loader

«Ազատ խոսք». «Գործ N մարտի 1» կամ Քոչարյանի պրեզենտացիան

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք վերջերս հայկական հեռուստաալիքներից մեկով ցուցադրված «Գործ N մարտի 1» փաստավավերագրական ֆիլմի մասին: Այդ ֆիլմն, ինչպես հայտնի է, ցուցադրվել է 5-րդ ալիքով, որը, չտարածված տեղեկությունների համաձայն, պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկին, և հասարակության մեջ բավականին բուռն արձագանք է առաջացրել:

Հիմնականում բացասական, որովհետև ստեղծագործական խումբը, որը Ռուսաստանից է, ակնհայտորեն միակողմանի մոտեցում է ցուցաբերել, մանիպուլյացիաների է ենթարկել փաստերը և արդյունքում խեղաթյուրել է իրականությունը:

Օրինակ՝ ֆիլմում մարտի 1-ի իրադարձությունների բուն պատճառի մասին շատ մակերեսորեն է խոսվում: Բուն պատճառն, ինչպես հայտնի է, բացահայտորեն ու զանգվածաբար կեղծված ընտրություններն էին, իսկ ֆիլմում այնպես է ներկայացվում, կարծես փետրվարի 19-ին Հայաստանում փայլուն ընտրություններ էին տեղի ունեցել, և արձանագրվել էին ընդամենը աննշան խախտումներ: Կամ, ասենք, ֆիլմում ոչ մի խոսք չկա այն մասին, որ շարժման լիդերների ու ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները սկսվել էին մարտի 1-ից դեռ մեկ շաբաթ առաջ, և այլն:

Մի խոսքով՝ ֆիլմում առկա կեղծիքների մասին կարելի է առնվազն երեք անգամ նույնքան տևողությամբ ֆիլմ նկարել: Բայց խնդիրը միայն սա չէ: Բանն այն է, որ «Գործ N մարտի 1» ֆիլմն, ըստ էության, այնքան էլ մարտի 1-ի մասին չէ: Ավելի ճիշտ՝ միայն մարտի 1-ի մասին չէ: Ֆիլմի հիմնական թիրախը Հայաստանի այսօրվա իշխանություններն են, իսկ բուն նպատակը՝ ցույց տալը, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ընդամենը 2008թ. մարտի 1-ի շարունակությունն էր, այսպես ասած՝ «երկրորդ սերիան», ընդ որում՝ կազմակերպված անհայտ մութ ուժերի կողմից: Իսկ եթե հարցն այդպես է ներկայացվում, նշանակում է՝ թավշյա հեղափոխությունն իրականում անարյուն չի եղել, պարզապես զոհերը եղել են տասը տարի առաջ, ընդ որում՝ այդ զոհերի արյան պատասխանատուներն այսօր իշխանության են և վրեժ են լուծում առաջին փուլի ձախողման համար:

Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ նման մեկնաբանությամբ Ռուսաստանից լուրջ հարված է հասցվում Հայաստանի այսօրվա իշխանություններն: Այսինքն՝ ֆիլմի բուն նպատակը ոչ թե անցյալի իրադարձությունները, իբր, հետաքննելն է, այլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելը: Սա նաև Ռուսաստանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ցուցաբերված լուրջ աջակցություն է: Ընդ որում՝ աջակցություն ոչ թե կոնկրետ քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, այլ քաղաքական գործիչ: Որովհետև ֆիլմում անընդհատ անուղղակիորեն շեշտվում է՝ 2008-ին իշխանափոխություն տեղի չունեցավ, որովհետև կար Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2018-ին դա հաջողվեց, որովհետև Ռոբերտ Քոչարյանը չկար:

Եզրակացությունը միանշանակ է. Սերժ Սարգսյանը «դուրս է գրվել» Ռուսաստանի քաղաքական գործիքակազմից, և նրա փոխարեն ակտիվ դերակատարում է վերապահվել Ռոբերտ Քոչարյանին: Դժվար է ասել, թե ինչ արդյունք կտա այս փոխանակումը, բայց մարտի 1-ը հաստատ լավագույն առիթը չէր նման հայտ ներկայացնելու համար: Մարդիկ դեռ լավ են հիշում, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս