loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ն հասկանո՞ւմ է, թե ինչ քայլերի է դրդում կառավարությանը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք ներքաղաքական կյանքում անսպասելիորեն բացահայտված նոր իրողությունների մասին: Վարչապետ Փաշինյանը, ինչպես և խոստացել էր, խորհրդարանը ցրելու հարցի շուրջ բանակցություններ սկսեց քաղաքական ուժերի հետ և առաջինը հանդիպեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Այն նույն հյուրանոցում, որտեղ 5 ամիս առաջ ՀՀԿ ղեկավարը խոստովանել էր, որ ինքը սխալվել է: Կոնկրետ արդյունքներ առայժմ չկան, բայց որևէ մեկը չէր էլ ակնկալում, որ հենց առաջին հանդիպումից հետո ՀՀԿ-ն տեղի կտա: Բայց անակնկալ էր նաև այն, որ ՀՀԿ-ն ոչ միայն տեղի չտվեց, այլև, ըստ էության, անցավ հակահարձակման: Առայժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջոցով:

Վերջինս առաջարկում է փոխել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն արդեն հավանություն է տվել նախաձեռնությանը: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ ԱԺ-ն ցրելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ամենահավանական սցենարներից մեկը հետևյալն է. վարչապետը հրաժարական է տալիս, հետո (անակնկալներից խուսափելու համար) տասնյակ հազարավոր մարդիկ շրջափակում են ԱԺ շենքը, արդյունքում՝ 14 օրվա ընթացքում 2 անգամ ԱԺ-ն չի կարողանում վարչապետ ընտրել, և օրենքի ուժով խորհրդարանը լուծարվում է: Եվ կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Հիմա ահա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից մեկը, հանրապետականների անթաքույց աջակցությամբ, նախագիծ է ներկայացնում, որ եթե ԱԺ-ն չկարողանա նիստեր գումարել (ասենք՝ ԱԺ շենքի շրջափակված լինելու պատճառով), այդ դեպքում պետք է համարել, որ նիստն ընդհանտված է և պետք է իր աշխատանքները շարունակի խոչընդոտների վերացումից հետո: Պարզ ասած՝ ՀՀԿ-ն ցանկանում է ի չիք դարձնել ԱԺ-ն ցրելու այս տարբերակը, և ակնհայտ է, որ դաշնակցականներն ու «Ծառուկյան» խմբակցության առնվազն մի քանի պատգամավորներ այդ գործում աջակցելու են ՀՀԿ-ին:

Ուրիշ բան, որ փոխադարձ հարձակումներից և ուժի ցուցադրումից հետո կողմերը, երևի, այնուամենայնիվ, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Ի դեպ, ուժի ցուցադրության և փոխադարձ սպառնալիքների մասին: Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանն անուղղակիորեն հասկացրել է, որ եկող տարվա մայիսի 9-ին, երբ վարչապետ Փաշինյանի սահմանադրական իմունիտետի ժամկետը սպառվի, խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել նրան: Իսկ հեղափոխական խանդավառությունը կարող է թուլացած լինել, և Փաշինյանը կարող է հանրային ներկայիս աջակցությունը չստանալ: Արմեն Աշոտյանն ինչ-որ չափով իրավացի է: Այո, հասարակության մեջ Փաշինյանի կառավարությունից հիասթափության նշաններ արդեն երևում են: Բայց մարդիկ ավելի շատ հիասթափվում են ոչ թե նրանից, որ ներդրումներ չկան կամ թոշակները կտրուկ չեն բարձրանում, այլ որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դեռ ազատության մեջ են, հերթով բռնում-բաց են թողնում, թալանված միլիարդներն էլ դեռևս չեն վերադարձվել պետությանը:

Հիմա հետաքրքիր է, Աշոտյանի կարծիքով, ի՞նչ քայլեր պիտի անի Փաշինյանի կառավարությունը՝ հասարակության հիասթափությունը կանխելու նպատակով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս