loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ն ընդունո՞ւմ է Սերժ Սարգսյանի ոչ լեգիտումությունը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և նախկին իշխանությունների արձագանքների մասին: Ընտրությունների արդյունքները հայտնի են, դրանք միանգամայն սպասելի էին, այնպես որ՝ թվում էր, թե նախկին իշխանությունները պիտի որ խոսելու տեղ չունենան:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ, համենայն դեպս, երևանցիների ճնշող մեծամասնությունն աջակցում է նոր իշխանություններին: Ճիշտ է՝ 81 տոկոսն այնքան էլ գեղեցիկ չի հնչում, բայց պետք է արձանագրել, որ ընտրակեղծիքներ, գրեթե, չեն արձանագրվել, հետևաբար 81 տոկոսանոց արդյունքը ոչ այնքան «Իմ քայլը» դաշինքի հաղթանակն էր, որքան քաղաքական մյուս ուժերի պարտությունը: Քաղաքական մյուս ուժերը պարզապես չկարողացան (կամ չհասցրեցին) հարմարվել նոր իրողություններին և ծանր պարտություն կրեցին: Իսկ ահա Հանրապետականը, որը չէր մասնակցում այս ընտրություններին, որոշեց շեշտը դնել մասնակցության ցածր տոկոսի վրա և փորձել ապացուցել, որ 43 տոկոսանոց մասնակցությունը նոր իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի լուրջ ձախողումն էր, ու սրանից հետո նա չի կարող խոսել ամբողջ ժողովրդի անունից (որովհետև երևանցիների 57 տոկոսը չի հետևել նրա կոչին և չի մասնակցել ընտրություններին):

Փորձենք հասկանալ: Մինչև այս ընտրությունները ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում էին, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի, որովհետև ընտրություններում չի հաղթել, այլ իշխանափոխություն է իրականացրել առավելագույնը մի 150-200 հազար ցուցարարների շնորհիվ, իսկ նրանք Հայաստանի բնակչության անգամ 10 տոկոսը չեն կազմում: Հիշո՞ւմ եք, այս թեզը շրջանառվում էր և՛ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, և՛ օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո: Եվ տեսականորեն այս պնդման մեջ կարող էր ճշմարտության հատիկ լինել: Բայց տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները, և Նիկոլ Փաշինյանը, առնվազն Երևանում, լեգիտիմացրեց այն մանդատը, որը ստացել էր փողոցում: Բայց հանրապետականները հիմա էլ մաթեմատիկական հաշվարկներ են անում, թե բա գիտե՞ք՝ իշխանությունները ստացել են ոչ թե ընտրողների ընդհանուր թվի 81 տոկոսը, այլ միայն 43 տոկոսի 81 տոկոսը, ինչն ընտրողների ընդհանուր թվի միայն 35 տոկոսն է:

Լավ, ենթադրենք՝ առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ: Նախագահական վերջին 2 ընտրությունների ժամանակ մասնակցությունը եղել է մոտ 60 տոկոս: Երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանը մի կերպ է հաղթահարել 50 տոկոսը, ընդ որում՝ հիշում եք, թե ինչ մեթոդներով: Բայց անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, երկու անգամ նախագահ է հռչակվել ընտրողների թվի 30-32 տոկոսի ձայներով: Հիմա ի՞նչ, ըստ Հանրապետականների, Սերժ Սարգսյանը լեգիտիմ չի՞ եղել:

Ի դեպ, նույն պատկերն է նաև խորհրդարանական վերջին ընտրությունների դեպքում: ՀՀԿ-ն ընդհանրապես ստացել է ընտրողների ընդհանուր թվի 25-26 տոկոսի ձայները: Ընդ որում՝ ստացել է ընտրակաշառքի և թաղային խուժանի ջանքերի շնորհիվ: Բայց՝ միշտ խոսել է ժողովրդի անունից: Այնպես որ՝ թվային մանիպուլյացիաները չեն օգնի: Հատկապես՝ ՀՀԿ-ի կատարմամբ, որովհետև նրանց 10 հազարանոց էլեկտորատին բոլորս ենք հիշում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս