loader

«Ազատ խոսք». Գերնպատակն ընտրակեղծիքների համակարգի ողնաշարը ջարդելն է

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի և նոր կառավարության քայլերի տրամաբանության մասին:

Հիշո՞ւմ եք, ապրիլի 21-ին «Մարիոթ» հյուրանոցի նախասրահում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին փաստորեն սպառնաց նոր մարտի 1-ով և հեռացավ, բայց ընդամենը երկու օր անց հայտարարեց, որ սխալվել է, և հրաժարական տվեց: Հիմա ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկրորդ անգամ է սխալվում: Նրանց թվում է, թե նոր կառավարությունը շատ կարճ կյանք է ունենալու, արագ ձախողվելու է, և իրենք վերադարձնելու են իշխանությունը: Այդպիսի բան չի լինելու: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ նոր կառավարությունն ինչքան էլ վատ աշխատի՝ նախորդ կառավարությունից ավելի վատ աշխատել չի կարող: Այնպես որ՝ ՀՀԿ-ի երազանքները թողնենք մի կողմ և անդրադառնանք նոր կառավարության առաջին քայլերին:

Տնտեսական բարդություններ, իհարկե, լինելու են, բայց վարչապետն ասում է, որ պետք չէ անհանգստանալ, փող շատ կա, պարզապես այդ փողն այնտեղ չէ, որտեղ պիտի լիներ: Խոսքը ակնհայտորեն ստվերային տնտեսության, կոռուպցիայի և օֆշորային հաշիվների մասին է: Բայց պատրանքների գիրկն ընկնել չարժե: Հազիվ թե հնարավոր լինի տարիների ընթացքում թալանվածը վերադարձնել բյուջե: Ինչ-որ մաս, իհարկե, կվերադարձվի բայց տնտեսական բոլոր խնդիրների լուծումը դրանով պայմանավորելը երևի սխալ կլինի: Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին էլ այն պատկերացումը կար, թե միայն «Ջերմուկով» հնարավոր կլինի պահել երկիրը:

Բայց արդյո՞ք նոր կառավարությունը այդպիսի պատրանքներ ունի, և արդյո՞ք ուժային կառույցների առաջին կտրուկ քայլերի նպատակը գողացվածը ետ բերելն ու բյուջեն համալրելն է: Փորձենք հասկանալ:

Տարիներ շարունակ Հայաստանի հիմնական պրոբլեմներից մեկը եղել է այն, որ ընտրությունները պարբերաբար կեղծվել են, և իշխանությունների նկատմամբ հասարակական վստահությունը եղել է զրոյական: Իսկ ինչպե՞ս են կեղծվել ընտրությունները: Ընտրակաշառքի միջոցով, ընդ որում՝ որպես ընտրակաշառք բաժանվել են կոռուպցիոն սխեմաներով պետությունից թալանված գումարները, և թաղային կրիմինալի միջոցով: Այդ բանդաները ոչ միայն ընտրակաշառք են բաժանել, այլև ահաբեկել են մարդկանց, եթե պետք է եղել՝ լցոնումներ են արել, քվեատուփեր են գողացել, և այլն: Իսկ ինչո՞վ են զբաղված ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս օրերին: Աշխատում են երկու հիմնական ուղղություններով: Բացահայտում են կոռուպցիոն սխեմաներն ու ապօրինի հարստացածներին, և հավաքում են նրանց բանդաներին ու թաղայյին կրիմինալին: Նրանց, ովքեր այս շարժման օրերին հարձակվում էին ցուցարարների վրա ու փորձում փրկել իենց տերերի իշխանությունը: Այսինքն՝ ուժային կառույցները հիմա շատ ավելի զբաղված են ընտրակեղծիքների կարծրացած համակարգի ողնաշարը ջարդելով: Եվ դա շատ կարևոր է: Այդ դիմակավորված ջարդարարները պիտի հատ-հատ բացահայտվեն, ցուցակագրվեն և անընդհատ հսկողության տակ լինեն, ու դա շատ հստակ երաշխիք կլինի, որ սրանից հետո ընտրությունները չեն կեղծվելու: Հետևաբար՝ ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ատիպ այլ կառույցներ այլևս իշխանության չեն գալու:

ՀՀԿ-ն այս գործընթացին դիմադրել չի կարող: Կարող է միայն փորձել պահպանել ընտրակեղծիքների համակարգի մյուս բաղադրիչները՝ ադմինիստրատիվ ռեսուրսը, ՏԻՄ-ը, արդարադատության համակարգը, ԿԸՀ-ը և այլն: Ու այդպես էլ վարվում է: Բայց կարելի է չկասկածել, որ հերթը նրանց էլ է հասնելու:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս