loader

«Ազատ խոսք». Հայկական Պանաման՝ «Հյուսիս-հարավ»

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Հյուսիս-հարավ» մայրուղու ներդրումային ծրագրի առկա վիճակի և կոռուպցիոն սխեմաների մասին:

Հիմա արդեն ակնհայտ է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու ներդրումային ծրագիրը պատմության մեջ կմտնի որպես Հայաստանի երրորդ հանրապետության մեծագույն արկածախնդրություն կամ խարդախություն: Այնպես, ինչպես, ասենք, Պանաման կամ Էյֆելյան աշտարակի վաճառքը: «Հյուսիս-Հարավն» իսկապես մեծագույն խարդախություն է, ե՛ւ մասշտաբներով, ե՛ւ ֆինանսական միջոցների ներգրավվածությամբ, ե՛ւ այն իմաստով, որ իրականացվում է տարիներ շարունակ, օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ:

Այն, որ այդ նախագիծը պարզապես հսկայական գումարներ յուրացնելու իդեալական մեխանիզմ էր՝ պարզ էր բոլոր նրանց համար, ովքեր գոնե մի անգամ անցել են այդ մայրուղու իբր արդեն ավարտված հատվածներով: Բայց ահա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտություների գրասենյակը հանգամանորեն վերլուծել է ներդրումային ծրագրի առկա վիճակը, և արդյունքում շատ ավելի լուրջ խնդիրներ են բացահայտվել:

Օրինակ: Սկզբում նախատեսված էր, որ այդ ճանապարհի կառուցումը պիտի արժենա 1 միլիարդ դոլարից էլ քիչ, իսկ ավելի ուշ պարզվեց, որ շինարարությունն ավարտին հասցնելը կարժենա 2 միլիարդ դոլար: Կամ, ասենք, Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածներում իրականացված աշխատանքների ծավալը նախատեսվածից 45 տոկոսով քիչ է եղել, բայց ծախսվել է նախատեսված ամբողջ գումարը, և այլն:

Բայց եկեք մի պահ մանրուքներից վերանանք (թեև մանրուք չէ, խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է): Այս ամենը սկսվել է դեռևս 2009 թվականին, Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Ի՞նչ է տեղի ունեցել: Հայտարարվել է միջազգային մրցույթ, երկու արտասահմանյան ընկերություններ հաղթել են, եկել են Հայաստան ու բազմաթիվ տեղական ընկերությունների հետ պայմանագրեր են ստորագրել, որոնց ուժերով էլ պիտի կառուցվեր ճանապարհը: Իսկ այդ տեղական ընկերությունները, հասկանալի է, բոլորն էլ ինչ-որ ձևերով կապված են եղել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հետո տարիներն անցել են, կառավարություններ ոու վարչապետներ են փոխվել, 2015-ից սկսած Հայաստանն արդեն վճարում է վարկի տոկոսները, այս տարվա մարտից ավելի շատ է վճարելու, իսկ ճանապարհի մեծ մասը դեռ պատրաստ չէ: Եղածի որակն էլ տեսնում ենք: Ավելին. Արտաշատից մինչև հայ-իրանական սահման և Գյումրիից մինչև հայ-վրացական սահման ճանապարհահատվածների անգամ նախագծերը մինչև հիմա չկան, ֆինանսավորման աղբյուրներն էլ հայտնի չեն: Իսկ կառավարությունը չի կարող նոր վարկային միջոցներ ներգրավել, որովհետև այս տարվա բյուջեի համաձայն՝ արտաքին պարտքի ծավալը հասնելու է ՀՆԱ-ի 59 տոկոսին, իսկ առավելագույն շեմը 60 տոկոսն է:

Դաշնակցությունն էլ առաջարկում է ճանապարհն ավարտին հասցնելու նպատակով գտնել շինարակական կազմակերպություններ, որոնք իրենց սեփական միջոցները կներդնեն: Հասկանալի է՝ հետագայում լուրջ եկամուտներ ստանալու ակնկալիքով: Այսինքն՝ ենթադրվում է, որ եթե ի վերջո այդ ճանապարհը կառուցվեի, պիտի վճարովի լինի:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Հայաստանը հսկայական վարկեր է վերցրել, դրանց տոկոսները մեր սերունդները պիտի վճարեն, 9 տարի շարունակ այդ գումարները մխսվել են, իշխանական վերնախավից ում ինչքան փող պետք է եղել՝ գնացել այնտեղից վերցրել է, հիմա գումարները չկան, ճանապարհը չկա, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, և հասարակությանը երկու տարբերակ առաջարկվում. կամ այդ ճանապարհը ընդհանրապես չպիտի կառուցվի, կամ պիտի մասնավոր ընկերությունները կառուցեն և դարձնեն վճարովի: Իսկ մինչև հիմա վերցված 250 միլիոնը՝ ոչինչ: Ժողովուրդը կամաց-կամաց կվճարի: Տոկոսներով:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս