loader

«Ազատ խոսք». Իշխանություններ-ժողովուրդ՝ 3:0 (ավելացված ժամանակից առաջ)

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք ապրիլի 9-ից հետո Հայաստանում ձևավորված իբր նոր իրավիճակի մասին:

Այո, երեկվանից բոլորս ապրում ենք խորհրդարանական կառավարման համակարգում: Բայց պատրանքը, թե իբր երկրում ինչ-որ բան է փոխվելու, տևեց ընդամենը մեկ օր: Արդեն այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես ըստ էության հայտարարեց, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի լիազորությունները չեն սահմանափակվելու և չեն փոքրանալու, մնալու են նույնը:

Ի՞նչ է սա նշանակում: Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 17-ից հետո դառնալու է առաջին փոխվարչապետ, բայց պահպանելու է իր լիազորությունները, նշանակում է՝ փոխվելու է միայն պաշտոնի անվանումը: Իսկ Սերժ Սարգսյանը, որ մինչ այդ որպես նախագահ ղեկավարում էր արտաքին գործերը, ուժային կառույցներն ու Անվտանգության խորհուրդը, ապրիլի 17-ից հետո այդ ամենը ղեկավարելու է արդեն որպես վարչապետ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի լիազորությունները նույնպես մնալու են նույնը, փոխվելու է միայն պաշտոնի անվանումը: Անգամ պաշտոնյաների նստավայրերն են նույնը մնալու:

Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները 2-3 տարի շարունակ աշխարհով մեկ թմբկահարում էին ինչ-որ չտեսնված-չլսված փոփոխությունների մասին, հսկայական գումարներ ծախսեցին, Սահմանադրություն փոխեցին, հանրաքվե կազմակերպեցին, որպեսզի արդյունքում ընդամենը նախագահականի ու կառավարության շենքերի ցուցանակները փոխեն: Եվ իհարկե՝ աշխատասենյակների դռների ցուցանակները: Ընդ որում՝ հիմա արդեն իշխանությունների ներկայացուցիչներից շատերրը չեն էլ թաքցնում, որ այդ ամենը նախօրոք էր պլանավորված:

Փաստորեն՝ երկրում, որտեղ մարդկանց առնվազն 90 տոկոսը ձգտում է փոփոխությունների, ընդ որում՝ արմատական փոփոխությունների, երկրում, որտեղ անգամ իշխանություններն են խոսում արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանը կարողացավ բազմաքայլ կոմբինացիայի արդյունքում հասնել նրան, որ ոչինչ չփոխվի, և ամեն տեղ ինքը լինի:

Իսկ գուցե իշխանություններն իսկապե՞ս կտրված են ժողովրդից ու նրանց թվում է, թե ժողովուրդը գոհ է իրենց գործունեությունից: Ոչ իհարկե: Նրանք, ովքեր գոնե ժամանակ առ ժամանակ շփվում են շարքային քաղաքացիների հետ, շատ լավ գիտեն, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը պարզապես երազում է փոփոխությունների մասին: Ընդ որում, հենց այդ բառն էլ օգտագործում են՝ «երազանք»: Բայց՝ նաև վստահ են, որ ժողովուրդն իր երազանքների ետևից գնալու ուժ չի ունենա:

Այ հենց դա է իշխանությունների ինքնավստահության հիմնական աղբյուրը: Իշխանությունները համարում են, որ ժողովրդի դիմադրողականությունը վերջնականապես ոչնչացված է, ու իրենք արդեն ինչ ուզեն՝ կանեն: Իսկ դա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև ցանկացած իշխանություն, որպես կանոն, քաղաքացիների առջև հաշվետու լինում է, իսկ հպատակներ առջև հաշվետու չի լինում: Դրա համար էլ Հայաստանի կարգի երկրներում իշխանությունները ցանկանում են ոչ թե քաղաքացիներ ունենալ, այլ հպատակներ: Ու եթե ստացվում է՝ համարում են, որ հաղթել են: Սեփական ժողովրդին:

Ամբողջական՝ տեսանյութում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս