loader

«Ազատ խոսք». Էդմոն Մարուքյանի տարբերակը շատ ավելի անիրատեսական է

«Հայաստան 24»-ի եթերում կխոսենք «Ելք» դաշինքում առկա տարաձայնությունների բուն բովանդակության մասին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Առավոտ» թերթում մի հոդված է հրապարակել, որտեղ բացատրել է, թե ինչու իրենք չեն մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած քայլերթին ու հանրահավաքային պայքարին, և ներկայացրել է իր պատկերացումները, թե դրա փոխարեն ինչ պետք է անել: Եթե մի քանի բառով ներկայացնենք, իմաստը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը դատապարտված է անհաջողության և ավելի է հուսահատեցնելու ժողովրդին, հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը պետք է ոչ թե այդ ճանապարհով գնա, այլ փորձի վերահսկել իշխանություններին՝ պահանջելով ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ և Սահմանադրական դատարանի, բարձրագույն դատական խորհրդի, Վերաքննիչ պալատի, Կենտրոնական բանկի խորհրդի և բազմաթիվ այլ կարևորագույն մարմինների անդամներ նշանակելու իրավունք: Մի խոսքով՝ պետք է իշխանությունից փայ ուզել և ներսից վերահսկել: Ի շահ հանրության:

Այլ հարց է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը «Ելք» դաշինքին կտա այդ պաշտոնները և իշխանություններին վերահսկելու մեխանիզմները:

Իհարկե չի տա: Էդմոն Մարուքյանն ինքն է ասում, որ ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին, ուրեմն էլ ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ն այդպիսի լիազորություններ տա ընդամենը 8 տոկոս ստացած «Ելք» դաշինքին: Բայց խնդիրը միայն սա չէ: Ամբողջական իշխանափոխության փոխարեն առանցքային պաշտոններ պահանջելը մեզանում նորություն չէ: Հիշո՞ւմ եք, նախագահական վերջին ընտրություններից հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցավ և իշխանություններից մի շարք առանցքային պաշտոններ պահանջեց, բայց իշխանությունները, որքան էլ զարմանալի է, մերժեցին: Դրանից հետո մարդիկ ցրվեցին, իսկ ավելի վաղ ուշ ըստ էության ցրվեց նաև «Ժառանգություն» կուսակցությունը:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը (Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու իմաստով) իրատեսական չէ: Եթե Սերժ Սարգսյանն իսկապես նպատակ ունենար կարգուկանոն հաստատել երկրում, պայքարել կոռուպցիայի դեմ, բարեփոխել դատական համակարգը, տնտեսության մեջ նորմալ մրցակցային պայմաններ ապահովել և այլն, վաղուց կաներ դա: Ու կաներ առանց ընդդիմության օգնության: Իր շրջապատից նորմալ, ազնիվ մարդիկ կգտներ, մեծ լիազորություններ կտար և կասեր՝ գնացեք, կտրուկ միջոցառումներով շտկեք իրավիճակը: Մինչև հիմա չի արել ոչ թե այն պատճառով, որ այդ կառույցներում ՀՀԿ-ականներ են նշանակվել, որովհետև որևէ բան փոխելու ցանկություն չի եղել: Եղել է ընդամենը ինչ-որ վերացական «արատավոր երևույթների» դեմ պայքարի իմիտացիա: Ու հիմա էլ նույնը շարունակվում է:

Իսկ հիմա Էդմոն Մարուքյանը փաստորեն առաջարկում է «Ելք» դաշինքին նույնպես ներգրավել այդ իմիտացիայի մեջ: Որպեսզի որպես ընդդիմություն՝ ավելի համոզիչ դարձնեն բեմականացումը: Ընդ որում՝ իշխանությունները գուցեև համաձայնվեին այդ տարբերակին, եթե վստահ լինեին, որ ժողովուրդը հավատալու է: Բայց նման երաշխիք չկա: Ո՞վ է ասել, որ ժողովուրդը իր անունից իշխանություններին վերահսկելու իրավունքը տալիս է Էդմոն Մարուքյանին:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս