loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ի բլեֆն ու կոտրած տաշտակի հեռանկարը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք ներքաղաքական կյանքում ի հայտ եկած նոր իրողությունների մասին: Եվ այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական տալ, և այդ դեպքում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: Ընդ որում՝ ներքաղաքական տեսանելի ռիսկերը չեզոքացված են: Նախ, որովհետև խորհրդարանում ներկայացված ուժերը գրավոր կամ բանավոր պարտավորվել են վարչապետի այլ թեկնածու չառաջադրել, և երկրորդ, որ ավելի կարևոր է, հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե երկու շաբաթով գնալու է տուն, այլ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները: Այսինքն, եթե անգամ խորհրդարանում ներկայացված ուժերը փորձեն դրժել իրենց գրավոր կամ բանավոր խոստումը, ոչինչ չի ստացվելու:

Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչի՞ համար էր այս ամբողջ աղմուկը, ինչո՞ւ խորհրդարանական երեք ուժերը հոկտեմբերի 2-ին այդպիսի աղմկահարույց օրինագիծ ընդունեցին և զուր տեղը և՛ հասարակության ամենակոշտ գնահատականներին արժանացան, և՛ կորցրեցին նախարարական ու մարզպետական պորտֆելները: Իրականում ՀՀԿ-ի համար այդ օպերացիան այնքան էլ ինքնանպատակ չէր: Բանն այն է, որ ստեղծված իրավիճակում վարչապետի հրաժարականը խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ սահմանադրական ճանապարհն էր: Ցանկացած այլ տարբերակ (օրինակ՝ խորհրդարանը ուժով լուծարելը) խնդիրներ կառաջացներ գործող Սահմանադրության հետ, և հանրապետականներն աշխարհով մեկ աղմուկ կբարձրացնեին, թե տեսեք՝ Հայաստանն ավտորիտար երկիր է, նոր իշխանությունները ոտնահարում են Սահմանադրությունը, հալածում են մեզ, և այլն:

Արդյունքում՝ միջազգային հանրության և միջազգային կառույցների հետ լրջագույն պրոբլեմներ կունենային և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ պետությունը: Բայց մեր երկրի միջազգային հեղինակության հարված հասցնելը կարծես թե առանձնապես չէր հուզում հանրապետականներին, դրա համար էլ նրանք փորձեցին փակել ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ սահմանադրական ուղին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի խախտել Սահմանադրությունը: Բայց նա, բարեբախտաբար, այդ խայծը կուլ չտվեց: Գերադասեց գնալ թվացյալ ամենավտանգավոր ճանապարհով՝ նախապես չեզոքացնելով վտանգները:

Այսինքն, թղթախաղի լեզվով ասած, ՀՀԿ-ի բլեֆը չստացվեց: ՀՀԿ-ն փորձեց թույլ խաղաթղթերով վախեցնել Նիկոլ Փաշինյանին և մեծ խաղադրույք կատարեց, բայց Նիկոլ Փաշինյանը չհավատաց, կրկնակի բարձրացրեց խաղադրույքը, և ՀՀԿ-ն նահանջեց: Կարելի է ասել՝ նույնիսկ ոչ թե նահանջեց, այլ հանձնվեց, որովհետև հիմա այդ կուսակցությունում քննարկում են, թե ընդհանրապես արժե՞ մասնակցել արտահերթ ընտրություններին, թե՝ ոչ:

Իհարկե, լավ կլինի մասնակցեն: Եվ ստանան իրենց հասանելիք մեկուկես տոկոսը, որը նրանց ձեռքից հաստատ որևէ մեկը չի խլի: Այնպես, ինչպես հայտնի հեքիաթի պառավից որևէ մեկը չխլեց կոտրած տաշտակը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս