loader

«Ազատ խոսք». Իրավապահներին շատ երես տալը վտանգավոր է

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք իրավապահների հակակոռուպցիոն գործողությունների և հասարակության ոչ միանշանակ արձագանքների մասին:

Այնպես է ստացվել, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանական համակարգի ամենագործուն օղակները ԱԱԾ-ն ու ոստիկանությունն են: Օր չի լինում, որ հանրությանը նորանոր սենսացիոն բացահայտումներ չներկայացվեն բյուջեից թաքցված հարյուր միլիոնավոր դրամների կամ ապօրինի զենք-զինամթերքի մասին: Նախկին պաշտոնյաների կամ նրանց մերձավորների ձերբակալությունների մասին լուրերի պակաս նույնպես չկա:

Իսկ հասարակության կարծիքը երկու մասի է բաժանվել: Հասարակության մի մասը (փոքր մասը) գտնում է, որ իրավապահներն, այնուամենայնիվ, ընտրողաբար են բացահայտումներ իրականացնում, ու նաև շատ անհամարձակ տեսակետներ են հնչեցնում, թե, այնուամենայնիվ, լավ կլինի՝ անմեղության կանխավարկածը պահպանվի, իսկ հասարակության մյուս մասը (մեծամասնությունը) հակառակը՝ գտնում է, որ իրավապահերը չափից դուրս շատ են ձևականությունների ետևից ընկնում: Եվ, օրինակ, գտնում են, որ Սաշիկին կամ Շմայսին պետք չէր ազատ արձակել այն պատճառաբանությամբ, թե իրենց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, որովհետև միևնույն է՝ բոլորը գիտեն, որ այդ մարդիկ հանցագործներ են, ու նրանց տեղը բանտում է:

Սա բավականին տարօրինակ վիճակ է, և ահա թե ինչու. տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ Հայաստանում ոստիկանության և ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության վերաբերմունքը խիստ բացասական էր: Այդպես էր անգամ խորհրդային տարիներին, երբ իրավապահները ցանկացած մեկի վրա կարող էին գործ սարքել և ազատազրկել: Ուրիշ բան որ չլիներ՝ գրպանը թմրանյութ կգցեին: Իրավիճակն այդպիսին էր նաև ընդամենը երկու ամիս առաջ: Իրավապահները համապատասխան պատվերով կարող էին ամենաանհեթեթ մեղադրանքներով ազատազրկել ցանկացած անցանկալի մարդու: Եվ հասարակությունը դրանից խիստ դժգոհ էր: Բայց իրավապահ համակարգը չի փոխվել, փոխվել են միայն ղեկավարները:

Հասարակությունը նույնպես չի փոխվել, նույն մարդիկ են: Բայց այն նույն մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի ամիս կամ մի քանի տարի առաջ դժգոհում էին իրավապահների կամայականություններից, այսօր այդ նույն իրավապահներից պահանջում են շատ էլ չխորանալ օրենքների մեջ և արդարադատությունն իրականացնել՝ հիմնվելով հասարակական ընկալումների վրա: Իսկ հասարակական ընկալումը, ի դեպ, միանգամայն արդարացիորեն, ենթադրում է, որ գեներալ Մանվելը պիտի ոչ թե ազատազրկվի, ասենք, 8 տարով, այլ 3 ցմահ ժամկետ ստանա ու ամիսը մեկ էլ գնդակահարվի: Բայց ինչո՞ւ է հասարակության մեծամասնության այս դիրքորոշումը տարօրինակ: Որովհետև մի երկրում, որտեղ ամենաակտիվ և գիշեր-ցերեկ աշխատող կառույցները ոստիկանությունն ու ԱԱԾ-ն են, շարքային քաղաքացիները միայն մի պաշտպանություն ունեն՝ օրենքը: Ուրիշ որևէ բանով շարքային քաղաքացիները պաշտպանված չեն: Առաջ կարող էին պաշտպանված լինել, ասենք, փողով կամ պաշտոնյաների հետ ազգակցական կապերով, իսկ հիմա միակ պաշտպանությունն օրենքն է:

Հետևաբար՝ տրամաբանական կլիներ, որ շարքային քաղաքացիները, իրենց իսկ շահերից ելնելով, իրավապահներից պահանջեին խստագույնս հետևել օրենքի տառին ու ոգուն: Հակառակ դեպքում վաղը-մյուս օրը իրավապահները կարող են մահակ դառնալ ոչ միայն նախկին հանցավոր իշխանությունների գլխին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս