loader

«Ազատ խոսք». Իսկ ո՞ւր էր Սերժ Սարգսյանը

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք կուսակցությունների ցուցակների առաջին դեմքերի մակարդակով կազմակերպված քաղաքական մեծ բանավեճի մասին: Միանգամից ասենք՝ բանավեճը ստացվեց, բայց միայն տեղ-տեղ էր բանավեճ: Որոշ դրվագներում սովորական լեզվակռիվ էր, որոշ դրվագներում՝ պարզապես գեղեցիկ, բայց ոչինչ չասող բառերի շարան. պոպուլիզմ, դեմագոգիա, ժողովրդին դուր գալու անզուսպ ցանկություն և այլն:

Ինչպես և սպասվում էր, հիմնական ինտրիգը ՀՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի լիդերների բախումն էր: Ընդ որում՝ Վիգեն Սարգսյանը բանավեճին ներկայացել էր լավ պատրաստված: Համենայն դեպս, ռեկվիզիտների առումով: Իր հետ բազմաթիվ գրաֆիկներ ու սխեմաներ էր բերել, և երբ Նիկոլ Փաշինյանը տնտեսության վերաբերյալ թվեր հրապարակեց, Վիգեն Սարգսյանը փորձեց այդ գրաֆիկների միջոցով հիմնավորել, թե տեսեք՝ տնտեսությունն աճում է, բայց յոթ ամիս առաջ ավելի արագ տեմպերով էր աճում, արտահանումն ավելանում է, բայց մեր ժամանակ ավելի մեծ տեմպերով էր ավելանում, և այլն: Այսինքն՝ աճի տեմպերը կտրուկ դանդաղել են: Երևի, բանավեճի ֆորմատը հնարավորություն չէր տալիս ավելի հանգամանորեն անդրադառնալ այս խնդրին, բայց մի դիտարկում, այնուամենայնիվ, ներկայացնենք:

Լավ, ենթադրենք՝ Վիգեն Սարգսյանը ճիշտ է ասում՝ տնտեսական տարբեր ցուցանիշների աճի տեմպերը դանդաղել են, 7-8 ամիս առաջ ցուցանիշներն ավելի լավն էին: Ենթադրենք: Բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Վիգեն Սարգսյանը: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ կապ ունեն դրա հետ ՀՀԿ ցուցակում ընդգրկված թեկնածուները: Եթե նախկինում իսկապես ավելի լավ է եղել, ինչպես ասում է Վիգեն Սարգսյանը, ապա դա եղել է Սերժ Սարգսյանի օրոք: Բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկա ՀՀԿ ցուցակում, բա ինչո՞ւ է ընդհանրապես անհետացել քաղաքական ասպարեզից, ինչո՞ւ ոչ մի տեղ չի երևում: Բա կուսակցության «անփոխարինելի առաջնորդ» էր հռչակվել, թող ինքն էլ գլխավորեր ցուցակը, գար կանգներ մյուս թեկնածուների կողքին ու անձամբ ներկայացներ իր «փայլուն նվաճումները»: Կամ գուցե Սերժ Սարգսյան պետության ընդհանուր ղեկավարումն էր իրականացնում, իսկ տնտեսության պատասխանատուն վարչապետ Կարեն Կարապետյա՞նն էր: Շատ լավ, բայց այդ դեպքում ինչո՞ւ հանրապետականները այդպիսի փայլուն ցուցանիշներ արձանագրած մարդուն երկրորդ պլան մղեցին: Սկզբում բերեցին, որ իրենց համար քարոզարշավ իրականացնի, խաբեցին, թե «Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով չի առաջադրվելու, դու էլ ես լինելու հաջորդ վարչապետը», հետո էլ ճամփեցին-գնաց:

Բա այդպիսի փայլուն ցուցանիշներ էր ապահովել, պահեիք, դարձնեիք վարչապետ, հեղափոխությունն էլ գուցե տեղի չունենար: Իսկ Վիգեն Սարգսյանն ամեն դեպքում մի գրաֆիկպ ակաս էր բերել: Կարող էր ներկայացնել նաև Հայաստանի բնակչության թվի դինամիկան վերջին 10 տարիներին, ու կողքն էլ՝ կետագծերով, այդ ժամանակաընթացքում երկրից արտագաղթածների թիվը: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 320 հազար մարդ: Երևի, տնտեսական փայլուն ցուցանիշներից են փախել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս