loader

«Ազատ խոսք». Դե, հիմա ինչ տարել եք՝ հետ բերեք

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք նախկինների նկատմամբ, իբր, իրականացվող քաղաքական հալածանքների և անվտանգության խնդիրների մասին: Ընդամենը մի քանի օր առաջ շատերին թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Սերժ Սարգսյանի եղբորորդու հայտնաբերումը և այլն զուտ նախընտրական քարոզչության բաղադրիչներ են, և ընտրություններից հետո ամեն ինչ կհանդարտվի: Բայց ընտրություններից հետո գործընթացը շարունակվում է առավել ինտենստիվորեն:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով, ամբաստանյալի կարգավիճակում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, և այսպես շարունակ, ու դարձյալ լրատվամիջոցները խոսում են վենդետաների ու քաղաքական հալածանքների մասին: Հարցի իրավական կողմը թողնենք մասնագետներին: Ի վերջո, եթե նախկին նախագահի ընդամենը թիկնազորի պետը ասում է, որ մոռացել է հայտարարագրել 4 միլիոն դոլարը, կամ պատրաստակամություն է հայտնում 6 միլիոն դոլար վերադարձնել բյուջե, գուցե իսկապես հավանականություն կա, որ նա ազնիվ աշխատանքով է վաստակել այդ գումարները, և նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում:

Նույնն էլ կարելի է ասել Սերժ Սարգսյանի եղբոր մասին, ով պատրաստ է 30 միլիոն դոլար նվիրել պետությանը: Սա մի կողմ թողնենք և արձանագրենք երկու փաստ: Առաջին՝ Հայաստանը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, պատերազմի վերսկսման հավանականությունը բավականին մեծ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը որոշակիորեն խախտված է, և այդ հավասարակշռությունը վերականգնելու համար մեզ հսկայական գումարներ են պետք: Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ կոնկրետ թիվ է ներկայացնում՝ 2,5 միլիարդ դոլար: Ընդ որում՝ մեր բյուջեում այդպիսի գումարներ չկան, ու որևէ երկիր կամ միջազգային կառույց մեզ այդպիսի գումար չի նվիրի:

Երկրորդ փաստը. տարիներ շարունակ Հայաստանի բյուջեն թալանվել է, երկրից դուրս է բերվել մոտ 15 միլիարդ դոլար, տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ մուլտիմիլիոնատերեր են դարձել: Այսինքն՝ իրականում այդ գումարները կան, տերերի մոտավոր շրջանակն էլ հայտնի է: Այլ հարց է՝ հնարավո՞ր է ամբողջությամբ հայտնաբերել այդ գումարները, թե՝ ոչ, կամ հայտնաբերելուց հետո հնարավոր կլինի՞ ապացուցել դրանց ապօրինի ծագումը, թե՝ ոչ: Բայց փաստը մնում է փաստ՝ այդ գումարները թալանվել են, և թալանողները մոտավորապես հայտնի են:

Մի խոսքով՝ ունենք այսպիսի իրողություն՝ մի կողմից՝ Հայաստանը պիտի կարճ ժամանակում բանակի համար գտնի պայմանականորեն ասած 2,5 միլիարդ դոլարը (հակառակ դեպքում անվտանգային լուրջ խնդիրներ կառաջանան), մյուս կողմից՝ այդ գումարների հավանական տերերը կամ առնվազն տեղն իմացողները այդ գումարները վերադարձնելու ցանկացած փորձ գնահատում են որպես «քաղաքական հալածանք» կամ «դատաիրավական բեսպրեդել», ու չի բացառվում, որ զուտ իրավական տեսանկյունից իրավացի են: Հիմա ի՞նչ պիտի անեն նոր իշխանությունները: Պիտի առաջնորդվեն պետության անվտանգության շահերո՞վ, թե՞ պիտի հանգիստ թողնեն նախկիններին, որպեսզի հանկարծ քաղաքական հալածանքներ իրականացնողի համբավ չիրականացնի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս