loader

«Ազատ խոսք». Իսկ ո՞ւմ է ընդհանրապես պետք խորհրդարանը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք արդեն իսկ հրապարակված նախընտրական ցուցակների և ապագա խորհրդարանի դերի վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի պատկերացումների մասին: Եվ այսպես, ցուցակները հրապարակված են, իսկ հասարակության արձագանքը՝ ոչ միանշանակ: Տարակուսանք, հիասթափություն, քմծիծաղ և այլն: Ընդ որում՝ ասվածը վերաբերում է բոլոր հիմնական ուժերի ցուցակներին: Բայց, իհարկե, մարդկանց ամենաշատը հետաքրքրում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը: Իսկ ցուցակի 80 տոկոսը հասարակությանն անհայտ անուններ են: Նրանք էլ, ովքեր շատից-քչից հայտնի են, ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո վերադառնալու են կառավարություն: Այսինքն՝ մարդիկ գնալու են և ձայն են տալու մի ցուցակի, որի 80 տոկոսին չեն ճանաչում: Այն հույսով, որ հետո կծանոթանան:

Այդ՝ հասարակությանն անծանոթ և, ըստ երևույթին, հիմնականում երիտասարդ թեկնածուները գուցե փայլուն կադրեր են, գուցե օրենսդրական աշխատանքի համար ընդհանրապես պիտանի չեն... Սա հետո կերևա: Ճիշտ է, քաղաքական գործիչները, սովորաբար, նախ կայանում են և միայն հետո են հայտնվում խորհրդարանում, և ոչ թե հայտնվում են խորհրդարանում, որպեսզի այնտեղ կայանան, բայց սա դեռ մի կողմ թողնենք: Ի վերջո, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր փոքր կուսակցությամբ նախապես քաղաքական գործիչների մեծ թիմ կայացնելու հնարավորություն պարզապես չի ունեցել և հիմա դա անում է հընթացս: Բայց մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ ներկայացված ցուցակները բավականին հստակ պատկերացում են տալիս այն մասին, թե քաղաքական ուժերի լիդերներն ինչ դեր են վերապահում խորհրդարանին ընդհանրապես:

Հանրապետականներն, օրինակ՝ համարում են, որ ապագա խորհրդարանն իրենց համար ընդամենը խոսափող է լինելու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քննադատելու համար, և այդ տրամաբանությամբ՝ ցուցակում ընդգրկում են հատկապես նրանց, ովքեր ամենասուր քննադատական ելույթները կհնչեցնեն: Դավիթ Շահնազարյան, Մենուա Հարությունյան և այլն: Իսկ ահա «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կարծես թե կազմված է այն տրամաբանությամբ, որ դրանում ընդգրկված լինեն և՛ այդ քննադատություններին «արժանի հակահարված հասցնողներ», և՛ պարզապես կառավարության բոլոր նախաձեռնություններին սուսուփուս «կողմ» քվեարկողներ: Կա՞ն արդյոք «Իմ քայլը» դաշինքի ցուցակում թեկնածուներ, ովքեր, ասենք, դեմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած նախաձեռնություններին: Համենայն դեպս, այս պահին չեն երևում: Ու հետագայում էլ հազիվ թե երևան, որովհետև այդ ապագա պատգամավորները, գրեթե առանց բացառության, խորհրդարանում հայտնվելու են բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական հեղինակության շնորհիվ և իրենց մանդատների համար նրան են պարտական լինելու: Իսկ սա նշանակում է, որ առաջիա տարիներին նույնպես խորհրդարանն առանձնապես մեծ դերակատարում չի ունենալու երկրի ներքաղաքական կյանքում: Եվ սա մի երկրում, որտեղ, եթե չեք մոռացել, գործում է կառավարման խորհրդարանական մոդելը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս