loader

«Ազատ խոսք». Երբ խորհրդարանին «կարանտին» է պետք

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք խորհրդարանի նոր նստաշրջանի մեկնարկի և առաջին ձախորդությունների մասին: Յոթերորդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկը, եթե անկեղծ լինենք, այնքան էլ հաջող չէր: Սուր ելույթներ, փոխադարձ մեղադրանքներ, անգամ քաշքշուկ... Բայց ամեն ինչի մեջ պետք է տեսնել նաև դրականը, իսկ տվյալ դեպքում դրականն այն է, որ ի հեճուկս կանխատեսումների՝ ձանձրալի չի լինելու: Ամեն դեպքում՝ ամենաաչքի ընկած պատգամավորն առայժմ Հայկ Կոնջորյանն է:

Ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում նա հասցրեց, իբր, անդրադառնալ արտաքին քաղաքական խնդիրներին, Իրանը անվանել ավտորիտար երկիր ու շատ արագ խոստովանել, որ սխալվել է: Թե ով է նրան խնդրել քիթը խոթել այնպիսի հարցերի մեջ, որոնցից չի հասկանում: Բայց դե հիմա՝ միջադեպ էր, անցավ-գնաց: Առավել ևս, որ նա խոստացել է, որ նման բան այլևս չի անի: Խնդիրը շատ ավելի խորն է: Բանն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ցանկացած ձախողում ընկալվելու է որպես Նիկոլ Փաշինյանի անձնական ձախողումը, որովհետև ժողովուրդն իրականում ոչ թե այդ պատգամավորներին է ձայն տվել, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին: Իսկ այդպիսի ձախողումները, դատելով խորհրդարանի առաջին օրերի աշխատանքներից, դեռ շատ են լինելու, որովհետև պատգամավորներից շատերն ակնհայտորեն դեռ լավ չեն հասկացել, թե որտեղ են հայտնվել, ու պատասխանատվության ինչ բեռ կա իրենցից յուրաքանչյուրի ուսերին:

Նրանք դեռ չեն հասկացել խորհրդարանում հնչած ելույթի և ֆեյսբուքյան ստատուսի տարբերությունը ու կարծում են, որ եթե ֆեյսբուքյան ստատուսների շնորհիվ դարձել են պատգամավոր, ուրեմն՝ խորհրդարանում էլ պիտի շարունակեն աշխատել նույն ձևով: Ուրեմն ի՞նչ պետք է անել այս իրավիճակը շտկելու համար: Երբ, օրինակ, երեխաներին տանում են էքսկուրսիա որևէ գործարան կամ գիտահետազոտական լաբորատորիա, նրանց առաջին հերթին բացատրում են անվտանգության կանոնները, բացատրում են, որ առանց հարցնելու որևէ բանի ձեռք տալ չի կարելի, դա վտանգավոր է, և այլն:

Երբ զորակոչիկներին տանում են բանակ, նրանք ինչ-որ ժամանակ կարանտին են անցնում, և միայն դրանից հետո է նրանց մարտական զենք վստահվում: Իհարկե, լավ կլիներ, որ նոր պատգամավորները նախ անցնեին այդ քաղաքական կարանտինը և միայն դրանից հետո հայտնվեին Ազգային Ժողովում, բայց՝ ունենք այն, ինչ ունենք: Հիմա նրանց պետք է գոնե անվտանգության կանոնները սովորեցնել: Օրինակ՝ սովորեցնել, որ խոսելուց առաջ պետք է մտածել, որ իրենցից յուրաքանչյուրի խոսքը կարող է ընկալվել որպես պետության կամ իշխող քաղաքական ուժի դիրքորոշում, որ չի կարելի փորձել բարձրացնել սեփական վարկանիշը և ինքնահաստատվել պետության ղեկավարի վարկանիշի հաշվին: Իսկ մինչ այդ, երևի, պետք է կամ ընդհանրապես չհեռարձակել ԱԺ նիստերը, կամ էկրանին «վազող տողով» գրել, որ նիստերը փորձնական են և պետական դիրքորոշման հետ կապ չունեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս