loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ն չի ուզում հրաժարվել վառոդի տակառի կարգավիճակից

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների և քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին: Արդեն իսկ ակնհայտ է, որ կառավարությունը մտադիր է չսպասել մինչև մայիս և խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել հնարավորինս արագ:

Ու, թեև, քաղաքական ուժերի միջև քննարկումները պաշտոնապես չեն սկսվել, բայց մեծ հաշվով՝ հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշումները հայտնի են: Հիշո՞ւմ եք Ռյազանովի հանրահայտ «Գարաժ» ֆիլմը: Այնտեղ սկզբում ղեկավարության որոշմանը դեմ էին միայն նրանք, ովքեր այդ որոշմամբ զրկվել էին ավտոտնակից, իսկ մյուսները կողմ էին: Բայց ամեն ինչ ավարտվեց նրանով, որ կոռումպացված ղեկավարությունը պարզապես դուրս մղվեց գործընթացից: Մեր դեպքում, մոտավորապես, նույն պատկերն է: Խորհրդարանը ցրելուն և արտահերթ ընտրություններին կարծես թե բացահայտորեն դեմ են միայն Հանրապետականն ու Դաշնակցությունը, այսինքն՝ այն ուժերը, որոնք ներկայացված են այսօրվա խորհրդարանում, բայց հաջորդ խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, ներկայացված չեն լինի (եթե հաշվի առնենք հասարակական տրամադրություններն ու Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները): Բայց հանրապետականներն, իհարկե, այս մասին բարձրաձայն չեն ասում: Նրանք բոլորովին այլ փաստարկներ են բերում: Հիմնական փաստարկը հետևյալն է. «բայց ի՞նչ կարիք կա ցրել խորհրդարանը, մենք կառավարությանը չենք խանգարում, ինչ որոշում բերում են՝ խելոք-խելոք կողմ ենք քվեարկում»: Առայժմ իսկապես հենց այդպես էլ կա: Բայց այն իրավիճակը, երբ հասարակության բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող գործադիր իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն չունի, ըստ էության, վառոդի տակառ է՝ դրված ոչ միայն կառավարության, այլև ընդհանրապես քաղաքական համակարգի տակ:

Հիմա հանրապետականներն ասում են. «Հա, հետո ի՞նչ, որ վառոդի տակառի վրա եք նստած, մենք խոստանում ենք չպայթեցնել, տեսեք՝ մինչև հիմա չենք պայթեցրել»:

Իսկ գուցե ավելի լավ է պարզապես մի կո՞ղմ դնել այդ վառոդի տակառը, որպեսզի հանկարծ ամենաանպատեհ պահին չպայթի: Իհարկե, հանրապետականները կփորձեն մինչև վերջ դիմադրել: Առավել ևս, որ իրավական հարթության մեջ տեսանելի հեշտ լուծումներ կարծես թե չկան: Բայց այդ դեպքում էլ հազարավոր մարդիկ կարող են փողոց դուրս գալ և պարզապես պահանջել, որ խորհրդարանը ցրվի: Թեև, հանրապետականները սրա պատասխանը նույնպես ունեն: Հանրապետականները ժողովրդին խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ և սոցիալական ու կենցաղային խնդիրներ բարձրացնել: Առանց քաղաքական հարցեր բարձրացնելու:

Հանրապետականները, երևի, մոռացել են, որ ժողովուրդը նաև այլ պահանջմունքներ ունի և հեղափոխություն է արել ամենևին էլ ոչ ցածր կենսաթոշակի կամ տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով: Սերժ Սարգսյանը, թեև ուշացումով, բայց հասկացավ դա և խոստովանեց, որ սխալվել է: Իսկ ահա հանրապետականները կարծես թե դեռ մինչև վերջ չեն հասկացել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս