loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ականները վերջին անգամ փորձում են դրսից «տղա բերել»

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հանրապետական կուսակցության վերջին երկու օրերի պահվածքի մասին:

ԱԺ այսօրվա նիստի հարցուպատասխանը ըստ էության երեկ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպման շարունակությունն էր, և երկու դեպքում էլ հանրապետական պատգամավորներից շատերը իրենց, մեղմ ասած, լավ չպահեցին: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե հանրապետական պատգամավորները պարզապես կամաց-կամաց ընդդիմության դերի մեջ են մտնում և ընդդիմադիր հարցեր են տալիս, բայց իրականում շատ ավելի տգեղ բան էր տեղի ունենում: Տասը տարի շարունակ ժողովրդին բազմաթիվ նախընտրական խոստումներ տված և դրանցից որևէ մեկը չկատարած կուսակցության ներկայացուցիչները փորձում էին հանրությանը ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է այդպիսին, ու կամաց-կամաց հրաժարվում է հանրահավաքային հարթակից հնչեցրած իր ելույթներից:

Ինչի՞ համար էր կազմակերպված այդ շոուն: Ինչո՞ւ էին հանրապետականները տեսախցիկների առջև հնչեցնում այնպիսի հարցեր, որոնց պատասխանները նախապես գիտեին: Պարզ ասենք. դա դրսից «տղա բերելու» վերջին հուսահատ փորձն էր: Որովհետև հիմնական հարցերը վերաբերում էին ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը և Նիկոլ Փաշինյանի՝ այդ թեմաներով ավելի վաղ արտահայտած տեսակետներին: Հանրապետականները հերթով համառորեն նույն հարցն էին տալիս, ու այնպիսի տպավորություն էր, կարծես թե դրանով ուզում էին Ռուսաստանի իշխանություններին ասել՝ տեսեք, թե ինչեր էր ասում, եկեք ձեր շահերից ելնելով փրկեք մեզ:

Միայն թե սա ուշացած փորձ է: Նախ՝ որովհետև սա ոչ թե բանդերլոգների իրականացրած հեղաշրջում է, այլ գիտակից հասարակության իրականացրած արժեքային հեղափոխություն: Եվ երկրորդ՝ Ռուսաստանն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի այն իշխանությունների հետ, որոնք կղեկավարեն երկիրը:

Բայց խնդիրը միայն սա չէ: Հարցը դիտարկենք պետական շահերի տեսանկյունից: Փաստորեն հանրապետականները հասկանում են, որ եթե Հայաստանում իշխանության եկողները հակառուսական քաղաքականություն իրականացնեն, Ռուսատանը կարող է շատ կոշտ արձագանքել, և Հայաստանը կարող է դրանից լրջորեն տուժել: Ուրեմն՝ ինչպե՞ս պիտի վարվեին հանրապետականները, եթե հասկանում են այդքանը: Պիտի ամեն կերպ համոզեին Ռուսաստանի իշխանություններին, որ թեև իրենք Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ ունեն, բայց նա հակառուսական քաղաքականություն չի իրականացնելու:

Այդպես պիտի անեին հանուն պետության, որպեսզի պետությունը չտուժի: Բայց հանրապետականները փաստորեն ճիշտ հակառակն արեցին: Փորձում էին Ռուսաստանին համոզել, որ սա գունավոր հեղափոխություն է, որ հաջողության դեպքում Հայաստանը թեքվելու է դեպի Արևմուտք, հետևաբար՝ լավ կլինի, որ Ռուսաստանը պատժի Հայաստանին: Դժվար է ասել՝ իրավական տեսանկյունից տեղավորվո՞ւմ է սա «պետական դավաճանություն» ձևակերպման մեջ, թե ոչ, բայց բովանդակային առումով շատ մոտ է դրան: Բարեբախտաբար՝ միշտ չէ, որ դավաճանների ծառայությունները պահանջված են:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս