասարակության աջակցությունն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս