loader

«Ազատ խոսք». Իսկ հեգնանքի գինը որտեղի՞ց ենք վճարելու

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք հայ-ռուսական հարաբերությունների մասին: Հայ-ռուսական հարաբերությունները, եթե անկեղծ լինենք, բավականին լարված են, և դա ակնհայտ է: Նախ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, հետո՝ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ Պուտինի շնորհավորանքը, հետո Լավրովի երկրորդ՝ ավելի կոշտ հայտարարությունը վկայում են այն մասին, որ Ռուսաստանի իշխանություններին, մեղմ ասած, դուր չեն գալիս Հայաստանի նոր իշխանությունների քայլերն ու երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Լավրովն, օրինակ՝ հայտարարել էր, թե «Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ», վարչապետ Փաշինյանն էլ հեգնել էր, թե «այսօր իսկապես բավականին շոգ էր»:

Նկատենք, որ Լավրովի հայտարարությունն ինքնին այնքան էլ հարգալից չէր Հայաստանի նկատմամբ, և այս իմաստով Փաշինյանի հեգնանքը շատերին կարող է դուր գալ: Այլ հարց է, թե որքանով Հայաստանին օգուտ կամ վնաս կտա, այսպես ասենք, «դուխով» արտաքին քաղաքականությունը: Հիմա՝ պրոբլեմների մասին: Լա՞վ է, թե՝ վատ, որ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ կան: Խորհրդային տարիներին, օրինակ՝ Պոլիտբյուրոյի և Հայաստանի Կենտկոմի միջև պրոբլեմներ չկային: Ռուսաստանի ցարի և Երևանի նահանգապետի միջև նույնպես պրոբլեմներ չկային: Եվ ընդհանրապես՝ մետրոպոլիաների և գաղութների տեղական իշխանությունների միջև պրոբլեմներ չեն լինում: Պրոբլեմներ լինում են իրավահավասար սուբյեկտների միջև, կամ՝ այն դեպքերում, երբ կողմերից մեկը փորձում է ապահովել իր իրավահավասարությունը, իսկ մյուսը դեմ է լինում:

Այդ դեպքում առաջանում են պրոբլեմներ, որոնք կամ հաղթահարվում են, կամ չեն հաղթահարվում: Այնպես որ՝ պրոբլեմների առկայությունն ինքնին վատ բան չէ. պայմանով, որ դրանք հնարավոր լինեն հաղթահարել: Հիմա որո՞նք են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որ Հայաստանը, գրեթե, լիակատար էներգետիկ կախվածության մեջ է Ռուսաստանից, այն, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից ուղարկված մասնավոր տրանսֆերներից, և այլն: Այսինքն՝ մեծ հաշվով, պրոբլեմների հիմնական մասը հանգում է փողին:

Ի դեպ, հրեական հայտնի ասացվածք կա. եթե պրոբլեմը հնարավոր է լուծել փողով, ուրեմն՝ դա ոչ թե պրոբլեմ է, այլ ծախս: Դա ճիշտ է նաև Հայաստանի դեպքում, բայց արդյո՞ք Հայաստանն ունի այդ փողը: Տեսականորեն՝ այո: Ճիշտ է՝ Արևմուտքն առայժմ չի շտապում օգնել, բայց կա Սփյուռք՝ շատ լուրջ ֆինանսական կարողություններով: Ճիշտ է՝ անկախության 25 տարիների ընթացքում Սփյուռքի աջակցությունն առանձնապես մեծ չի եղել, բայց տեսակետ կա, որ պատճառը Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահությունն էր:

Սփյուռքը վստահ չէր, որ լուրջ աջակցությունը կծառայեցվի պետության հզորացմանը, դրա համար էլ բավարարվում էր զուտ մարդասիրական ծրագրերով: Բայց հիմա իրավիճակ է փոխվել, հիմա իշխանությունների նկատմամբ այդ վստահությունը կարծես թե կա, և Հայաստանի իշխանությունները պիտի օգտվեն այս իրավիճակից: Պիտի Սփյուռքի աջակցությամբ իրականացվեն լրջագույն ծրագրեր, որոնք կարող են արժենալ մի քանի միլիարդ դոլար, որոնք կարող են իսկապես հզորացնել Հայաստանը, և որոնք կարող են հայ-ռուսական հարաբերությունները դարձնել իրավահավասար: Կամ էլ, եթե դա չի ստացվում, չարժե հեգնել Լավրովին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս