loader

«Ազատ խոսք». Հեղափոխությունը չի ավարտվել, հեղափոխությունը սկսվել է

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք թավշյա հեղափոխության և իրադարձությունների հետագա ընթացքի մասին:

Պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանին. նա հեռացավ անարյուն: Իհարկե, ոչ այն պատճառով, որ մեծ մարդասեր էր կամ մտածում էր ժողովրդի մասին, այլ որովհետև հաշվեց և տեսավ, որ արյուն հեղելը միայն ծանրացնելու է իր հետագա ճակատագիրը: Ամեն դեպքում՝ պետք է արժանին մատուցել գոնե հաշվել կարողանալու համար: Եթե, իհարկե, կորուստ չհամարենք նրա նախագահական տարիներին Հայաստանից անվերադարձ հեռացած 420 հազար քաղաքացիներին:

Ինչևէ: Պետք է արձանագրել, որ 2018թ. ապրիլի 23-ին Հայաստանում հեղափոխություն սկսվեց: Այո, սկսվեց և ոչ թե ավարտվեց, ինչպես գուցե կարծում են շատերը: Որովհետև Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց նրա կառուցած կամ կատարելագործած բուրգը իր բոլոր արգահատելի դրսևորումներով պահպանվում է:

Այո, իշխանական համակարգում մնում են կոռումպացված չինովնիկները, իրենց մանդատները կանխիկ փողով գնած պատգամավորները, իշխանություններին քաղաքական ծառայություններ մատուցող կրիմինալ բանդաները և այլն:

Իհարկե՝ գայթակղություն կա տրվել էմոցիաներին և պատժել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում շատ վատ են պահել իրենց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Պատկերավոր ասած՝ մեծ գայթակղություն կա թրաշել Շմայսի գլուխը (ինչպես խոստացվել էր հանրահավաքի հարթակից):

Բայց Հայաստանում շատ ավելի կարևոր հարցեր կան լուծելու: Պետք է սկսել հեղափոխությունը: Եվ շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծես թե շատ լավ հասկանում է դա: Համենայն դեպս ամենակարևոր նախադասությունը նա արդեն ասել է. «Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, վրեժխնդրություն և վենդետա չի լինելու»: Ոմանց սա կարող է հիասթափեցնել, բայց եթե հեղափոխության նպատակը նորմալ իրավական պետություն կառուցելն է, ուրեմն կրիմինալ բանդաների ղեկավարների գլուխները պիտի սափրվեն բացառապես դատարանների որոշմամբ, թալանված միլիարդները պիտի վերադարձվեն բացառապես «պետությանը հասցված վնասի վերականգնում» իրավական ձևակերպմամբ և այլն:

Իսկ դրա համար Հայաստանում պետք է ձևավորել նորմալ իշխանություններ: Երկրում գոնե մի անգամ պիտի արդար ընտրություններ անցկացվեն, պիտի լեգիտիմ իշխանություններ ձևավորվեն, որպեսզի ունենանք և՛ նորմալ դատաիրավական համակարգ, և՛ նորմալ տնտեսական մրցակցություն:

Սա շատ բարդ խնդիր է, գուցե նույնիսկ շատ ավելի բարդ, քան Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելն էր: Նիկոլ Փաշինյանն այս հարցում դեռևս պահպանվող իշխանական համակարգում դաշնակիցներ կգտնի, թե ոչ՝ դժվար է ասել: Համակարգը ծայրից ծայր է փտած: Բայց մի հզոր դաշնակից արդեն կա. երիտասարդությունը: Այն երիտասարդությունը, որը Սերժ Սարգսյանին հեռացրեց՝ առանց իշխանությանը տիրելու ակնկալիքի: Պարզապես նորմալ երկրում արժանապատիվ ապրելու ձգտումով:

Ամբողջական՝ տեսագրությունում․

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս