loader

«Ազատ խոսք». Բուլդոզերների զորացրման ժամանակը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների և քաղաքական ուժերի թույլ և ուժեղ կողմերի մասին:

Սկսենք նրանից, որ առաջիկա ընտրությունները մի հետաքրքիր առանձնահատկություն են ունենալու: Օրենքը, ինչպես հայտնի է, պահանջում է, որ խորհրդարանի մեկ երրորդն ընդդիմությունից լինի: Նախորդ ընտրությունների ժամանակ, որպես կանոն, ընդդիմադիր ուժերը շատ ավելի շատ ձայներ էին ստանում, բայց խորհրդարանի հազիվ մեկ երրորդն էին կազմում, որովհետև իշխող կուսակցությունը պարզապես կեղծում էր ընտրությունները: Այս անգամ հակառակն է լինելու. ընդդիմադիր ուժերը մեկ երրորդից քիչ ձայներ են ստանալու, բայց օրենքի պահանջով, տարբեր բոնուսներով խորհրդարանում ունենալու են իրենց երաշխավորված մեկ երրորդը: Եվ ահա այս իրավիճակում ՀՀԿ-ն ոչ ավել, ոչ պակաս հավակնում է դառնալ հաջորդ խորհրդարանի հիմնական ընդդիմադիր ուժը: Նրանց թվում է, թե եթե հասարակության մեջ նոր իշխանություններից հիասթափություն կա (իսկ այդ հիասթափությունն իսկապես կա և արդեն նկատելի է), ապա այդ հիասթափվածները իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին: Բայց տեսեք, թե որն է խնդիրը:

Այո, հիասթափությունը կա ու երևում է և՛ սոցկայքերում, և՛ լրատվամիջոցներում, և՛ պարզապես մարդկանց առօրյա խոսակցությունների ժամանակ, բայց ինչի՞ց են դժգոհում մարդիկ: Հիմնականում դժգոհում են, որ նոր իշխանությունները կարծես թե անում են այն նույն բաները, ինչը նախկինում ՀՀԿ-ն էր անում: Այսինքն՝ ՀՀԿ-ն վատ բան էր անում, չէ՞, եթե ՀՀԿ-ին նմանվելը դժգոհություն է առաջացնում: Հիմա ինչպե՞ս կարող են այդ դժգոհներն իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին: «Իմ քայլը» դաշինքին, այո, չեն ընտրի, բայց ՀՀԿ-ին նույնպես հաստատ չեն ընտրի: Ռեյտինգային ընտրակարգն էլ հազիվ թե օգնի, որովհետև ռեյտինգային ընտրակարգն ինքը փող բաժանողների կամ խոստացողների ինստիտուտ էր: Եթե հիմա փող չի բաժանվելու, ասֆալտը չի փռվելու և այլն, այդ ինստիտուտը, բնականաբար, կորցնում է իր նշանակությունը:

Հիմա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թույլ կողմերի մասին: Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, անմիջական շրջապատը կամ քաղաքական թիմը գուցե շատ լավն էր իշխանափոխություն իրականացնելու և հին համակարգը քանդելու համար, բայց նորը կառուցելու համար կարծես թե այնքան էլ հաջող չէ: Դա միշտ է այդպես: Հինը քանդելը և նորը կառուցելը տարբեր գործընթացներ են և տարբեր գործիքակազմ են պահանջում: Օրինակ՝ հին շինությունը քանդելու համար պետք է բուլդոզեր, բայց բուլդոզերով նոր շինություն չես կառուցի: Դրա համար էլ այդ քաղաքական թիմի ներկայացուցիչները հերթով հայտնվում են կոռուպցիոն կամ այլ բնույթի սկանդալների կիզակետում: Ու նաև այդպիսի սկանդալի արդյունքում քաղաքական ուժի վարկանիշը նվազում է կես տոկոսով, մեկ տոկոսով, երկու տոկոսով, բայց այդ առաջին հայացքից չնչին թվացող տոկոսներն իրականում տասնյակ հազարավոր մարդիկ են: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա վարկանիշն ու իր հետևորդներին հեշտությամբ չի հավաքել ու միանգամից չի հավաքել: Հավաքել է տարիներ շարունակ, «1+1+1...» սկզբունքով: Ու հիմա այդ «բուլդոզերների» պատճառով համակիրները կարող են պակասել «1-1-1...» սկզբունքով:

Ամեն դեպքում՝ հինը քանդելու գործընթացն ավարտված է, ու դեկտեմբերի 9-ից սկսվելու է նորը կառուցելու փուլը: Ցուցակը կհրապարակվի, ու պարզ կդառնա, թե ինչ թիմով է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում իրականացնել դա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս