loader

«Ազատ խոսք». Իշխանությունները ձեռք տվեցին, մնում է՝ խաղան

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրի և հետագա հնարավոր զարգացումների մասին:

Համաձայնագրի ստորագրումը Հայաստանում այնքան էլ միանշանակ չընդունվեց: Մարդկանց մեծ մասին, իհարկե, առաջին հերթին հետաքրքրում է Եվրամիության հետ վիզաների ազատականացումը և ազատ առևտրի ռեժիմը, բայց միաժամանակ անհեթեթության հասնող տեսակետներ են հնչում, թե դրա դիմաց Եվրամիությունը մեզնից չափազանց բարձր գին է պահանջելու, և Երևանում գեյ-շքերթներ են լինելու, միասեռական ամուսնությունները օրինականացվելու են, և այլն:

Բայց սրանք, իհարկե, արհեստական խնդիրներ են: Բուն խնդիրները շատ ավելի լուրջ են:

Առաջին խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի հանգստանա, մինչև ինչ-որ ձևով սրա համար մեզ մի վնաս չհասցնի: Ռուսաստանի իշխանություններն ակնհայտորեն անկեղծ չեն, երբ հայտարարում են, թե Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե ում հետ ինչ համաձայնագիր ստորագրի: Ապացույցը այն ահավոր հակահայկական հիստերիան է, որ վերջին օրերին բարձրացվել է ռուսական քարոզչամիջոցներով: Այդ քարոզչությունը, ինչպես ցանկացած այլ քարոզչություն, ինքնանպատակ չէ: Ի՞նչ իմաստ ունի հենց այնպես ռուս հեռուստադիտողներին բացատրելը, թե որքան վատն են հայերը: Այդ քարոզչությամբ Ռուսաստանի հասարակական կարծիքը նախապատրաստում են ինչ-որ հակահայկական քայլերի, ու մենք պիտի պատրաստ լինենք դրանց:

Երկրորդ պրոբլեմը հետևյալն է: Եվրամիության դեսպան Սվիտալսկին շատ հստակ, բաց տեսքով հասկացրեց, որ Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո դժվարին ճանապարհ ունի անցնելու և արդյունքի կհասնի միայն այն դեպքում, եթե հետևողականորեն շարունակի ինստիտուցիոնալ բարեփոխումները, այդ թվում՝ դատաիրավական համակարգում, փոքր և միջև բիզնեսի աջակցության ոլորտում, արդյունավետ պայքար մղի կոռուպցիայի դեմ, և այլն: Այսինքն՝ եթե մենք դա չանենք, ստորագրված համաձայնագիրն ընդամենը թղթի կտոր է: Ու հիմա հարց է ծագում՝ իսկ Հայաստանի իշխանությունները ուզո՞ւմ են անել դա:

Համենայն դեպս մինչև հիմա իշխանությունների մոտ այդպիսի ցանկություն չի նկատվել: Ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ, իհարկե, արվել են, բայց եթե անկեղծ լինենք՝ արդեն 20 տարի է, ինչ Հայաստանի իշխանական համակարգը հիմնված է հենց կոռուպցիայի վրա, ընտրակեղծիքների վրա, դատաիրավական համակարգի անկատարության վրա, տնտեսական մրցակցության բացակայության վրա և այսպես շարունակ: Հենց սա է պատճառը, որ ինչքան ժողովրդի վիճակը վատացել է, այնքան իշխանությունները ավելի մեծ տոկոսներ են խփել ու ավելի մեծ տոկոսներով են վերարտադրվել: Այսինքն՝ դեռ հարց է, թե եթե ընտրակեղծիքներ չլինեին, եթե կոռումպացված չինովնիկներ չլինեին, եթե դատաիրավական համակարգը անկախ լիներ և ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներին կեղծ մեղադրանքներով բանտերը չլցներ,Սերժ Սարգսյանին կհաջողվե՞ր 2008-ին նախագահ դառնա և 2013-ին վերընտրվել, թե ոչ:

Հիմա մի քիչ ուրիշ վիճակ է: Հիմա ընդդիմությունը ջախջախված է, առաջիկայում ընտրություններ չեն լինելու, և քաղաքական բաղադրիչը ժամանակավորապես մղված է երկորդ պլան: Բայց տնտեսական բաղադրիչը մնում է: Վերջին հաշվով՝ կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, օլիգարխիկ-կլանային համակարգը և այլն, որոնց դեմ Եվրամիությունը կոչ է անում պայքարել, Հայաստանի իշխանություններին հարյուր միլիոնավոր դոլարների շահույթ են բերում: Եթե ոչ միլիարդների: Հայաստանում միջինից բարձր օղակների ցանկացած չինովնիկ շատ ավելի բարեկեցիկ կյանքով է ապրում, քան Եվրամիության անդամ երկրների իր գործընկերները: Նախագահների մասին ընդհանրապես չենք խոսում: Եվրամիությունում միլիարդատեր նախագահներ չկան, իսկ ԵԱՏՄ-ում՝ հակառակը. ոչ միլիարդատեր նախագահներ չկան:

Այնպես որ՝ Հայաստանի իշխանությունները հազիվ թե ինքնակամ հրաժարվեն այս վիճակից: Իսկ սա նշանակում է, որ բուն պայքարը նոր է սկսվում:

Ամբողջական՝ տեսագրությունում:

Արմեն Բաղդասարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս