loader

«Ազատ խոսք». ՀՀԿ-ական պատգամավորները պետական գաղտնիք են բացահայտում

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք անախադեպ թանկացումների և իշխող կուսակցության, այսպես ասենք, ոչ ադեկվատ արձագանքների մասին:

Հասարակությանը զայրացրել է հատկապես հանրապետական պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի այն հայտարարությունը, թե թանկացումները աղքատ մարդկանց վրա առանձնապես չեն ազդում, որովհետև նրանք, միևնույն է, աղքատ են և թանկ ապրանք չեն գնում: Մոտավորապես նման մի բան էլ ասել է ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը: Նրա ասածն էլ այն է, որ եթե ընտանիքը աղքատ է և միայն կարտոֆիլով է սնվում, նրանց համար միևնույն է՝ միսն ու կարագը կթանկանա՞ն, թե ոչ: Ֆեյսբուքում, ի դեպ, ակցիա է սկսվել, որով պահանջվում է, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը:

Խորհրդային տարիներին այսպիսի անեկդոտ կար: Մեկը հրապարակավ Բրեժնևին անվանում է մառազմատիկ ծերուկ, ու նրան, բնականաբար, անմիջապես բռնում և դատում են: Բայց՝ ոչ թե պետության առաջին դեմքին վիրավորելու, այլ պետական գաղտնիք հրապարակելու համար: Նույնն էլ այս պատգամավորների դեպքում է: Այո, իշխանություններին ժողովրդի սոցիալական վիճակն առանձնապես չի մտահոգում, նրանց համար միևնույն է՝ աղքատ մարդիկ միայն հացով ու կարտոֆիլո՞վ կսնվեն, թե՞ մեկ-մեկ ուրիշ բան էլ կուտեն: Բայց իշխանություները իրենց այդ վերաբերմունքը գաղտնի են պահում ու ձևացնում են, թե գիշեր-ցերեկ ժողովրդի բարեկեցության մասին են մտածում: Ու հանկարծ հայտնվում են պատգամավորներ, ովքեր անկախ իրենցից բացահայտում են իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ: Այսինքն՝ մատնում են պետական գաղտնիքը:

Հիմա՝ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին: Նախ՝ միայն այդ երկուսը չեն, էլի՛ կան: ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, հայտարարում է, թե մարդիկ ճիշտ են անում, որ հանուն ընտանիքի բարեկեցության արտագաղթում են, ու հպարտորեն նշում է, թե բա գիտե՞ք, մարզից ոչ բոլորն են արտագաղթել: Բայց խնդիրը այս մարդկանց մտավոր մակարդակը չէ: Լավ, ենթադրենք՝ նրանք պատգամավորական մանդատները վայր դրեցին (պետական գաղտնիք հայտնելու համար), ու նրանց փոխարեն մանդատ ստացան այլ հանրապետականներ: Դրանից ի՞նչ է փոխվելու.ի՞նչ տարբերություն՝ խելացի՞ մարդը կոճակ կսեղմի՞, թե՞ ոչ այնքան խելացին: Միակ տարբերությունը կլինի այն, որ նորերը ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում և ավելի վարպետորն կթաքցնեն իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ:

Մինչդեռ խնդիրը հենց այդ վերաբերմունքն է, և ոչ թե լավ կամ վատ թաքցնելը: Եթե սուպերմարկետում ժամկետանց ապրանք է վաճառվում, որը վտանգավոր է մարդկանց առողջության համար, պետք է այդ ապրանքը վերացնել, և ոչ թե աշխատանքից ազատել այն աշխատողին, որը չի կարողանում վարպետորեն փոխել պիտակի վրայի պիտանելիության ժամկետը:

Տվյալ դեպքում հասարակության համար վտանգավոր «ապրանքը» իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունն է: Որովհետև դրա պատճառով ամեն տարի Հայաստանից տասնյակ հազարավոր մարդիկ են արտագաղթում:

Իսկ հասարակությունը այդ քաղաքականության վրա ազդելու լծակներ այլևս չունի: Որովհետև առաջիկայում ընտրություններ չեն լինելու: Հասարակություը շատ-շատ կարող է հասնել նրան, որ մեկ-երկու պատգամավորներ վայր դնեն մանդատները:

Արմեն Բաղդասարյան

Ամբողջական՝ տեսագրությունում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս