loader
«Ազատ խոսք». Ինչո՞ւ Լավրովը բացահայտեց «առևտրային գաղտնիքը»

«Ազատ խոսք». Ինչո՞ւ Լավրովը բացահայտեց «առևտրային գաղտնիքը»

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք հայ-ռուսական հարաբերությունների մասին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանում պայթած ռումբի էֆեկտ ունեցավ: Երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե ներկայումս Մոսկվան և Երևանը նախապատրաստվում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

Մեր արտգործնախարարության խոսնակն էլ պարզաբանեց, թե խոսքն, ամենայն հավանականությամբ, ՀՀ տարածքում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին է: Բայց դա, բնականաբար, որևէ մեկին չհանդարտեցրեց: Շատ շատերը դա գնահատեցին որպես Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարող կոպիտ պարտադրանք, որի իմաստը հետևյալն է. Ռուսաստանն իրեն համարում է հետխորհրդային տարածքի միակ տեր ու տիրականը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու համար հետխորհրդային երկրներին ստիպում է գրավոր պարտավորվել, որ իրենց տարածքներում ՀԱՊԿ-ից բացի այլ կառույցների զինվորականներ չեն լինելու: Կոպիտ ասած՝ Ռուսաստանն, իբր, հետխորհրդային երկրները համարում է իր «հարեմը», որի անդամները իրավունք չունեն իրենց դեմքը ցույց տալ որևէ այլ տիրոջ:

Հայաստանի իշխանություններն էլ իբր համակերպվել են այդ նվաստացուցիչ դերին և պատրաստ են ոտնահարել սեփական ինքնիշխանությունը: Հայաստանի իշխանություններն իսկապես բարդ վիճակում են: Հենց որ փորձում են ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում պնդել Հայաստանի շահերը, Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ իսկական աղմուկ են բարձրացնում, թե այդքան կտրուկ մի՛ եղեք, ոչինչ, մի քանի բան էլ կուլ տվեք՝ հանկարծ չբարկանան: Իսկ երբ փորձում են այդ նույն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ համաձայնագիր ստորագրել կամ քննարկել, հիմա էլ հակառակ կողմից է աղմուկ բարձրանում, թե հասեք-փրկեք, նորերը ոտնահարում են Հայաստանի ինքնիշխանությունը:

Ուրեմն ո՞րն է ճիշտ դիրքորոշումը: Ճիշտ դիրքորոշումը, ինչպես սովորաբար լինում է, այդ երկուսի միջակայքում է: Այո, եթե այդպիսի համաձայնագիր, ի վերջո, ստորագրվի, Հայաստանը տեսականորեն կզրկվի ինչ-որ մանյովրների հնարավորությունից: Հետևաբար՝ երկու տարբերակ կա: Կամ Հայաստանը պիտի կտրուկ հրաժարվի այդ համաձայնագրից, կամ դա ներկայացնի որպես լուրջ զիջում և փոխարենը Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից համարժեք զիջումներ պոկի: Օրինակ՝ պնդի, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն էլ իրենց հերթին պիտի գրավոր պարտավորվեն ժամանակակից սպառազինություն չվաճառել Ադրբեջանին: Կհաջողվի այդպիսի զիջումներ պոկել, թե՝ ոչ, այլ հարց է, բայց ճիշտն ամեն դեպքում բանակցելն է: Ու կարող ենք վստահաբար պնդել, որ Հայաստանի իշխանությունները այդպես էլ վարվում են: Դրա համար էլ փաստաթուղթն ընդամենը նախապատրաստման փուլում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս