loader

«Ազատ խոսք». Երրորդ անգամ անընդմեջ միակ հույսը ուժայիններն են

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում պայքարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկսած շարժման դեմ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարտավարությունը կարծես թե հստակ է: Ապրիլի 13-ից սկսած 4 օր շարունակ շուրջօրյա հանրահավաք են անելու և մտադիր են այնքան մարդ համախմբել, որ կարողանան շրջափակել ԱԺ բոլոր դարպասները և թույլ չտալ, որ պատգամավորները ներս մտնեն ու քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նույնիսկ հաշվարկներ են արվել, որ ԱԺ շենքն ամբողջությամբ շրջափակելու համար անհրաժեշտ է մոտ 51 հազար մարդ, իսկ միայն դարպասները շրջափակելու համար՝ 21 հազար: Այսինքն՝ տեսականորեն սա լուծելի խնդիր է (եթե հաշվի առնենք, որ վերջին ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը միայն Երևանում 70 հազար ձայն է ստացել):

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ներկայացրել է, թե ինչ տեղի կունենա, եթե իրադարձություններն այդպես զարգանան: Ասել է, որ որպես պատգամավոր՝ ինքը իրավունք ունի քվեարկել այնպես, ինչպես ուզում է, իսկ եթե այդ իրավունքը չի հարգվում՝ իրավապահ մարմիններ կան, որոնք պիտի ապահովեն դա: Այսինքն՝ ստացվում է, որ իրավապահները գալու են ապահովելու ոչ թե Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու իրավունքը, այլ պատգամավորների ազատ քվեարկության իրավունքը:

Բայց ձևակերպումներն էական չեն: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երրորդ անգամ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, և, ինչպես նախորդ երկու դեպքերում, պատրաստվում է դա անել իրավապահ մարմինների (պարզ ասած՝ ոստիկանության) օգնությամբ: 2008-ին էլ է այդպես եղել:

Եվ պատահական չէ, որ երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հատուկջոկատայիններով շրջափակված Օպերայի շենքում, Սերժ Սարգսյանն էլ Ազատության հրապարակում ընդունել է ուժայինների շքերթը:

Այդպես է եղել նաև 2013 թվականին: Հիմնական դերակատարը դարձյալ ոստիկանությունն էր:

Հիմա փաստորեն հայտարարվում է, որ եթե ժողովուրդը «խելոք չմնա», այս անգամ էլ է նույնը լինելու: Եվ ուշադրություն դարձրեք՝ զուտ ձևականորեն Սերժ Սարգսյանը դրա հետ կապ չունի: Ոստիկանությունը, հասկանում եք, պատգամավորների ազատ քվեարկության իրավունքն է պաշտպանելու: Պաշտպանելու է օրինազանց քաղաքացիներից, ովքեր առանձնակի դաժանությամբ փորձելու են ոտնահարել այդ իրավունքները:

Հասկանալի է, որ եթե մի կողմում խաղաղ ցուցարարներ են, իսկ մյուս կողմում՝ զինված ոստիկաններ, բախման ելքը կանխորոշված է: Բայց խնդիրը միայն սա չէ: 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Սերժ Սարգսյանը փորձեց հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը շեղել այդ դեպքերից և նախաձեռնեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Արդյունքը տեսանք: 2013թ. կասկածելի ընտրություններից հետո մտավ ԵԱՏՄ: Արդյունքները տեսնում ենք: Հետաքրքիր է՝ ի՞նչ տեղի կունենա այս անգամ՝ ապրիլի 16-ից հետո:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս