loader
«Ազատ խոսք». ՀՀԿ-ի կապիտուլյացիան և քարոզարշավի մեկնարկը

«Ազատ խոսք». ՀՀԿ-ի կապիտուլյացիան և քարոզարշավի մեկնարկը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք հերթական անգամ կտրուկ փոխված ներքաղաքական իրավիճակի մասին: Ինչպես հայտնի է, երեկ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ «Ծառուկյան դաշինք»-ը պատրաստվում է աջակցել դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և վարչապետի հրաժարականի դեպքում այլ թեկնածություն չառաջադրել: ՀՀԿ խմբակցության 14 պատգամավորներ էլ իրենց ստորագրություններով կողմ են արտահայտվել խորհրդարանը լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրին, և այսպիսով կարելի է արձանագրել, որ խորհրդարանի մեծամասնությունը առնվազն այս հարցում (և՝ առնվազն թղթի վրա) վարչապետ Փաշինյանի կողմն է: Իսկ ՀՀԿ քաղաքական թևն ակնհայտորեն շոկի մեջ է: Բանն այնտեղ է հասել, որ այդ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե հիմա ինքն էլ չի հասկանում՝ ով է հանրապետական, ով՝ ոչ:

Ավելին՝ նա հայտարարել է նաև, թե քաղաքականությամբ պիտի զբաղվեն քաղաքական գործիչները: Ըստ երևույթին՝ նկատի ունենալով, որ վարչապետ Փաշինյանի կողմն անցածները հիմնականում ոչ թե քաղաքական դեմքեր են, այլ գործարարներ: Շարմազանովն այնպես է զարմացել, կարծես, առաջին անգամ է լսում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը քաղաքականության հետ կապ չունի:

Հետաքրքիր է, իսկ ո՞վ է ժամանակին այդ մարդկանց խորհրդարան բերել և մանդատի տեր դարձրել: Թե՞ Սերժ Սարգսյանին թվում էր, որ այդ մարդիկ պիտի իրենց անձնական բիզնեսներն ու վարկանիշը զոհաբերեն հանուն ՀՀԿ-ի չեղած վարկանիշի ու գոյություն չունեցող գաղափարախոսության: Ինչևէ: Հիմա արդեն ակնհայտ է, որ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և քաղաքական ուժերն այսօրվանից պիտի լարված աշխատեն՝ հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու համար:

Ընդ որում՝ Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված է, որ խորհրդարանում պիտի ներկայացված լինեն ոչ թե 3, այլ առնվազն 4 քաղաքական ուժեր, անցողիկ շեմն էլ պիտի 5 տոկոսից իջեցվի 4 տոկոսի (իսկ դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոսի): Հարց է ծագում՝ քաղաքական ո՞ր ուժերն այդպիսի հնարավորություն ունեն: ԱԺ հոկտեմբերի 2-ի հայտնի նիստից հետո ԲՀԿ-ի շանսերն, իհարկե, զգալիորեն նվազել են, բայց այդ կուսակցությունը, միևնույն է, պահպանում է հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունը:

«Լույս» դաշինքը նույնպես լավ շանսեր ունի: Իսկ ահա չորրորդ «թափուր տեղին» ակնհայտորեն հավակնում են Հայ ազգային կոնգրեսը (եթե կարողանա լիբերալ դաշտում լուրջ կոնսոլիդացիա ապահովել), և, որքան էլ տարօրինակ հնչի՝ ՀՀԿ-ն: Տեսեք՝ նույն Էդուարդ Շարմազանովն արդեն հայտարարում է, թե լավ, ի՞նչ է պատահել, ուզում են ընտրությունները դեկտեմբերին լինեն՝ թող դեկտեմբերին լինեն: Այսինքն՝ ՀՀԿ-ն ոչ միայն կապիտուլյացիայի է ենթարկվում, այլև, ըստ էության, սկսում է նախընտրական քարոզարշավը: Եվ, իհարկե, հավակնում է հիմնական ընդդիմադիր ուժի դերին:

Ասում են՝ քրեական հետապնդումների վտանգի դպքում այդ ամենը որպես քաղաքական հետապնդումներ ներկայացնելը երբեմն օգնում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս