loader

«Ազատ խոսք». Հանգուցալուծման երեք տարբերակները

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք ներքաղաքական ակնհայտ ճգնաժամի և այն հաղթահարելու հնարավոր տարբերակների մասին: Ռուս հայտնի վիպասան Պիկուլն իր «Բայազետ» վեպում մի հետաքրքիր դիտարկում է ներկայացնում: Ասում է՝ մահմեդականներին հնարավոր է հաղթել միայն այն դեպքում, եթե նրանց համար նահանջի ճանապարհ են թողնում: Այդ դեպքում նրանք պարզապես փախչում են: Իսկ եթե նահանջի ճանապարհները փակում են ու սեղմում պատին՝ նրանք փափախներն իջեցնում են աչքերին ու ահավոր կատաղությամբ կռվում մինչև վերջ: Սա, ի դեպ, բնորոշ է բոլոր արևելցիներին:

Ըստ երևույթին՝ նախկին իշխանությունները հասկացել են, որ արժանապատիվ նահանջի ճանապարհներ չունեն, և որոշել են դիմադրել մինչև վերջ: Հիմա իրադարձությունների զարգացման ի՞նչ հնարավոր տարբերակներ կան: Հիմնական տարբերակները երեքն են:

Առաջին տարբերակ. առճակատումից խուսափելու համար կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և որոշում է ընդունվում միջև մայիս ոչինչ չձեռնարկել, իսկ մայիսին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում: Նախկին իշխանություններն, օգտագործելով իրենց ահռելի ֆինանսական ռեսուրսները, ակտիվ հակաքարոզչություն կսկսեն Նիկոլ Փաշինյանի դեմ (ի դեպ, արդեն սկսել են), սաբոտաժներ կկազմակերպեն, իսկ մայիսին, երբ Փաշինյանի՝ սահմանադրական իմունիտետի ժամկետն ավարտվի, խորհրդարանում անվստահություն կհայտնեն նրան ու նոր վարչապետ կընտրեն:

Այդ դեպքում ամեն ինչ նույնիսկ շատ ավելի վատ կլինի, քան նախքան հեղափոխությունը, որովհետև այս պարտությանը հասարակությունն այլևս չի դիմանա, և բոլորը, ովքեր ի վիճակի են, կհեռանան երկրից:

Երկրորդ տարբերակ. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից՝ այն հաշվարկով, որ խորհրդարանը նոր վարչապետ չի ընտրում, և նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս դեպքում լրջագույն վտանգ կա, որ խորհրդարանն, այնուամենայնիվ, կայծակնային արագությամբ նոր վարչապետ կընտրի, որն անմիջապես արտակարգ դրություն կհայտարարի, ուժային կառույցներում նախապես մշակված ծրագրով կադրային փոփոխություններ կիրականացնի, և զորքն ու հատուկ ստորաբաժանումները դուրս կբերվեն ժողովրդի դեմ: Հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանում կգտնվի այդպիսի գործիչ: Այո, կգտնվի: 2008-ի մարտի 1-ին մի անգամ արդեն այդպես եղել է: Ընդ որում՝ այս անգամ զոհերի թիվը կարող է հարյուրներով կամ անգամ հազարներով չափվել: Առավել ևս, եթե դրսից վարձկաններ մասնակցեն, ինչի հավանականությունը նույնպես մեծ է:

Երրորդ տարբերակ. Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական չի տալիս, հասարակության ճնշման տակ խորհրդարանը պարզապես ուժով լուծարվում է, և անցկացվում են նորմալ, ժողովրդավարական ընտրություններ: Սա, իհարկե, հակասում է Սահմանադրությանը, բայց, փաստորեն, ամենաանվտանգ տարբերակն է: Ճիշտ է՝ նախկին իշխանություններն աշխարհով մեկ ահավոր աղմուկ կբարձրացնեն, միջազգային կառույցները կոշտ գնահատականներ կտան և այլն, բայց պետության համար առաջնայինը պիտի լինի ցնցումներից զերծ մնալը: Ի վերջո, ցանկացած վարորդ իրավունք ունի խախտել երթևեկության կանոնները, եթե տեսնում է, որ հակառակ դեպքում վթարն անխուսափելի է: Առանց վախենալու, որ պետավտոտեսուչը կտուգանի դրա համար: Իսկ հակասահմանադրական հանգուցալուծման պատասխանատվությունը կընկնի նախկին իշխանությունների վրա, որովհետև նրանք են արգելափակել սահմանադրական տարբերակները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս