loader

«Ազատ խոսք». Ձեռքերը տաքացնողների ժամանակը

«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք համաժողովրդական հեղափոխության երրորդ փուլի մեկնարկի մասին:

Այո, այսօրվանից Հայաստանն ունի նոր վարչապետ, շուտով կունենա նաև նոր կառավարություն, և կարելի է ասել, որ հեղափոխության երրորդ փուլը սկսված է: Առաջինը հեղափոխության փողոցային փուլի հաղթանակն էր, որն ավարտվեց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականով: Երկրորդ փուլը հեղափոխության հաղթանակի դե յուրե արձանագրումն էր, որը ավարտվեց այսօր՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ: Հիմա սկսվում է երրորդ և թերևս ամենակարևոր փուլը, որի ընթացքում պիտի հեղափոխության հռչակած նպատակները կյանքի կոչվեն:

Հայտնի ճշմարտություն է, որ բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում, հատկապես լարված իրավիճակներում միշտ լինում են մարդիկ, ովքեր պատրաստ են խարույկ բարձրանալ, լինում են մարդիկ, ովքեր փայտեր են նետում այդ խարույկի մեջ, և լինում են մարդիկ, ովքեր ձեռքերն են տաքացնում այդ խարույկի վրա: Մի ամիս առաջ, երբ սկսվեց այս շարժումը, մենք տեսանք մարդկանց, ովքեր պատրաստ են խարույկ բարձրանալ: Խոսքը միայն շարժման ղեկավարների մասին չէ, խոսքը նաև այն հարյուրավոր երիտասարդների մասին է, ովքեր ամեն օր բերման էին ենթարկվում, ու հայտնի չէր՝ մի քանի ժամ անց ազա՞տ կարձակվեն, թե՞ շարժումը կպարտվի, ու իրենք կմնան ճաղերի ետևում: Այս մի ամսվա ընթացքում տեսանք նաև խարույկի մեջ փայտեր նետողներին: Ցուցարարների վրա հարձակվող բանդաներ, շարժման ղեկավարների հասցեին ինչ ասես ասող պատգամավորներ, արտաքին վտանգով վախեցողներ և դրանով իսկ շարժման ողնաշարը ջարդել ցանկացողներ, և այլն: Հիմա սկսվել է երրորդ փուլը, և սրանից հետո ավելի շատ տեսնելու ենք խարույկի վրա սուսուփուս ձեռքերը տաքացնողների: Նախանշաններն արդեն երևում են:

ԱԺ այսօրվա նիստի մթնոլորտը տոնական չէր: Լարված, մռայլ, ծանր մթնոլորտ էր: Պատգամավորներից մեկն էլ ասաց, որ միայն ԱԺ դահլիճում է այդպիսի մթնոլորտ, դրսում տոնախմբություն է: Այո, երիտասարդությունը տոնում է իր հաղթանակը, բայց մարդկանց դեմքերին այնուամենայնիվ մտահոգություն կա: Կկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչել հեղափոխության հռչակած նպատակները:

Միայնակ, իհարկե, չի կարողանա: Հեղափոխությունը նույնպես չէր նա չէր կարողանա միայնակ իրականացնել: Ինչպե՞ս է նա կազմակերպել այս հեղափոխությունը. հասարակությանը օգնել է ինքնակազմակերպվել: Ու, որքան էլ տարօրինակ հնչի, բայց այս փուլում նույնպես կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարելի է հաջողության հասնել հասարակության ինքնակազմակերպման միջոցով: Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերային տնտեսության դեմ պայքար, ընտրակեղծիքների դեմ պայքար և այլն: Հասարակությունը պիտի մնա Նիկոլ Փաշինյանի հիմնական դաշնակիցը:

Որովհետև եթե հասարակությունը համարի, որ իր գործն ավարտվել է, և գնա տուն ու սպասի դրական արդյունքների, Նիկոլ Փաշինյանը ստիպված պիտի լինի իր համար դաշնակիցներ փնտրել նրանց մեջ, ովքեր խարույկի վրա ձեռքերը տաքացնելու հարմար պահի են սպասում: Աստված մեզ պահապան:

Ամբողջական՝ տեսանյութում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս