loader

«Ազատ խոսք». Իսկ իշխանափոխության լեգիտիմությունը կարևոր չէ՞

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքային պայքարի ճանապարհային քարտեզի մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ իրենք չեն աջակցում և չեն հանդուրժում այն խմբերին, որոնք փորձում են բռնության ճանապարհով հասնել իշխանափոխության, և դրանից երկու օր անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք կհամագործակցեն միայն այն ուժերի հետ, որոնք միանշանակ մերժում են բռնությունը: Նույն ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև՝ ինչպես է ինքը պատկերացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը և այդ պայքարում հաղթանակի հասնելու ձևը:

Իշխանությունների վերաբերմունքը այս մարտավարության նկատմամբ հասկանալի է:

ՀՀԿ-ն երևի կարող է իրեն թույլ տալ նման դիրքորոշում արտահայտել, որովհետև «ՔՊ»-ի ներկայացրած իշխանափոխության սխեման բավականին խոցելի կողմեր ունի: Բանն այն է, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու և երկարաձգելու հարցում գոնե ձևական կողմը պահպանել է: Ընտրություններ են կազմակերպել, քվեաթերթիկներ են տպել, քարոզչություն են իրականացրել, մարդկանց գումարներ են բաժանել, որպեսզի արտաքին պատշաճությունը պահպանվի, և հարցը ներկայացվի այնպես, իբր Սերժ Սարգսյանի իշխանությունը ընտրությունների արդյունքներով է պայմանավորված: Իսկ ահա «ՔՊ»-ը նույնիսկ արտաքին պատշաճությունը կամ ձևական կողմը չի պահպանում:

Լավ, ենթադրենք՝ ստացվեց: Ասենք՝ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին Ազատության հրապարակում, իշխանություններն էլ վախեցան և որոշեցին, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի ունենալու: Այդ դեպքում, ըստ տրամաբանության, Ազատության հրապարակում պիտի հավաքվի, ասենք, 100 հազար մարդ, ժողովուրդը պիտի տեղում որոշի, թե ով է վարչապետի իր թեկնածուն, այդ մարդուն ձեռքերի վրա տանի Ազգային Ժողով և ստիպի, որ պատգամավորները առաջադրեն նրա թեկնածությունը և ընտրեն վարչապետ:

Հարց է ծագում՝ իսկ որքանո՞վ լեգիտիմ կլինի այդ թեկնածուի իշխանությունը, եթե անգամ ամեն ինչ հենց այդպես էլ տեղի ունենա, և հանրապետական պատգամավորները ժողովրդի ճնշման տակ հերթով դիմումներ գրեն, ՀՀԿ-ից դուրս գան և անդամակցեն «Ելք» դաշինքին: Որքանո՞վ է ընդհանրապես ընդունելի, որ երկրի բարձրագույն իշխանությունները ձևավորվեն առանց ընտրությունների՝ այն պատճառաբանությամբ, որ նախորդ ընտրությունները կեղծվել են: Թե՞ սկզբում պետք է իշխանափոխություն իրականացնել և միայն դրանից հետո ընտրությունների միջոցով օրինական տեսք տալ դրան:

Երբ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնում էր Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու իր ծրագիրը, անընդհատ սպասում էինք, որ պիտի խոսվի հարյուր հազարավոր քաղաքացիների միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելու մասին: Այսինքն՝ պիտի կազմակերպվեն խորհրդարանական նոր ընտրություններ (որովհետև Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն է խախտել), և այդ ընտրություններով ձևավորված խորհրդարանը պիտի վարչապետ ընտրի: Կամ էլ՝ սահմանադրական բարեփոխումների նոր հանրաքվե կազմակերպի և երկիրը վերադարձնի կառավարման նախագահական համակարգի:

Բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ոչինչ չասվեց: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

Ամբողջական՝ տեսագրությունում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս