loader

«Ազատ խոսք». Քաղհալածյալ հանրապետականները

Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք կեղծ և իրական քաղբանտարկյալների մասին: Հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո կարծես թե բոլորը համակարծիք են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: «Սասնա ծռերի» գործով անցնողների խափանման միջոցը հերթով փոխվում է, Ժիրայր Սեֆիլյանն ու Սամվել Բաբայանն արդեն ազատության մեջ են, և դա ինչ-որ տեղ հասկանալի է:

Մեկուսարանները պետք է ազատել, որովհետև եթե ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը շարունակեն նույն տեմպերով աշխատել, շատ շուտով բանտերում ազատ տեղ չի լինի: ԱԱԾ-ն, ինչպես հայտնի է, ստուգումներ է անցկացրել «Երևան» հիմնադրամում և երկու հոգու ձերբակալել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, թե այդ գործողությունները, առնվազն ձևի առումով, անհամաչափ են, այդտեղ հնարավոր են քաղաքական շարժառիթներ, և ընդհանրապես՝ սա 37 թիվը չէ:

Մի խոսքով՝ ձերբակալվածներին համարյա քաղբանտարկյալներ է անվանել: Եվ ինչ-որ իմաստով նա իրավացի է: Այդ մարդիկ անազատության մեջ են հայտնվել քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով, եթե քաղաքական հայտնի գործընթացները չլինեին, նրանք կշարունակեին իրենց գործը և չէին բանտարկվի, այսինքն՝ ինչ-որ իմաստով քաղբանտարկյալներ են: Սա, ի դեպ, վերաբերում է նաև մյուսներին, բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ հանգիստ թռցնում էին բյուջեի միջոցները, գողանում էին զինվորների հասանելիք սնունդը կամ մանկապարտեզների երեխաների բաժին կակաոն, ու հիմա հանկարծ հայտնվել են մեղադրյալի աթոռին: Բայց ՀՀԿ-ի մտահոգությունը հաստատ դա չէ: Նրանց այդ մարդկանց ճակատագիրը հազիվ թե շատ հուզի: Ուրեմն ինչո՞ւ են քաղաքական շարժառիթներ տեսնում սովորական գողությունների բացահայտումներում, և ինչո՞ւ են խուճապի մեջ ընկել:

Բանն այն է, որ հասարակության մեջ կամաց-կամաց դժգոհություն է հասունանում, թե ինչո՞ւ են իրավապահները միայն «մանր ձկներին» բռնում, իսկ «խոշորներն» այդ ընթացքում հանգիստ զվարճանում են տարբեր էլիտար հարսանիքներում: Բայց նոր իշխանություններն էլ չեն կարող հենց այնպես, «օդում կախված խոսակցությունների» հիման վրա քրեական գործեր հարուցել «խոշորների» դեմ: Այդ գործերի համար իրավական հիմքեր են պետք: Օրինակ՝ պետք է փաստերով ապացուցվի, որ «Երևան» հիմնադրամից գողացված գումարների մի մասը հասել է քաղաքապետին, նա իր հերթին դրա մի մասը տվել է նախագահին, կամ բանակից գողացված միջոցները հասել են մինչև իշխանությունների ամենավերջին օղակները, և այլն: Իսկ դրան հասնելու միայն մի ձև կա, պետք է սկսել ներքևներից և կծիկը քանդելով՝ կամաց-կամաց հասնել մինչև ամենավերջին օղակները:

ՀՀԿ-ում կարծես թե հասկացել են, որ նոր իշխանությունները հենց դրանով էլ զբաղված են, և որոշել են նախապես աղմուկ բարձրացնել: Ու ներկայանալ որպես քաղհալածյալներ: Որպեսզի եթե վաղը-մյուս օրը հանկարծ պարզվի, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ամեն մեկը մի քանի հարյուր միլիոն դոլար ունի օֆշորային գոտիներում, իրենք ասեն, որ այդ թվերը հրապարակվել են բացառապես քաղաքական շարժառիթներով: Այսինքն՝ իրենք քաղհալածյալներ են, իսկ ՀՀ Սահմանադրությամբ քաղաքական հալածանքներն արգելված են:

Ասելը՝ կասեն, միայն թե արդյո՞ք հավատացողներ կլինեն:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս