loader

«Ազատ խոսք». Եվրասիական բանտում՝ եվրոպական «հանձնուքների» հույսին

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կանդրադառնանք Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Ի վերջո կստորագրվի՞ Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, թե ոչ: Պատահական չէ, որ մինչև վերջին րոպեները այս ինտրիգը պահպանվում է, որովհետև 2013 թվականին Հայաստանը մի անգամ արդեն կարծես թե վերջնականապես պատրաստ էր ստորագրել այդ համաձայնագիրը (որն, իհարկե, շատ ավելի լուրջ փաստաթուղթ էր), բայց վերջին պահին նախապատվությունը տվեց ԵԱՏՄ-ին: Սերժ Սարգսյանն, ի դեպ, այսօր Բրյուսելում հայտարարել է, որ այն ժամանակ ոչ թե Հայաստանն է հրաժարվել պայմանագիրը ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը:
Զուտ ֆորմալ իմաստով Սերժ Սարգսյանն, իհարկե, իրավացի է: Եվրամիությունն է հրաժարվել: Հրաժարվել է, որովհետև Հայաստանը մինչ այդ մտել է Մաքսային Միություն: Այո, Հայաստան դեմ չէր լինի միաժամանակ ե՛ւ Մաքսային միության կազմում լինել, ե՛ւ ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: Բայց Եվրամիությունը գտնում էր, որ դրանք անհամատեղելի են:

Իսկ այսօր կամ վաղը ստորագրվելիք համաձայնագրից արդեն բացակայում են բոլոր այն կետերը, որոնք հակասության մեջ կմտնեին ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ: Դրա համար էլ սա շատ ավելի մեղմ փաստաթուղթ է:

Բայց նույնիսկ այս մեղմացված փաստաթղթի ճակատագիրն է անորոշ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույնիսկ ակնարկել է, թե ինչ խոչընդոտներ կարող են լինել: Պարզ ասած՝ հիմնականն այն է, որ Եվրամիությունը Ղարաբաղի հարցում կարող է այնքան էլ հայանպաստ դիրքորոշում չունենալ: Ըստ երևույթին հենց դրա համար էլ համաձայնագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը պատրաստվում է ելույթ ունենալ և ներկայացնել իր հատուկ կարծիքը:

Բայց արդյո՞ք Ղարաբաղի հարցում Եվրամիության դիրքորոշումը կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանը հրաժարվի նաև այս փաստաթղթից և վերջնականապես թաղվի Եվրասիական «180 միլիոնանոց» կոչվող ճահճի մեջ: Ուրիշ բան, եթե ԵԱՏՄ անդամ երկրները Ղարաբաղի հարցում հայանպաստ դիրքորոշում ունենային: Բայց ԵԱՏՄ-ում մենք գործնականում դաշնակիցներ չունենք: Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը բացահայտորեն սատարում են Ադրբեջանին, Ռուսաստանն էլ խոսում է ազատագրված տարածքները վերադարձնելու մասին ու հայտարարում է, որ շարունակելու է ժամանակակից սպառազինություն վաճառել Ադրբեջանին:

Այսինքն՝ այնպես չէ, որ Եվրամիությունում մեր թշնամիներն են, իսկ ԵԱՏՄ-ում մեր համար բոլորի ուշքը գնում է: Ճիշտ է, Եվրամիությունում սահմանների անձեռմխելիության սկզբունքը շատ են կարևորում (հատկապես Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո), բայց այնտեղ գոնե նախադեպ կա, որ պատերազմի արդյունքում ձևավորված սահմաններն ու պետական նոր կազմավորումներրը միջազգայնորեն ճանաչվեն, ինչպես դա եղավ Կոսովոյի դեպքում: Իսկ ԵԱՏՄ-ում այդպիսի նախադեպ չկա: ԵԱՏՄ անդամ երկրները նույնիսկ Ղրիմի միացումը Ռուսաստանին չեն ճանաչել, էլ ուր մնաց, թե երբևեէ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը կամ փաստացի միացումը Հայաստանին:
Այնպես որ՝ դա փաստարկ չէ: Համաձայնագրի ստորագրումն էլ, ի դեպ, չի նշանակում, որ մենք ազատվում ենք ԵԱՏՄ կոչվող բանտից: Դա ընդամենը նշանակում է, որ բանտում գտնվելով՝ դրսում սպասողներ ունենք, ու մեկ-մեկ էլ՝ հայերեն ասած, «պերեդաչի» կստանանք:

 Ամբողջական՝ տեսագրությունում.

Արմեն Բաղդասարյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս